«Իրական անկախությունը ծնվում է ներսից, այդ հրաշքին արժանանալու համար պետք է ջանք դնի ժողովուրդը»․ Աշոտ Ադամյան

«Իրական անկախությունը ծնվում է ներսից, այդ հրաշքին արժանանալու համար պետք է ջանք դնի ժողովուրդը»․ Աշոտ Ադամյան
«Իրական անկախությունը ծնվում է ներսից, այդ հրաշքին արժանանալու համար պետք է ջանք դնի ժողովուրդը»․ Աշոտ Ադամյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը:

֊Պարոն Ադամյան, անկախության հաստատումից 25 տարի անց ի՞նչ ունենք այսօր մեր երկրում:

֊Այսօր ունենք մի իրավիճակ, որը խորը մտահոգությունների տեղիք է տալիս, հատկապես այն իմաստով, թե որքան հեռու ենք Անկախությունից:

֊Ինչո՞ւ ենք հեռու:

֊Իրական անկախությունը ծնվում է ներսից, ոչ թե մատուցվում է ինչ-որ մեկի ցանկությամբ: Այդ հրաշքին արժանանալու համար պետք է ջանք դնի ժողովուրդը: Իշխանությունն առհասարակ իշխելու ձգտումով է առաջնորդվում, նրան պետք է պարտադրվի անկախություն:

֊Իսկ ինչո՞ւ մեր ժողովուրդը ջանք չի դրել անկախության համար, ինչո՞ւ իշխանությանը չի պարտադրել:

֊Իմ խորին համոզմամբ, մեծ դեր ունի կրթական համակարգը, որը, ցավոք, սարսափելի նահանջ է ապրել: Եվ այդ պատճառով այսօր մենք ունենք գիտելիքի հզորագույն պակասի սինդրոմով տառապող հասարակություն:

֊Բայց շատ է հնչում այն տեսակետը, որ իշխանությունն է մսխել անկախությունը՝ Հայաստանի սուվերենությունը մշտապես ոտնատակ տալով:

֊Ներկայիս իշխանությունը հոգեբույժի կարիք ունի, եթե չասեմ հոգեբուժարանի: Այո, նրանք ունեն գիտակցություն, որի ամբողջ կարողությունն ուղղված է ապուրի միջի բոլոր լոբիներն ուտելու «վեհ» գաղափարին:

֊Ի՞նչ պետք է անել փոփոխելու համար իրավիճակը:

֊Պիտի պահանջեմ, որ էս ապաշնորհ կառավարիչների քանդածը նորից սարքվի: Իսկ դրա համար, բոլոր առողջ մարդկանց միասնական աշխատանքի կարիքը կա: Փոխադարձ գզվռտոցն աշխատում է հոգուտ թալանչիների։

֊Պարոն Ադամյան, ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ է փոխվել մեր երկրում:

֊Ապրիլը հստակ ցուցադրեց, որ երկնքից մանանա չի թափվում: Եթե կան մարդիկ, ովքեր հավատում են Բաքուն երկու օրում գրավելու սին լոլոյաբանությանը, ուրեմն նրանք, իրենց կարծիքով, ապրում են մեկ այլ երկրում, որը զուրկ է համատարած կոռուպցիայից, և կառավարիչները մտքի տիտաններ են: Բայց չէ՞ որ անզեն աչքով երևում է, որ ունենք ճիշտ հակառակ պատկերը՝ թալանվել ու թալանվում է այն ամենն, ինչը կարելի է թալանել:

֊Այսօր նոր սպառազինություն է ցուցադրվում Հանրապետության հրապարակում, կարծիքներ կան, որ փոփոխություն է եղել ապրիլյան պատերազմից հետո:

֊Այսպիսի մտքերով տոգորված անգրագետներին կարող է թվալ, որ իսկանդերները բերվել են իրենց համար, հիմա դղրդոցով կանցնեն հարապարակով, ու վերջ՝ թշնամին տապալված է այլևս: Ծիծաղելի է: Խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ, թե ինչի համար են բերվել այդ հրթիռները: Դրանք բերվել են հենց մեզ զսպելու ու փշե ձեռնոցների մեջ պահելու համար:

֊Ռուսաստա՞նն է ուզում զսպել մեզ:

֊Մինչև ապրիլյան դեպքերն անզեն աչքով էլ երևում էր, որ մեր բանակը չի խուսափել թալանից: Սուվերենության կորուստը, որի կերտողը մեր հյուսիսային ռուս հարևանն է, Հայաստանը դարձրել է իր շահերին ծառայող մի ֆորպոստ, ուրիշ ոչինչ: Դե բիզնես է, խոսելով խաղաղությունից՝ հակամարտող կողմերին զենք է վաճառում:

Մեր ներքին վիճակն ավելի է ծանրացել, և, ցավոք, ներկայիս իշխանությունն այնպես է ներծծվել քաղաքականացված առուծախի մեջ, որ մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող դուրս պրծնել: Չեն էլ թողնի՝ ուստա, Համոն փողը չի տվել:

Էմմա Մանուկյան

MediaLab.am