Խաղաղության աղոթք եւ բռնությունները՝ Հռոմի Պապի այցին զուգահեռ․ Իրավապաշտպանները՝ տեղի ունեցածի մասին

Խաղաղության աղոթք եւ բռնությունները՝ Հռոմի Պապի այցին զուգահեռ․ Իրավապաշտպանները՝ տեղի ունեցածի մասին
Խաղաղության աղոթք եւ բռնությունները՝ Հռոմի Պապի այցին զուգահեռ․ Իրավապաշտպանները՝ տեղի ունեցածի մասին

Հռմի Պապի այցելության շրջանակներում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վարքագիծն ընդդիմադիրների ու ակտիվիստների նկատմամբ շատ հստակ էր․ արգելել նրանց հնարավոր մասնակցությունը Պապի հանրային միջոցառումներին, որպեսզի նրանք չկարողանային ներկայացնել իրենց կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան ՀՔԱՎ ղեկավար, Արթուր Սաքունցը:
 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած այցի օրերին իրավապահները սահամանափակվեցին ակտիվիստների տեղաշարժը մարդաշատ վայրերում:

Նախ հունիսի 25-ին Գյումրիում բերման ենթարկվեց ակտիվիստ Շահեն Հարությունյանը, ով փորձում էր Գյումրիում Հռոմի Պապի կողմից մատուցված պատարագի ժամանակ պարզել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին պաստառը՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ:

Ոստիկանները նրան Գյումրիում փողոցից առևանգել էին, ազատ արձակել ժամեր անց՝ նրա նկատմամբ հարուցելով վարչական վարույթ:

Նույն օրը երեկոյան, երբ Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի կողմից խաղաղության աղոթք էր կատարվում, ոստիկաններն արգելել են հրապարակ մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Նա իր հետ բերել էր «Մենք սիրում ենք քեզ, սիրելի պապ» բովանդակությամբ պաստառը: Ի նշան բողոքի՝ Գասպարին պառկել էր Ամիրյան փողոցում: Նաև գրանցվեցին դեպքեր, երբ քաղբանտարկյալների շապիկով անձանց թույլ չտվեցին մուտք գործել Հանրապետության հարապարակ՝ ֆլեշմոբ իրականացնելու, Հիմնադիր խորհրդարանի մի շարք համակիրների ոստիկանները բերման ենթարկեցին:

Արթուր Սաքունցն իշխանությունների այս պահվածքը սպասելի է համարում: Իսկ իշխանությունների այդ «ջանքերը», նրա խոսքով, միտված էին՝ Հռոմի Պապին ցույց տալու, թե Հայաստանը ժողովրդավար ու դրախտային երկիր է:

«Ես վերջնականապես համոզվեցի, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումն ու կալանավորումը հենց այս համատեքստում է կատարվել: Սեֆիլյանի կալանավորման հիմնական նպատակն էր խոչընդոտել հիմնական քաղաքական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին՝ իրենց կարծիքն ասելու Հռոմի Պապի այցելության օրերի հանրային միջոցառումների ժամանակ: Եվ այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև առանձին սահմանափակումները՝ ապօրինի գործողություններով, ինչպիսիք են և Հիմնադիր խորհրդարանի անդամներին առանց որևէ հիմքի բերման ենթարկելը ոստիկանության բաժիններ, և Շահեն Հարությունյանին բերման ենթարկելը, ով օրենքով արգելված արարք թույլ չէր տվել իրեն»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Եթե այս դեպքերում հստակ տեղեկություն կար, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով ֆլեշմոբ է իրականացվելու, ապա ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեպքում, ըստ Սաքունցի, նման փաստ չկար: Իրավապաշտպանը նկատում է, որ անկախ նրանից, թե մարդիկ ինչ էին պարտրաստվում անել, ոստիկանները թիրախավորվել էին նրանց, ինչպես օրինակ, Գասպարիին: Ըստ նրա՝ ոստիկանությունը «սև» ցուցակ ունի, որում հայտնվածները անցանկալի են համարվում և չեն կարող նման դեպքերում մուտք գործել հանրային տարածքներ, որտեղ իշխանությունները ցանկանում են իրենց նախանշած սցենարով իրականացնել միջոցառումները:

«Նրանց համար կարևոր չէր, թե Գասպարին ինչ էր անելու, կարևոր էր, որպեսզի Գասպարիին չթողնեին հրապարակ»,- հավելում է նա:

Այսինքն, ըստ Արթուր Սաքունցի, այս անձանց գործողությունները խոչընդոտելու համար ոստիկանությունը կատարեց մի քանի գործողություն՝ կալանավորումը, ապօրինի բերման ենթարկելը, առևանգելը, խաչընդոտելը խաղաղ քաղաքացիների մուտքը հրապարակ:

Իրավապաշտպանի խոսքով՝ կիրառվել է նաև մեկ այլ մեթոդ՝ ոստիկանության տարբեր բաժիններից տարբեր քաղաքացիների զանգվածային ծանուցագրեր են ուղարկվե: Դրանք մտացածինեն եղել, օրինակ, մարդկանց բաժին են հրավիրել՝ որպես վկա որևէ քրեական գործով: Սա ևս, ըստ Սաքունցի, ճնշման միջոցներից մեկն է եղել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ արձանագրում է, որ Հայաստանում ոստիկանական բռնատիրություն է հաստատված, և որևէ վերահսկողություն չկա ոստիկանության անօրինական գործողությունների նկատմամբ:

«Ի՞նչ իրավունքով են ոստիկանները Շահենին առևանգել Գյումրում: Ինչպես բոլորը, Շահենն էլ գնացել էր՝ լսելու այդ պատարագը; Եթե անգամ նա մտադրություն ուներ պաստառը պարզելու, դա իր իրավունքն էր և իր հոր համար պայքարի իր ձևը: Ոստիկանությունը Հայաստանում ում ուզում, առևանգում է, ամբողջությամբ օրենքից դուրս է: Ոստիկանապետը չի կարողանում տանել, երբ բողոքի ակցիա է լինում, ինքն է որոշում»- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների պատկերացմամբ, սրանք իշխանության անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են: Իրենց անձնական շահերից ելնելով՝ իշխանությունները գործողություններ են անում, իրենք են որոշում՝ Հայաստանում ով կարող է լսել Հռոմի պապի աղոթքը, ով՝ ոչ:

«Իսկ իրենք ընդհանրապես չեն լսում Հռոմի Պապի աղոթքը, և շատ ամոթ էր այդ հոգևոր օրերին, որին ժողովուրդը սպասել էր, նման բռնի գործողությունների դիմելը: Ոստիկանապետը, ով ամեն անգամ լուրերով ասում է, որ՝ մենք մարդակենտրոն ու մարդասեր ենք, նման գործողությունների դիմեց: Ես հակառակը կասեի՝ ատելություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ով իշխանությունից դուրս է, նրան պատրաստ են ուղղակի ոչնչացնել: Վստահ եմ, որ Հռոմի պապը հաստատ գիտի, թե ինչ է այստեղ կատարվում; Հայաստանում մի անտանելի վիճալ է ստեղծվել, ես չգտեմ՝ ինչքան է սա շարունակվելու»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Արթուր Սաքունցը կարծում է, այնուամենայնիվ իշխանություններին չհաջողվեց լուծել իրենց խնդիրը, քանի որ այն բազմաթիվ նյութերը, որոնք տարածվեցին, Հռոմի Պապն անպայման կստանա:

«Ակնկալում ենք Վատիկանի կամ Պապի կողմից հրապարակային արձանք»,- ասում է նա:

Արթուր Սաքունցի խոսքով՝ ցավալին այն էր, որ հանրությունն անհաղորդ մնաց այս խախտումներին:

«Իշխանությունների այդ գործողությունները նորություն չէին, այլ հանրության խորն անտարբերությունն էր նորություն այդ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, որը դրսևորվեց իրենց կողքին ապրող այլ քաղաքացինրի նկատմամբ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Էմմա Մանուկյան

MediaLab.am