«Իրենք էդ են, այսինքն՝ մանգաղի ու չագուճի տակից ծնված, էդ նույն ռաբիսը լսած, էդ նույն գեշ քանդակները ու նկարները տեսած». Էդուարդ Զորիկյան

«Իրենք էդ են, այսինքն՝ մանգաղի ու չագուճի տակից ծնված, էդ նույն ռաբիսը լսած, էդ նույն գեշ քանդակները ու նկարները տեսած». Էդուարդ Զորիկյան
«Իրենք էդ են, այսինքն՝ մանգաղի ու չագուճի տակից ծնված, էդ նույն ռաբիսը լսած, էդ նույն գեշ քանդակները ու նկարները տեսած». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

-Պարոն Զորիկյան, վերջին օրերին դարձյալ սրվել է ռաբիս երաժշտության թեման: Հանրությունը, այդ թվում՝ որոշ մշակութային գործիչներ ստորագրահավաքով պահանջում են անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը: Հիմնավորումն այն է, որ այդ հաղորդաշարում ռաբիսը որպես մշակութային ճյուղ է ներկայացվում: Ինչո՞ւ են նման հաղորդումները հեռարձակվում, այդ պահանջարկը կա՞:

-Ես արդեն մոտ երեք տարի է Հանրային հեռուստատեսությանը չեմ հետևում, բայց կարծում եմ, որ սա նորություն չէ, միշտ էլ ռաբիսը հնչել է: Հանրայինով է հնչել, դահլիճներում համերգ են տալիս ու այնպիսի դահլիճներում, որտեղ ընդհանրապես չպետք է լիներ դա:

-Այսինքն՝ ռաբիսի պահանջարկը կա՞ այսօր:

-Պահանջարկը չէ պատճառը: Խնդիրն այն է, որ կլինի Հանրային հեռուստաընկերությունը, դառիոն, թե մեկ այլ հեռուստաընկերություն, իրենք պետք է որոշեն իրենց աշխատանքի ձևաչափը: Եթե ձևաչափ չկա, նշանակում է փողն է որոշում, ով վճարում է, նա էլ պատվիրում է:

Մի դեպքում վճարում են, որ իրենց տեսահոլովակները եթեր գնան, մյուս դեպքում գուցե ռեյտինգային տեսանկյունից ելնելով են դա հեռարձակում: Եթե դու որևէ դասական երաժշտություն ես հեռարձակում, տեսնում ես ռեյտինգը նվազեց, դնում ես ռաբիս երաժշտություն, տեսնում ես դիտելիությունը բարձրացավ, եթե դա է չափանիշը, ուրեմն առաջնորդվում են դրանով:

Ես այստեղ կուզեի առանձնացնել հենց Հանրային հեռուստաընկերության գործոնը, այդ հեռուստաընկերությունն աշխատում է դոտացիոն սկզբունքով, այսինքն՝ հանրության գումարներով: Հետևաբար, ռեյտինգի հետևից ընկնելու նպատակ չպետք է ունենա: Հանրայինը պետք է ինչ-որ խնդիր դնի իր առաջ՝ ինչ պետք է պրոպագանդի:

Ես հիշում եմ, որ նույն կերպ սրանից 15 տարի առաջ սկսեցին հեռուստատեսությամբ գրեթե պոռնո ֆիլմեր ցուցադրել: Բայց այդ հարցն ինչ-որ ձև կարգավորվեց, հիմա ինչ-որ մեկը զանգեց, մատ թափ տվեց, թե օրենք ընդունեցին, բայց այդ հարցը կարգավորվեց: Այսինքն՝ նման հարցերը լուծելու ձևերը կան: Եթե հանրությունն այսօր ձայն է բարձրացնում, պետք է արձագանք լինի: Ոչ թե պետք է արդարանան ու ասեն, թե ինչու են այդպես անում, այլ պետք է հասկանան, որ հանրությունը չի ուզում դա տեսնել եթերում, և ուրեմն դա չպետք է լինի եթերում:

-Իսկ հանրության ճաշակը ո՞րն է այսօր: Ի՞նչ պահանջարկ կա այսօր, որովհետև նման դեպքերում  շատ հաճախ պատճառաբանում են, թե պահանջարկն է ստեղծում առաջարկ:

-Մյուս հեռուստաընկերությունները, որոնց համար դա բիզնես է, իրենք են որոշում ինչ ցուցադրեն, ինչ չցուցադրեն: Հանրայինի դեպքում լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվում, Հանրային հեռուստաընկերությունն ինքը պետք է ճաշակ թելադրի, ճաշակ ձևավորի, դաստիարակչական հաղորդումներ հեռարձակի:

-Ռաբիսը միշտ եղել է, նախկինում էլ պահանջարկ է ունեցել, այսօր ի՞նչ իրավիճակ է այդ երաժշտության պահանջված լինելու մասով:

-Իհարկե, ռաբիսը միշտ եղել է, հիմա մենք չենք կարող ինքներս մեզ խաբել, որ չի եղել: Բայց մենք պետք է հասկանանք, որ եթե մեր կյանքում ինչ-որ բան է փոխվում, այսինքն՝ այդ բանվորական արվեստից, Սովետի ձեռքից դուրս ենք գալիս ու անկախանում, հետևաբար այն ժամանակ թելադրված բանվորական մշակույթից պետք է հրաժարվենք: Այսօր ո՞վ է Լենին պապիին նկարում կամ ձեռքը առաջ մեկնած դեպի փայլուն ապագան բանվորի կամ գյուղացու նկարում: Նկարիչներն այլևս նման բաներ չեն նկարում: Երաժիշտներն էլ ի վերջո պետք է այդ «рабочий искусство»-ից դուրս գան: Հիմա պատկերացրեք, նույն նկարիչները մինչև այսօր շարունակեին նկարել կոմունիստական կուսակցության ղեկավարներին, քանդակագործները նրանց քանդակեին, ներկայացումները բեմադրվեին այդ թեմաների շուրջ: Հիմա փոխվել է, նման ներկայացումներ չեն բեմադրվում, նկարներ չեն նկարվում, քանդակներ չեն քանդակվում, երաժշիտներն էլ պետք է հասկանան, որ պետք է փոխվել: Բայց էս տեղերքը մնացին էն ձևի մեջ:

-Ինչո՞ւ մնացին այդ ձևի մեջ, պահանջարկ կա, թե՞ ձեր ասած փողն է դեր խաղում:

-Դե հիմա ռեստորաններում պատվիրում են, տղերքն էլ փող են աշխատում: Էդ են պատվիրում, էդ են երգում: Դա է վճարվում այսօր: Մեզ հայտնի են շատ դեպքեր, երբ ղեկավարներից մեկն իր մեքենայի մեջ, ասենք, Պավարոտտի է լսել, վարորդն ըստեղ-ընդեղ ասել է՝ բա գիտե՞ք, շեֆն ինչ է լսում, և ամբողջ կառավարությունը սկսել է դա լսել, դրանից հետո ժողովուրդն է սկսել լսել, որովհետև մտածում են՝ ճիշտը էդ է: Եթե ընտրյալն իրենք են, ուրեմն իրենք պետք է ճաշակ թելադրեն: Հիմա իրենք եթե ռաբիս են, ռաբիս ճաշակ են թելադրում էս ժողովրդին: Դե թող լիներ էդ սերուցքը վերևում ու ճաշակ թելադրեր, կփոխվեր չէ՞ ամեն ինչ: Դե «վերևները» չեն անում, ինչ-որ անհատներ դա անում են: Հիմա բոլոր ոլորտներում կան այդ սերմացու ցանողները՝ երաժշտության մեջ էլ, ամեն տեղ, պիտի ուղղակի թողնեն, որ աճեն:

-Գուցե ռաբիսի նկատմամբ հատուկ վերաբերմունքն այնտեղից է գալիս, որ ռաբիս երգչին իշխանությունները պարգևատրո՞ւմ են:

-Ինչ թելադրում են, էն էլ ուտում ենք: Ընդհանարպես ճիշտ է, որ «վերևները» թելադրեն ճաշակ, «վերևները» ասեն՝ որ ուղղությամբ ենք գնում, ինչ ենք անում: Ի վերջո, ցանկացած իրավիճակում գեներալը պետք է հրաման տա, ոչ թե շարքայինը: Մենք էն աբսուրդին ենք հասել, որ մինչև էսօր ուրախանում ենք, որ ապրիլյան պատերազմում 100-ից ավելի զոհ տվեցինք: Իսկ ոչ մեկը չի ասում՝ բա ո՞ւր էր այդ գեներալը, որ պիտի հրաման տար: Այդ նույն գեներալը չկա էսօր Հանրային հեռուստաընկերությունում, չկա էն սրահներում, որտեղ նման երաժշտություն է հնչում, չկա պետության գլխին:

-Կամ կա, բայց անճաշակ է:

-Դե, եթե նախագահը  պարգևատրում է ռաբիս երգչին, ինչ ասեմ, էդ է: Ավելի հեշտ է իրենց փոխել, քան իրենց ճաշակը, որովհետև ճաշակը պետք է ձևավորվի տասնյակների ընթացքում, տարիներ են պետք: Դե եթե փոխվեին, չէինք տեսնի տգեղ պահվածք, հեգնանք, ժողովրդի հանդեպ այնպիսի վերաբերմունք, ոնց որ ոչխարի հոտի հանդեպ վերաբերմունք: Բայց իրենք էդ են, այսինքն՝ մանգաղի ու չագուճի տակից ծնված, էդ նույն ռաբիսը լսած, էդ նույն գեշ քանդակները ու նկարները տեսած: Դրանով դաստիարակված ու մեծացած սերունդ է սա, բոլորը պետք է վերանան ու գնան, այս նոր սերունդը ժառանգներ ունենա ու իր ազատատենչ ոգով դաստիարակի: Այս ամենը պետք է վերանա, գնա ու մոռացվի, նորի սկիզբ դրվի: Բայց որպեսզի շուտ գնա ու մոռացվի, պետք է համապատասխան տեղերում լինեն համապատասխան մարդիկ:

Էմմա Մանուկյան

MediaLab.am