Ոչ մանկական կրքեր թիվ 133 մանկապարտեզի շուրջ. Շենգավիթի ղեկավարը մեղադրում է տնօրենին, վերջինս պնդում՝ «ինձնից ուզում են ազատվել»

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշանակելուց 4 ամիս անց հեռացրել է համայնքում գործող թիվ 133 մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանին: Թաղապետն ասում է՝ «օրենք է խախտում, չի կարողանում աշխատել», իսկ տնօրենը չի ընդունում իր հասցեին հնչած մեղադրանքները և պնդում է՝ իրենից ուզում են ազատվել:

38-ամյա Ժաննա Մանուկյանը Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար նշանակվել է 2020-ի դեկտեմբերին: Նրա ամուսինը՝ Հրաչ Ջիլավյանը, սեպտեմբերի 29-ին մեկնել է պատերազմ, և հոկտեմբերի 24-ից ամուսնուց որևէ լուր չեն ստացել:

Հունվարի վերջին զանգահարել են կնոջը և ասել, որ Հրաչ Ջիլավյանը համարվում է անհետ կորած: Երեք անչափահաս որդիների հոգսը կինն այժմ միայնակ է հոգում, ինչին վերջին շրջանում ավելացել է վարչական շրջանի կրթության բաժնի հետ պարբերական դարձած աշխատանքային քաշքշուկը: 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը չի թաքցնում, «Մեդիալաբին» ասում է, որ Մանուկյանին մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար է նշանակել՝ հաշվի առնելով նրա ամուսնու հետ կատարվածը: Բայց ժամանակի ընթացքում պարզվել է, որ տնօրենը չի առաջնորդվել ընդունված որոշումներով, չի պահպանել երեխաների ընդունելության կարգը և երկու երեխա ավելի է ընդունել մանկապարտեզ:

«Մենք չենք ասում՝ գումար է վերցրել, երեխա ընդունել: Ոչ: Եթե անգամ միտում չի եղել, ու կարգն է խախտվել, ուրեմն սխալ են աշխատել, վատ են աշխատել, չեն տիրապետում գործին»,- ասում է Մկրտչյանը:

Թիվ 133 մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում կտրականապես հերքում է վարչական շրջանի ղեկավարի մեղադրանքները:

«Փետրվարին առողջապահության նախարարությունը մեղմացրեց երեխաների ընդունելությունը մանկապարտեզ. խմբում 12 երեխայի փոխարեն կարող էինք 18-20 երեխա ունենալ:

Ըստ այդ նոր հրամանի՝ հերթագրումից արտահերթ կարող են ընդունվել այն ծնողների երեխաները, որոնց հեռավար աշխատանքը հնարավոր չէ կազմակերպել:

Այդ ժամանակ զանգահարեցի վարչական շրջանի կրթության բաժին, հետաքրքրվեցի, թե երեխաների արտահերթ ընդունելությունն ինչպե՞ս է կազմակերպվելու: Ինձ ասացին՝ հրամանով ընդունիր, մինչև հասկանանք՝ ոնց ենք անելու»,- ներկայացնում է տնօրենը:

Այդ զանգից հետո մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանը, իր խոսքով, զանգահարել է այն ծնողներին, որոնք դեռևս սեպտեմբերից խնդրել էին ընդունել իրենց երեխաներին և ասել, որ արդեն կարող են նրանց բերել: Սակայն, դրանից հետո, ըստ Մանուկյանի, դարձյալ կարգեր են փոխվել, և առաջնահերթություն է տրվել զոհվածների, վիրավորների և չորս ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին: Մինչդեռ, ըստ տնօրենի, իրենց մոտ այդ պահանջներին համապատասխանող երեխա ընդունելու համար դիմում չի եղել: 

«Ու հիմա ինձ ասում են՝ օրենքի խախտում եմ կատարել, այդ երեխաներին ընդունելու իրավունք չունեի, և ազատում են ինձ աշխատանքից»,- ասում է Ժաննա Մանուկյանը:

Նա կասկածներ ունի, որ իր դեմ այս գործընթացն ուղղորդված է՝ իրենց ցանկալի թեկնածուին մանկապարտեզի տնօրենի պաշտոնում նշանակելու համար: Սակայն Շենգավիթի ղեկավարը պնդում է, որ այդպիսի թեկնածու չկա ու հավելում.

«Մի շարք մանկապարտեզների տնօրեններ ունեմ նշանակած, որոնք իմ բարեկամները չեն: Մենք նման խնդիր չունենք: Երկու ավել երեխա է ընդունել, ինչը խախտում է: Նման մեխանիզմով արդեն երկրորդ տնօրենին եմ հանում, այնպես որ, ես եմ որոշում…»

Ժաննա Մանուկյանը «Մեդիալաբին» ասում է, որ խնդիրը քննարկում է իրավաբանների հետ՝ իրավական ճանապարհով լուծման հասնելու համար:

Հասմիկ Համբարձումյան

Medialab.am