Երեւանի հուշարձանների ոչնչացումը Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Երեւանի հուշարձանների ոչնչացումը Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
Երեւանի հուշարձանների ոչնչացումը Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել և հատկապես մեծ չափով տեղ է գտել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և նրա անմիջական մասնակցությամբ:

Երևան քաղաքի գործադիր կոմիտեի դեռևս 1991 թ. ապրիլի 12-ի՝ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծ»- թիվ 6/18 որոշմամբ հաստատված էր Երևան քաղաքի պատմության և մշակութային հուշարձանների ցանկը: Սակայն խախտելով ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման պահանջները, Երևանի քաղաքապետարանի կողմից 12.04.1991թ. թիվ 6/18 որոշումը, սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար,  ինչի հետևանքով ուժը կորցրել է: Սակայն Երևանի քաղաքապետարանը չի բավարարվել դրանով և, ենթադրաբար նաև Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ, նախապատրաստել և 2000 թ. օգոստոսի 30-ին ընդունել է հատուկ որոշում՝ թիվ 1137՝ Երևան քաղաքի գործադիր կոմիտեի թիվ 6/18 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Արդյունքում, Երևան քաղաքը «դադարել է ունենալ» պահպանության ենթակա պատմության և մշակութային հուշարձաններ: Եղած հուշարձանները, փաստորեն, դուրս են մնացել ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության իրավասությունների դաշտից և Երևանի կենտրոնի հողամասերի ձեռքբերողներին 4 տարի շարունակ հնարավորություն է ընձեռվել անարգել քանդել կամ վնասել այդ տարածքներում գտնվող հուշարձան շենքերը: Քանդվել է առնվազն 25 հուշարձան-շենք, որոնք հետագայում հասկանալիորեն այլևս չեն ներառվել ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» թիվ 1616-Ն որոշմամբ հաստատված ցանկում: Այս որոշման համաձայն՝ տասնչորս հուշարձան էլ համարվել է տեղափոխման ենթակա՝ նպատակ ունենալով չխոչընդոտել Երևանի կենտրոնում իրականացվող շինարարությանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005 թ. հայտնաբերել է հուշարձանների ոչնչացման փաստը (տես` http://genproc.am/am/46/item/581/ ; http://genproc.am/am/47/item/593/ և http://genproc.am/am/47/item/705/), դա պայմանավորելով նաև հուշարձանների պահպանությունն ապահովող իրավական ակտերի բացակայությամբ, մասնավորապես Երևան քաղաքի գործադիր կոմիտեի վերոնշյալ որոշման վերացման հետ: Այդուհանդերձ, մինչ օրս որևէ մեկը հուշարձանների փաստացի ոչնչացման ու այդ հանցագործության նախապատրաստման կամ օժանդակման համար չի ենթարկել քրեական պատասխանատվության: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հասարակական կազմակերպության կողմից 2009թ.-ից ի վեր իրավապահ մարմիններին ներկայացվող հաղորդումները չեն արժանացել պատշաճ քննության:

1999թ.-ից մինչև 2004թ. աշխատելով Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում՝ Ն.Սարգսյանը հեղինակել է Երևանի պատմամշակութային հուշարձաններով զբաղեցված կենտրոնական հատվածը բարձրահարկերով կառուցապատելու ծրագրերը: Նա ներգրավված է եղել ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի՝ «Երևան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին»  և դրան հաջորդող ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախապատրաստական գործընթացներում: ՀՀ կառավարության այդ որոշումներով Երևանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով` քաղաքապետարանի ձեռքը տալով կոռուպցիոն լծակ` պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավոր անօրինական մուծումների և գործընթացների վերաբերյալ: Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և ՀՀ կառավարության որոշումներով իրեն ընձեռված հնարավորությունները՝ Ն.Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գործարքի մեջ է մտել մի խումբ ձեռքբերողների հետ, և Երևանի գլխավոր ճարտարապետի իր պաշտոնավարումը դադարեցնելուց հետո, 2004թ.-ից ներգրավվել նրանց կողմից իրականացվող շինարարության բազմաթիվ նախագծային աշխատանքներում՝ ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ միջոցով:

Երևանի կենտրոնի կառուցապատման գործընթացների անօրինականության և կոռումպացվածության վերաբերյալ բազմաթիվ վկայությունները և  Ն.Սարգսյանի կողմից հատկապես Երևանի կենտրոնում նախագծված շենքերի մեծ քանակը (տես՝ http://www.nareksargsyan.am) ծնում են ողջամիտ կասկածներ նրա կողմից իր պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: Մտահոգությունների տեղիք է տալիս նաև 2008-2011թթ. ՀՀ գլխավոր ճարտարապետի և ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում գտնվելու ընթացքում Ն.Սարգսյանի նրա կողմից իրականացված խոշոր նախագծերը, այն դեպքում, երբ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր ճարտարապետներ և նախագծող կազմակերպություններ: Ինչպես բացահայտվել է վերջերս, Ն.Սարգսյանը ներկայումս ներգրավված է Երևանի Աբովյան փողոցի 3 հասցեում 10 հարկանի հյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներում՝ տվյալ կառուցապատմամբ վտանգի տակ դնելով պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի և հարևան շենքերը:

Ն.Սարգսյանի մասնակցությունը Երևանի կենտրոնի պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացման և/կամ նախապատրաստման աշխատանքներին և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան մարմինների կողմից՝ քննությանը ներգրավելով նաև այլ պատասխանատու պաշտոնյաների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը համապատասխան տարիներին զբաղեցնող անձանց՝ Ալբերտ Բազեյանին, Ռոբերտ Նազարյանին և Երվանդ Զախարյանին: Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն պատշաճ քննություն և կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ, 308-րդ և 375-րդ հոդվածների համաձայն պատասխանատվության ենթարկելու Երևան քաղաքի պատմամշակութային մի ամբողջ շերտի ոչնչացման համար պատասխանատու պաշտոնյաներին: