«Կոռուպցիայի դեմ պայքարն տապալված գործընթաց է, այս իշխանությունը պահը բաց է թողել և հայտնվել կոտրած տաշտակի առաջ». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների հետ։ Օրենքն ուժի մեջ է մտել 2020-ի սեպտեմբերին, և դեկտեմբերի վերջին արդեն նշվում է ուսումնասիրվող 200 նյութի մասին։ Փոփոխությունների ակնկալիք ունե՞ք։ Ի՞նչ արդյունք է արձանագրվել այս ամիսներին։

– Արդյունքը հանրության աչքի առաջ է, դեռևս որևէ շոշափելի արդյունք չկա։ Եվ մարմինը, որը կոչված է ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման և դրա՝ օրենքով սահմանված կարգով մնացած բոլոր ընթացակարգերով գործունեություն ապահովելու առումով, դեռևս չի ներկայացրել հանրությանը որևէ շոշափելի արդյունք կատարված աշխատանքների վերջնական արդյունքի մասին։ Հետևաբար, կարծում եմ, որ այդ քայլերը դեռևս գտնվում են խոսակցության մակարդակում։ Կապրենք, կտեսնենք։ Բազմիցս առիթ եմ ունեցել արձանագրելու, որ այդ ոլորտում մենք դոփում ենք նույն տեղում։

Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ չեն արվում։ Օրենքը կյանքի է կոչվել, բայց արդյունք չենք տեսնում։ Ինչո՞ւ։

– Ընդհանրապես, պետական կառավարման համակարգում աշխատանքի արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից ոչ միայն այդ համակարգը, այլև ամբողջ համակարգը գտնվում է բացասական նվազ և անարդյունավետ աստիճանում, և սա էլ բացառություն չէ։ 

Նախ՝ օրենքի ընդունման ձգձգումը, դրանից հետո այդ մարմնի ուշ ձևավորվելը, բացի այդ, բազմաթիվ նորմատիվ-իրավական ակտեր կան կազմավորումն ապահովելու համար, և, վերջապես, ամբողջ խնդիրը, ուսումնասիրման գործընթացն է տևական կամ դժվար լինելու։ 

Ակնհայտ է, որ արդյունքի բացակայությունը խոսում է աշխատանքներում առաջացած խորքային խնդիրների մասին։ Բայց ավելի ազնիվ կլինի, որ իրենք ներկայացնեն, թե ի՛նչն է պատճառը, որ արդյունքն այսպիսին է։ 

Այս երեք տարիները կարո՞ղ ենք ուշացած համարել այս փոփոխությունների իրականացման համար։ Արդյոք աղմկահարույց գործերի բացահայտումներ այս օրենքի շրջանակում պե՞տք է տեսնենք, հատկապես նախկին պաշտոնյաների՝ ապօրինի գույք ձեռք բերելու հետ կապված բազմաթիվ հայտարարություններ էին հնչում։

– Ոչ միայն ուշացած, այլև կորսված տարիներ են սրանք։ Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարն այս իշխանության օրոք տապալված գործընթաց է։ Ցավով եմ արձանագրում, որ այն լեգիտիմ հնարավորությունը, որ ուներ գործող իշխանությունը, պահը բաց է թողել և այսօր հայտնվել է կոտրած տաշտակի առաջ։ 

Ցանկացած այդպիսի համարձակ քայլ դիտարկվելու է որպես քաղաքական ճնշում նախորդ իշխանությունների նկատմամբ, այն դեպքում, երբ կար լիարժեք հնարավորություն շատ արագ կոռուպցիոն բնույթի գործերով շոշափելի արդյունք գրանցելու։ 

Հետևաբար, այս իշխանությունը պետք է հավելյալ տքնաջան ջանքեր գործադրի՝ ցույց տալու, որ որևէ քաղաքական հետապնդման մասին չի կարող խոսք լինել, ընդամենը գործընթացը գտնվում է իրավական հարթության համատեքստում։ 

Եվ եթե մենք այս տարիների ընթացքում գոնե երկու ավարտուն գործ ունենայինք որպես օրինակ, հանրությանը կարելի էր հրամցնել, որ սա տևական, բարդ և ծավալուն աշխատանք է, որը ենթադրում է մասնագիտական բարձր կարողություններ և բազմաթիվ այլ գործընթացներ, փորձաքննություններ, ուսումնասիրություններ, եզրակացություններ, որոնց համար ժամանակ է պետք։ 

Բայց քայլերը և ցույց տված արդյունքն այն աստիճան ցցուն և անգրագետ են, երբեմն՝ տգետ, երբեմն՝ բացահայտ հովանավորչությամբ, որ այլ կարծիք չի մնում արձանագրելու, որ այս ամենը թոզ փչելու միջոց է։

– Այսինքն՝ անկախ նրանից, թե այդ կառույցը ով կղեկավարի, ակնկալիք չկա՞ այդ կառույցից։

– Այո՛, ես հույս չունեմ, որովհետև կարծում եմ, որ եթե արդյունք եղած լիներ, արդեն պետք է լիներ։ Նախ՝ այս գործերով քրեական վարույթի շրջանակներում վաղեմության ժամկետներ գոյություն ունեն, մենք շատ դեպքերում բաց ենք թողել նաև այդ հանգամանքը։ 

Եվ երկրորդ՝ այս երկուսուկես տարվա ընթացքում հարյուրավոր կոռուպցիոներներ կարողացան լեգալացնել իրենց գումարները, երկրից դուրս հանել, տարբեր ձևերով խուսափել քրեական պատասխանատվությունից։ Իսկ հիմա զատիկից հետո կարմիր ձու ներկելն ում է պետք։ Պահը բաց է թողնվել, և, անկեղծ ասած, օրեցօր դժվարանում է պետությունից և ժողովրդից թալանած միջոցները վերադարձնելը։

Մանե Հարությունյան

MediaLab.am