«Իշխանությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման անկարողությունը հիմա փորձում է բարդել որևէ մեկի գլխին, ինչն արդար չէ». Թագուհի Թովմասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Բարձրագույն դատական խորհրդի նախագահին մեղադրեցին քաղաքական հայտարարություններ անելու ու դատավորների վրա ազդեցություն գործելու համար։

Հեղափոխությունից անցել է երեք տարի, դատական համակարգում էական բարեփոխումներ եղան։ Այս ֆոնին իշխանության մեղադրանքները ինչպե՞ս եք գնահատում։

– Այսօր իշխանության ներկայացուցիչներին ուղղված քննադատությունը մեծապես այն փաստին է առնչվում, որ խոստացել են բաներ, որոնք չեն իրականացրել՝ սկսած դատաիրավական բարեփոխումներից, վերջացրած մի շարք այլ բնույթի փոփոխություններով, որոնք չեն արվել։

Ինչ վերաբերում է կոնկրետ դատական բարեփոխումներին, հազար ու մի բան խոսվեց, տարբերակներ առաջարկվեցին, բայց մինչև հիմա սայլը տեղից չի շարժվել։

Եվ այսօր ինձ մոտ տպավորություն էր, որ հանրապետությունում դատական իշխանության, արդարադատության համակարգի բոլորը մեղքերը բարդվեցին Ռուբեն Վարդազարյանի վրա։

Ես, ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ռուբեն Վարդազարյանը իշխանությունների սիրելի թեկնածուն է՝ որպես ԲԴԽ նախագահ։ Եվ ինձ համար անվազն տարօրինակ է, որ Գագիկ Հարությունյանի հեռանալուց հետո Ռուբեն Վարդազարյանն իշխանությունների ձեռամբ ընտրվեց, հռչակվեց ԲԴԽ նախագահ։

Հիմա ի՞նչ է փոխվել, որ իրենք այսպես քարկոծում են ԲԴԽ նախագահին։

Ինձ համար առնվազն տարօրինակ է այս վարքագիծը։ Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ռուբեն Վարդազարյանի արած կոնկրետ մի հայտարարությունը, որում օգտագործվում է «վնգստացող դատավորներ» տերմինը, որը շատ զայրացրել է իշխանավորներին, այդքան շրջանառվում ու համարվում քաղաքական։

Այսինքն՝ ստացվում է, որ երբ վարչապետը հայտարարում է «վնգստացող դատավորներ», այդտեղ վիրավորանք չկա, որակում չկա, բայց երբ «վնգստացող դատավորներ» տերմինն օգտագործվում է որևէ այլ մեկի կողմից, այդ թվում՝ պետական պաշտոնյայի, ասում են՝ քաղաքական հայտարարություն ես արել, դու հանցագործ ես, պիտի հեռանաս։

Այդպես երկակի ստանդարտներով առաջնորդվելով՝ ես չգիտեմ, թե ուր ենք գնալու։

Այնուամենայնիվ, ինձ համար շատ տհաճ է, որ մեր երկրում այս ճգնաժամային ու ծանր իրավիճակում, ես նույնիսկ հումոր էի անում, ասում էի՝ մենք այստեղ «թիթեռ ենք նկարում», զբաղված ենք ինչ-որ անձի դատափետելով։

Ընդ որում, մեր բերած փաստարկները՝ որպես խորհրդարանականի, շատ թույլ են, խոցելի ու ոչ պրոֆեսիոնալ։

Այսինքն՝ իշխանությունները բարեփոխումներ անելու շանսը բա՞ց են թողել այդ համակարգում։ Կարելի՞ էր այդ բարեփոխումներն անել ու այսօր ոչ մեկին չմեղադրել։

– Այո՛, կարելի էր և անհրաժեշտ էր։ Բա հեղափոխություն էինք արել, իշխանությունը փոխել էինք, ուրախացել էինք, հաղթանակած էինք մեզ համարում, որ վերջապես եկել է այնպիսի իշխանություն, որի ձեռքերն ազատ են։

Եվ իշխանությունը իրապես կարող էր բարեփոխումներ իրականացնել, բայց ստացվեց այնպես, որ բարեփոխումների իրականացման անկարողությունը հիմա փորձում են բարդել որևէ մեկի գլխին, ինչն ամենևին արդար չէ։

Պետք է սկսել սեփական սխալներից։ Ես հիշեցնեմ, որ այդ բարեփոխումների անվան տակ Սահմանադրական դատարանում էլ փոփոխություններ իրականացվեցին, և դարի հարց դարձած Հրայր Թովմասյանը պաշտոնանկ եղավ, ՍԴ նախագահ չէ այլևս։

Եվ ի՞նչ, Սահմանադրական դատարանն ինչպե՞ս է աշխատում, իրենք գո՞հ են այդ աշխատանքից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ կողմից ՍԴ ուղարկված դիմումը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող, Սահմանադրական դատարանը հետ ուղարկեց խորհրդարան։ Այստեղ ո՞վ էր մեղավոր։

– Դուք ԱԺ նիստում ասացիք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը հանդիպումներ է ունենում քաղաքական պաշտոնյաների հետ։ Սա արդյոք հի՞մք է տալիս ասելու, որ իշխանության կողմից հնարավոր միջամտություններ կարող են լինել համակարգի նկատմամբ։

Ես ակնհայտորեն նկատում եմ, որ թեև իշխանությունը մեղադրում է բոլորին՝ դատարանների վրա ճնշում գործադրելու հարցով, բայց ինքն անթաքույց ցանկություն ունի դատարանների վրա ճնշում գործադրելու և անթաքույց քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ։

Եվ այն ահազանգը, որն ինձ հնչեցրել են Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորներ ու աշխատակազմը, հենց այդ մասին է խոսում։ Քաղաքական պաշտոնյան՝ նախարարներից մեկը, մի քանի ժամով փակվում է Վճռաբեկ դատարանի նախագահի սենյակում, այն մարդու, որը մեր երկրում արդարադատություն է իրականացնում, և հենց նրա ուսերին է դրված արդար դատաքննություն ապահովելու գործը, հիմա նա ինչպե՞ս պետք է քաղաքականապես անկաշկանդ լինի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am