«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են կայանալու: Դուք արդեն որոշե՞լ եք, թե ի՛նչ դիրքորոշում եք որդեգրելու: Նախկինում նշում էիք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Իմ քայլը» չպետք է մասնակցեն ընտրություններին, որ ունենանք օբյեկտիվ արդյունք: Հիմա, երբ այդ ուժերի մի մասը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, դուք ի՞նչ կարծիք ունեք այս ողջ գործընթացի վերաբերյալ:
– Շատ կարևոր են քաղաքական պայմանները արտահերթ ընտրությունների համար: Մենք մեր մասնակցության ձևաչափի շուրջ հիմա քննարկումներ ենք անցկացնում, երևի մի քանի օրվա ընթացքում կորոշենք մասնակցության ձևաչափը ընտրություններում:
– Ավելի հավանական է, որ դաշինքո՞վ մասնակցեք ընտրություններին, թե՞ առանձին:
– Առայժմ չունենք հստակություն այդ հարցում: Գնահատում ենք իրավիճակը, հնարավոր զարգացումները և ըստ այդմ, ամփոփելով այդ ամենը, կկայացնենք համապատասխան որոշում, թե ի՛նչ ռազմավարությամբ ենք գնալու:
– Ձեր անձնական կարծիքն ո՞րն է, պե՞տք է մասնակցել այս ընտրություններին, թե՞ ոչ, եթե հատկապես Ընտրական օրենսգիրքը չհասցնեն փոխել:
– Ես չեմ կարծում, թե Ընտրական օրենսգիրքը փոխելու ցանկություն որևէ մեկն ունի: Ինձ թվում է, որ այդ հարցում մենք ընդունում ենք այն իրողությունը, որն առկա է, այսինքն՝ գործող Ընտրական օրենսգիրքը: Գտնում ենք, որ պետք է մասնակցել ընտրություններին:
– Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս պահին պետք չէ փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որ դա կնշանակի, որ իշխանությունները ջրում են իրենց հետ եղած պայմանավորվածությունները: Ինչո՞ւ հենց ընդդիմությունը չի ուզում, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի:
– Ենթադրում եմ, որ դա կապված է այն սպասումների հետ, որն ամեն կուսակցություն ունի նման իրավիճակում:
Եթե Ընտրական օրենսգիրքը փոխվեր և դրա շուրջ առկա լիներ կոնսենսուս, ընտրությունները կլինեին աշնանը: Առնվազն կես տարի ժամանակ հարկավոր կլիներ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, որ դրանից հետո անցկացնեն ընտրություններ:
Հավանաբար, խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները պետք է անցկացնել որքան շուտ, այդքան լավ սկզբունքով: Իրենք գնում են այդ ճանապարհով՝ չգնալ ընտրական բարեփոխումների, այլ եղած օրենքով անել ընտրություններ հիմա:
Այդ ճանապարհը խնդրահարույց կողմ ունի, դա համաճարակն է, որը Հայաստանում կարծես թե նորից ուզում է նոր ալիք ստանալ: Դա ևս խնդիր է ընտրությունների հետ կապված:
Այսինքն՝ քովիդի տարածման խնդիրը հարց է առաջացնելու, թե արդյոք կարելի՞ է քվեարկություն և նախընտրական արշավներ նման պայմաններում կազմակերպել, թե՞ ոչ:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ շաբաթ օրվանից արդեն նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես մեկնարկել է:
– Ըստ էության՝ այո՛: Ընդ որում, որոշ ուժեր ոչ թե շաբաթ օրվանից, այլ շատ ավելի վաղուցվանից զբաղված են դրանով: Դրանց թվում է նաև «Իմ քայլը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հնարավոր սցենարն այն է, որ ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական, 14 օր հետո օրենքի ուժով կնշանակվեն արտահերթ ընտրություններ, և հունիսի 20-ին կնշանակվի քվեարկության օրը:
Նման սցենարն է բխում հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու տրամաբանությունից: Բնականաբար, մինչ այդ և՛ «Իմ քայլը», և՛ խորհրդարանական մյուս կուսակցությունները կփորձեն իրենց ռեսուրսներն օգտագործել ընտրություններին պատրաստվելու համար:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ապա տեսնում ենք, որ նրանց համար ավելի մեծ հարցեր կան կազմակերպչական, նաև ռեսուրսների հետ կապված: Որոշ կուսակցություններ այդ պատճառով նպատակահարմար չեն գտնում մասնակցել այդ արտահերթ ընտրություններին:
– Ձեր կարծիքով՝ այս ընտրություններից հետո մենք որակապես նոր խորհրդարան չե՞նք ունենալու:
– Նախքան ընտրությունների օրը մենք ունենալու ենք նախընտրական քարոզչություն, որը մեծ մասամբ բաղկացած է լինելու խաբեությունից, և մեր հասարակությունը հայտնվելու է խաբեության մեծ ալիքի ազդեցության տակ, որովհետև իմ նշած ուժերը՝ «Իմ քայլը», ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, բացի խաբեությունից, որևէ այլ բան հանրությանն ասել չեն կարող: Իրենք պետք է ամեն կերպ արդարացնեն իրենց արածները և փորձեն դա ներկայացնել խաբեության ձևով այլ կերպ, քան իրականում կա:
– Հարցումները ցույց են տալիս, որ հանրության 42 տոկոսն անտարբեր է ընտրությունների նկատմամբ: Քաղաքական ուժերը պե՞տք է հենց նրանց ուղղությամբ աշխատեն:
– Ոչ, հարցումները դա չեն ցույց տվել: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից պատվիրված հարցումը, որն իրականացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), Հայաստանում արձանագրել է, որ 42 տոկոսը չի քվեարկի ոչ մի կուսակցության օգտին, որոնք կան առաջարկվող ցուցակում:
Իրենց առաջարկվել էր ընտրել այն կուսակցությունների ցանկից, որոնք խորհրդարանական ուժերն են, նախորդ ընտրություններին մասնակցած կուսակցություններն են, այսօր բողոքի ակցիաներ անցկացնող կուսակցությունները, նախաձեռնությունները, այդ թվում կային Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցություն:
Այդ ցուցակից ոչ մեկին չեն ցանկանում քվեարկել հարցվածների 42 տոկոսը: 31 տոկոսը պատրաստ էր իր ձայնը տալ «Իմ քայլին», մնացած ուժերը 1-3 տոկոս ձայն էին հավաքել: Նման հարցումը վկայում է, որ թվարկած այդ ուժերի նկատմամբ կա բավականին խոր անվստահություն:
Տեսանելի է նաև էական վստահության անկում «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ, որը նախորդ տարի այս ժամանակ ուներ հարցվածների մոտ 60 տոկոսի աջակցությունը: Ընդ որում, երևում է, որ այդ 32 տոկոսի զգալի մասը պետական համակարգում աշխատողներն են, որոնք, հավանաբար, նման հարցին հենց այդպես էլ պետք է պատասխանեն՝ ելնելով իշխանության նկատմամբ իրենց լոյալ լինելու սկզբունքից:
Մանե Հարությունյան
MediaLab.am