«Իշխանությունը պատրաստ է Ղարաբաղում տարածք զիջել, բայց Հայաստանում ամենափոքր գյուղն էլ զիջել չի պատրաստվում». Արմեն Բադալյան

«Իշխանությունը պատրաստ է Ղարաբաղում տարածք զիջել, բայց Հայաստանում ամենափոքր գյուղն էլ զիջել չի պատրաստվում». Արմեն Բադալյան
«Իշխանությունը պատրաստ է Ղարաբաղում տարածք զիջել, բայց Հայաստանում ամենափոքր գյուղն էլ զիջել չի պատրաստվում». Արմեն Բադալյան

Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, ընտրական տեխնոլոգիաների եւ այլ հարցերով «Մեդիալաբը» զրուցել է ընտրական և քաղաքական տեխնոլագիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան, ՏԻՄ ընտրություններում դարձյալ հաղթեցին իշխանության թեկնածուները, հատկապես Հրազդանի քաղաքապետի ընտրությունները շատ աղմկոտ անցան: Ինչի՞ ականտես եղանք:

-Տեսանք, որ Հայաստանում ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրություններն անցնում են այնպես, ինչպես անցնում են ավանդաբար վերջին 20 տարվա ընթացում: Այսինքն, դրանք ոչ թե ընտրություններ են, այլ ընտրական միջոցառում, որի ժամանակ կիրառվում են ընտրակեղծիքների բոլոր միջոցները, հիմնականում՝ վարչաֆինանսական:

Երկրորդ, տեսանք, որ չնայած նշվում էր, որ քառօրյա պետերազմը կարող էր ազդել իշխանությունների մտածելակերպի վրա, մենք տեսանք, որ իշխանությունների մտածելակերպի վրա դա ոչ մի կերպ էլ չի ազդել: Իշխանություներն առաջնորդվեցին այն մտածելակերպով, որը կար նախքան ապրիլյան պատերազմը:

Երրորդ, չնայած, որ լրատվական դաշտում ինչ-որ ֆանտաստիկ մտքեր էին գրվում, տեսակետներ կային, թե հասարակությունը փոխվել է, վերածնունդ է, սա ուրիշ հասարակություն է, իրականում մենք տեսանք, որ հասարակությունը նույնն է, ինչ նախքան պատերազմն էր, այսինքն՝ գումարը ստացավ, գնաց քվեարկեց նրա օգտին, ով փող էր բաժանել: Եվ այս վերածնունդը, գիտակցության փոփոխությունը, չգիտեմ ինչ, դրանք ընդամենը հեքիաթներ են:

Մենք նաև տեսանք, որ ՏԻՄ ընտրություններում չաշխատեց ընտրական այն մեթոդը, որ եթե 6000 վստահված անձ լինի, ապա ընտրությունները չեն կեղծվի: Լավ էլ կեղծվեց ընտրությունը՝ անկախ այդ 6000 մարդ բերելուց, քանի որ եթե ընդդիմությունը կարող է 6000 մարդ բերել, իշխանությունը դրա դեմ դուրս կբերի 60 հազար մարդ կամ կրկնակի ու եռակի ավելի:

Մենք տեսանք, որ տեղի ունեցավ հիմնականում այն, ինչ կար սահմանադրական հանրաքվեի ժամանակ՝ հասարակությունն ունի այնքան ուժ, որ իշխանություններին ասի՝ ոչ, սակայն չունի այնքան ուժ, որպեսզի այդ դե ֆակտո «ոչ»-ը դարձնի դե յուրե «ոչ»:

Եվ սրանից պարզ տեսնում ենք, որ հասարակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է, չկա որևէ նախադրյալ, որ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում հասարակությունն ավելի ուժեղ կլինի և իր դե ֆակտո «ոչ»-ը կդարձնի դե յուրե «ոչ»: Հակառակը, մենք տեսնում ենք, որ հասարակությունը գնալով թուլանում է:

Մենք տեսանք և կրկին եկանք այն եզրակացության, որ եթե ընդդիմադիր այս կամ այն ուժը ցանկանում է գալ իշխանության, ապա միայն հասարակության ուժով նա ոչ մի արդյունքի չի կարող հասնել: Հասարակության հետ պետք է աշխատել, բայց եթե դու դե ֆակտո «ոչ»-ը ցանկանում ես դարձնել դե յուրե «ոչ», ուրեմն պետք է գնաս կամ Մոսկվա, կամ Ամերիկա, որովհետև միայն այդ երկրներն են, որոնք կարող են ազդել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք չկեղծեն ընտրությունները:

-Իսկ եթե նայում ենք հետ, նախընտրական քարոզչության շրջանում ի՞նչ սխալներ գործեց իշխանության դեմ պայքարող հիմնական ուժը:

-Դա ընդհանրապես նշանակություն չունի, որովհետև քարոզարշավն ընտրությունների արդյունքի վրա չի ազդում: Ընտրությունների արդյունքի վրա Հայաստանում ազդում է մեկ բան՝ Ռուսաստանի կամ Միացյալ նահանգների արձագանքը: Մնացածն ընդամենը տեխնիկական և ոչինչ չորոշող հարցեր են:

-Վերջին շրջանում, երբ սահմանային իրավիճակը լարվեց, մենք կարծես ականատես եղանք, որ իշխանություններն, այսպես ասած, սսկվել են, թե՞ դա ուղղակի տակտիկա էր:

-Ոչ մի բան էլ տեղի չունեցավ: Դա լրատվական դաշտում ստեղծված վիրտուալ իրականություն էր, որ իբր թե իշխանությունը սսկվել էր: Իրականում իշխանությունն ամենևին էլ չէր սսկվել: Նա շատ հանգիստ պատրաստվում էր ՏԻՄ ընտրություններին:

Մասնավորապես այս ընտրությունները ցույց տվեցին, որ ոչինչ չէր փոխվել: Պարզապես իշխանությունները պատրաստվում էին հերթական ընտրությունների կեղծմանը, որն իրականացրեցին: Դրա համար ասում եմ՝ լրատվական դաշտում ստեղծված վիրտուալ իրականությունը և Հայաստանում առկա փաստացի իրականությունն իրար հետ կապ չունեն: Լրատվական դաշտն ապրում էր իր իրականությամբ, իսկ հայաստանյան պատկերը լրիվ ուրիշ է:

-Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները պատրաստ չեն զիջելու իրենց իշխանությունը, ամեն գնով ու մեթոդներով պայքարո՞ւմ են իշխանության համար:

Այո, մենք դա արձանագրում ենք, որ իշխանությունն անգամ պատրաստ է Ղարաբաղում մի քանի հարյուր քառակուսի մետր տարածք զիջել, բայց Հայաստանում ամենափոքր գյուղն էլ զիջել չի պատրաստվում:

-Հետևաբար իր ընտրական ու սահմանադրական իրավունքը իրացնելու համար ի՞նչ քայլեր պետք է անի ժողովուրդը:

-Հասարակությունն անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում: Հասարակությունը մեծացրել է Հայաստանից արտագաղթելու իր տեմպերը: Իսկ ընդդիմադիր ուժերը, եթե ցանկանում են գալ իշխանության, պետք է գնան կամ Մոսկվա, կամ Վաշինգտոն: Իրականությունը ցույց տվեց, որ եթե Ռուսաստանը կարողանում է մեկ զանգով ռազմական գործողություն դադարեցնել, դա նշանակում է, որ նաև մեկ զանգով կորոշի, թե հաջորդ պառլամենտում քաղաքական ուժերի դասավորվածությունը:

-Հայաստանում ընտրական մեխանիզմ են փորձում փոխել, նոր օրենսդրություն են դնում շրջանառության մեջ, դա ոչինչ չի՞ փոխի:

-Դա բացարձակ որևէ փոփոխություն չի բերելու, որովհետև խնդիրն ընտրական մեխանիզմը չէ, խնդիրը հասարակության մեջ է: Հասարակությունն ուժ չունի, որպեսզի իշխանությունների ստիպի գնալ ազնիվ ու արդար ընտրությունների: Եթե ազնիվ ու արդար ընտրություն տեղի ունենա, ապա ցանկացած ընտրական օրենսգրքով էլ դա տեղի կունենա: Իսկ եթե ընտրությունները կեղծվելու են, ցանկացած ընտրական օրեսգրքով կկեղծվեն: Օրենսգիրքն այստեղ նշանակություն չունի:

Էմմա Մանուկյան

© Medialab.am