«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի շնորհանդեսը

«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի շնորհանդեսը
«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի շնորհանդեսը

Նոյեմբերի 12-ին Ժուռնալիստների միության ցուցասրահում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու  «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր»գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:  Ֆոտոցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 70-ից ավել լուսանկար, բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը:

«Այսօր մեզ մոտ բացվում է մի ֆոտոցուցահանդես, որը եզակի է իր ցուցադրությամբ, քանի որ այն ամբողջովին նվիրված է մեկ իրադարձության: Ֆոտոլուրը, ինչպես և տասնյակ այլ լրատվամիջոցներ, երկու շաբաթ շարունակ գիշեր-ցերեկ լուսաբանել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը և զարգացումները, ինչի արդյունքում ստեղծվեցին հարյուրավոր լուսանկարներ, որոնց ընտրանին այսօր ներկայացնում ենք ձեզ: Խորհրդանշական անուններ ստացած այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք են «Առավոտները Բաղրամյանում խաղաղ էին», «Պոմպեյի վերջին օրը», «Սոդոմ Գոմոր»  և այլն, կարող են զարդարել յուրաքանչուր ցուցահանդես և արդեն արժանացել են բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին: Իսկ Վահրամ Բաղդասարյանի լուսանկարը, դառնալով ամբողջ շարժման խորհրդանիշ, արժանացավ մի շարք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների բարձր գնահատականին»,-ասաց «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը և հավելեց, որ «Ֆոտոլուրը» միշտ ցանկացել է հանրային ցուցադրության ներկայացնել այդ աշխատանքները:

Միջոցառմանը հրավիրած էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ,  հասարակական, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ և ԶԼՄ-ներ:

Միջոցառման շրջանակներում առաջին անգամ ցուցադրվեց նաև «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը:

Շուրջ 30 րոպե տևողությամբ ֆիլմն անդրադարձ է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին ծավալված դեպքերին:

«Հունիսի 23-ին մասնավորապես խոչընդոտվեց մի շարք լրագրողների մասնագիտական գործունեությունը: Աշխատանքային պարտականությունները կատարելիս մոտ 13 լրագրող բերման  ենթարկվեց: Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակված տվյալների, 24 լրագրող է տուժել, ինչը  աննախադեպ է վերջին տարիների համար եւ մտահոգիչ: Իհարկե հունիսի 23-ից հետո մենք ականատես եղանք իրավապահ մարմինների գործողությունների այլ դրսեւորումների, ինչը հուսամ կպահպանվի հետագայում էլ»,-ասաց «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ղեկավար Սեդա Մուրադյանը: 

Ֆիլմում ընգրկվել են 20-ից ավելի հարցազրույցներ Ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և դեպքի վայրում աշխատած լրագրողների հետ:

«…Լրագրողները պետք է իրենց մասնագիտական պարտքը կատարեն ու այդ ընթացքում իրենց անվտանգության խնդիրը ապահովելը հենց նույն ոստիկանությանն է… »,-ասում է ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը՝ ֆիլմում տված հարցազրույցի ժամանակ:

Հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել 246 անձ: Իրենց հարցազրույցներում իրավապաշտպանները մատնանշում են մարդու իրավունքների այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել հունիսի 23-ին, հնչեցնում գնահատականներ ու կանխատեսումներ:

«Եթե հունիսի 23-ի գործողությունները գնահատելու լինենք իրավապաշտպան գործունեության տեսանկյունից, կամ որպես հետ քայլ իրավական համակարգում մարդու իրավունքների տեսանկյունից, ընդհանուր առմամբ մտահոգիչ է, բայց այդ ամենի համար մենք պետք է ունենայինք ոստիկանության նմանատիպ գործելաոճ նաև հետագայում: Մինչդեռ հունիսի 23-ին հաջորդած օրերին մենք տեսանք, նկատեցինք ու տեղում արձանագրեցինք Ոստիկանության գործողության և գործելաոճի փոփոխություն դեպի դրականը»,-ասում է ՄԻՊ տեղակալը:

«Ես կարծում եմ, որ այդ ամբողջ ակցիաները դրական իմաստով ազդեցին Հայաստանի իմիջի վրա, որովհետև Հայաստանը դարձավ բավականին հետաքրքիր միջազգային հանրության համար: Եվ երբ հետևում էինք միջազգային լրատվամիջոցներին, բավականին հարգանքով էին վերաբերվում, որովհետև մեծ մասամբ երկրները և ժողովուրդները հարգանքով են վերաբերվում այն ժողովուրդներին, որոնք դեռևս ուժ ունեն պայքարելու»,- ֆիլմում տված հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հնչեցնում  Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նշենք նաև, որ ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր էր դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: