Երբ դուք դոլար եք գնում, հանիրավի պահանջարկ եք ստեղծում, դուք տուժելու եք, մի՛ արեք, սառնասիրտ եղեք ու համբերեք. տնտեսագետ

Հայկական դրամը շարունակում է մանր քայլերով արժեզրկվել. ամերիկյան դոլարն այսօր արտարժույթի փոխանակման կետերում օրվա ընթացքում վաճառվում էր 535.5-536 դրամով, գնվում՝ 531-534 դրամով։

Դրամի արժեզրկումն սկսվել էր նախորդ տարվա վերջից, հատկապես պատերազմից հետո, բայց հունվարի կեսերին արժևորման փոքր-ինչ միտումներ նկատվեցին, ինչը սակայն երկար չտևեց. փետրվարի սկզբից հայկական արժույթը աստիճանաբար արժեզրկվում է: 

Ֆինանսական շուկայում իրավիճակի մասին «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել տնտեսագետ, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանին:

– Պարո՛ն Մնացականյան, այսօր դարձյալ տեսանք, որ դոլարն աճում է, և աճը կազմել է գրեթե մեկ տոկոս: Ի՞նչ է կատարվում, խնդրում եմ՝ որպես մասնագետ կներկայացնե՞ք՝ ինչ է կատարվում հայկական դրամի հետ:

– Գլոբալ առումով փոխարժեքի վրա ազդում են մի շարք գործոններ, բայց այս պարագայում կարելի է առանձնացնել 2-3-ը՝ ներքին և արտաքին: Ներքին գործոններից կարելի է նշել բիզնեսի սպասումները:

Մեր երկրի տնտեսությունը, ինչպես գիտեք, ներկրող տնտեսություն է, հետևաբար բիզնեսը ապրանքների թանկացման հետ կապված սկսում է պահանջարկ ներկայացնել արտարժույթի նկատմամբ:

Մասնավորապես, եթե միջազգային շուկայում բենզինի կամ տարբեր ապրանքատեսակների գները բարձրանում են, բնականաբար, որպեսզի բիզնեսը վճարի, Հայաստանի ներսում արտարժույթի պահանջարկ է ստեղծվում, ինչն էլ փոխարժեքի փոփոխության գործոն է հանդիսանում: Ահա այս պատճառով էլ դրամն արժեզրկվում է, դոլարն արժևորվում: 

Բացի այդ, արտաքին ազդեցության մեկ այլ տարր է ամերիկյան ֆեդերալ ռեզերվային համակարգի քաղաքականությունը. թեև մարտ ամսվա ընթացքում այդ համակարգը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 1.75-ից հասցնելով 0.25, բայց հաշվի առնելով, որ կորոնավիրուսի ռեալ խնդիրը կա ամբողջ աշխարհում, և այլ եվրոպական ու ասիական արտարժույթներն իրենց հերթին ավելի հակված են տատանողականության, քան դոլարը, դա էլ իր հերթին արտարժույթի շուկայում բերեց նրան, որ դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրացավ: Միևնույն ժամանակ նավթի գներն են սկսել աճել: 

Մեկ այլ կարևոր գործոն է նաև ֆիզիկական անձանց անհատական սպասումները. կապված տնտեսական, քաղաքական անորոշության հետ՝ ֆիզիկական անձինք կորցնում են վստահությունը հայկական դրամի նկատմամբ, և դոլարի նկատմամբ կայուն վստահությունը ստիպում է նրանց ձեռք բերել արտարժույթ: Դա էլ իր հերթին արտարժույթի մեծ պահանջարկ է ստեղծում, որը ևս նման իրավիճակի առաջացման հիմք է ստեղծում: 

Այսինքն՝ այս պարագայում մենք գործ ունենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ազդեցության հետ: Բնականաբար, եթե ներքին ազդեցությունը չլիներ, ապա արտաքին ազդեցության պարագայում ևս որոշակի փոփոխություն մեր շուկայում տեղի կունենար, բայց ոչ այս չափով: Այսինքն՝ մեր պարագայում գործոնների համախումբ է, որն ազդում է դրամի արժեզրկման և դոլարի արժևորման վրա:

– Պատասխանատու մարմինների կողմից արդյոք իրականացվո՞ւմ են հակաքայլեր, և արդյո՞ք դրանք համարժեք են իրավիճակին:

– Բնականաբար: Կենտրոնական բանկը, ինչպես գիտեք, վերջերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա, իհարկե, դրամավարկային քաղաքականության տեսանկյունից կարճաժամկետ էֆեկտ տալու է, բայց երկարաժամկետ կտրվածքով բիզնես ակտիվությանը չի նպաստելու, ուղղակի զսպման քաղաքականություն է դա լինելու:

Մյուս կողմից էլ՝ եթե անկեղծ լինենք, ապա շուկայական տնտեսության պայմաններում Կենտրոնական բանկն իրավասություններ չունի, որ փոխարժեքի կուրսը պահի մի մակարդակի վրա: Դա ավելի վատ հետևանքներ կթողնի մեր տնտեսության ու հասարակության վրա, որովհետև կսպառվեն մեր արտարժույթով մակարդակները, ավելի մեծ խնդիրներ կառաջանան: 

Ես հասկանում եմ, որ Կենտրոնական բանկը իր դրամավարկային գործիքների հնարավորության սահմանում փորձում է մեղմել տվյալ իրավիճակը, բայց քանի դեռ կա տնտեսական, քաղաքական անորոշություն, և հասարակությունը նախընտրում է արտարժույթը ազգային արժույթից, ապա այս իրավիճակը կարող է մի քիչ ձնագնդի էֆեկտ ստանալ, ինչը ցանկալի չէ:

– Դուք քաղաքական անորոշության մասին նշեցիք: Եթե հաշվի առնենք, որ առջևում ընտրություններ են, հնարավո՞ր է խորանա այդ անորոշությունը:

– Ցանկացած որոշակիություն տնտեսության համար ավելի ձեռնտու է, քան անորոշությունը: Քանի դեռ անորոշություն է, կայունություն չի կարող լինել: Իսկ անորոշությունը կապված է ընտրությունների, սպասումների, ձևավորվող քաղաքական բևեռների հետ:

Հավատացե՛ք՝ բիզնեսը ևս սպասումների մեջ է, թե ինչ է լինելու: Ռիսկերից ապահովագրելու քաղաքականություններից մեկը առավել կայուն արժույթ պահելն է կամ հնարավոր արժեզրկման պարագայում դրամի պահեստավորումը կամ բանկերում պահելը: 

– Պարո՛ն Մնացականյան, ինչո՞ւ այդուհանդերձ հանրությանը չի ստացվում համոզել վստահել դրամին: Ըստ ձեզ՝ ինչի հետևանք է սա:

– Քանի դեռ հստակ, ֆիքսված տնտեսական քաղաքականություն՝ միջոցառումներով, գործողությունների ծրագրով, որոնք միտված կլինեն տնտեսության կառուցվածքի, տնտեսության կառավարման, մտածելակերպի փոփոխության, չի ձևակերպվել ու լուծվել, ապա լինելու է այն, ինչ հիմա ունենք:

Պետք է լինեն հստակ միջոցառումներ, ընդ որում՝ գնահատման մեխանիզմներով, պատասխանատվության ինստիտուտներով, և անձինք, որոնք պարտավորություն են վերցնում իրագործել այդ քաղաքականությունը, պետք է նաև կրեն պատասխանատվություն և ոչ թե հրաժարական տան ու գնան: Երբ մարդիկ նվիրված կլինեն գործին և ոչ թե ինչ-որ շահերի, ապա հավատացեք՝ ամեն ինչ կլինի շատ նորմալ: 

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը:

– Եթե գնաճը լինելու է արտաքին գործոն, եթե միջազգային շուկաներում գները բարձրանալու են, և մենք էլ՝ որպես ներմուծող տնտեսություն, բնականաբար, գնաճ Հայաստանում ևս կլինի: Եթե միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակը գնաճ չունենա, մեզ մոտ էլ գների բարձրացում չի լինի:

Ես դրական լիցքերով եմ տրամադրված: Հայաստանում ֆինանսական համակարգի միակ կայուն կառույցը բանկերն են, որոնք հարվածը իրենց վրա են վերցնում ու դիմադրում:

Կարճաժամկետ նման իրավիճակ հնարավոր է մեկ-մեկուկես տարի կարգավորել, բայց երկարաժամկետ կտրվածքի համար պետք է փոխել ընդհանրապես երկրի տնտեսական քաղաքականությունը՝ սկսած մտածելակերպից:

– Հետաքրքիր է, որ դուք լավատես եք, կան տնտեսագետներ, որոնք հոռետեսական կանխատեսումներ են անում:

– Ես իրավիճակը վերլուծում եմ և ոչ թե ուղղակի տրվում եմ … Ես ինքս, օրինակ՝ բազմիցս խորհուրդ եմ տվել սպառողներին՝ ցանկացած պահին, երբ դուք գնում եք դոլար, հանիրավի պահանջարկ եք ստեղծում, դուք տուժելու եք այդ պահից սկսած, որովհետև դուք, ձեր հարևանը պահանջարկ ստեղծեցիք և դուք տուժած եք լինելու:

Մի՛ արեք: Դրա համար պետք է մի քիչ սառնասիրտ լինել, համբերել: Հավատացե՛ք՝ եթե պահանջարկի շուրջ այդ խուճապը չլինի, լավ կլինի: Ամեն ինչ սկսվում է ֆինանսական գրագիտությունից, որը եթե լինի անհրաժեշտ մակարդակի, իմացեք՝ նման մտահոգություններ, խնդիրներ չեն ստեղծվի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am