«Էդգարը հոր գերեզմանն էնքան արագ էր սարքում, օգոստոսին հոր տարին լրացավ, սեպտեմբերին էդ դեպքը պատահեց»․ մայրը որդու զոհվելուց հետո ուշքի չի գալիս

«Հլը որ շոկից չենք կարողանում ուշքի գանք»,- ասում է 50-ամյա Ջեմմա Սարգսյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է որդուն, Բերձորում թողել տուն ու տեղը և աշխատանքը։

«Իմ տղաներն ապրիլյան քառօրյային էլ էին մասնակցել, մտածում էի՝ էդ քառօրյայի պես բան ա, երեխեքը կգնան, հետ կգան, լուրջ բան չէի սպասում: Բայց սա հրացանների կռիվ չէր, թնդանոթների, բայրաքթարների կռիվ էր»,- հուզմունքով պատմում է Ջեմմա Սարգսյանը։

Ջեմմա Սարգսյանի ընտանիքի համար վերջին մեկ տարին դժվարություններով լեցուն է եղել. մեկ տարի առաջ է մահացել ամուսինը, պատերազմն էլ խլեց որդուն։

«Անասելի ցավ էր բոլորիս համար, սա մեր երկրորդ ցավալի դեպքն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Էդգարը հոր գերեզմանն էնքան արագ էր սարքում, մի տարին նոր էր լրացել՝ օգոստոսին հոր տարին լրացավ, սեպտեմբերին էդ դեպքը պատահեց։

Սարգսյանի տղան՝ Էդգար Բարսեղյանը, զոհվել է Ջաբրայիլում։ Հարազատները վերջին անգամ Էդգարի հետ կապի են դուրս եկել սեպտեմբերի 29-ին։ Մոր պատմելով՝ տղան վիրավորում է ստացել սեպտեմբերի 30-ին և մահացել արյունահոսությունից:

«Մենք իրան Մարտունու հիվանդանոցից ենք գտել, իրա հետ վերջին անգամ հորեղբոր տղան ա խոսել սեպտեմբերի 28-ին, մեկ էլ ինքը 29-ին հաղորդագրություն ա ուղարկել հորեղբոր տղային, որ վիճակը շատ վատ ա, դիերը շատ են, հետո կապը կտրվել ա, չենք կարողացել իր հետ հաղորդակցվել։

Մենք իմացանք, որ ամսի 30-ին վիրավոր ա եղել, երբ որ էնտեղ պայթյուն ա տեղի ունեցել, սնարյադը տրաքել ա, ինքը վիրավորվել ա, ճանապարհը շատ երկար ա եղել, որ բժշկական օգնություն ցույց տային, արնաքամ ա եղել ճանապարհին»,- ասում է մայրը։

Տղային բնութագրելիս ասում է՝ շատ մարդասեր էր, ընկերասեր:

«Էդգարը շատ լավ մարդ էր, քաղցր բնավորություն ուներ, էնքան շատ էին սիրում իմ տղային, մինչև հիմա էլ ոչ մեկ չի պատկերացնում, որ նման բան կլիներ իր հետ։

Աշխատանքի էր գնում, գալիս էր, էդ գումարը բերում էր, սաղ փողոցի էրեխեքին էր բաժանում, որ գնային, իրենց կանֆետ առնեին։ Խոհարարական էր ավարտել տղես, բայց շինարարության վրա էր աշխատում: Ընկերը նաև վուլկանիզացիայի կետ էր բացել, ինքը էնտեղ էր աշխատում»,- նշում է մայրը։

Ջեմմա Սարգսյանը Բերձորից հեռացել է հոկտեմբերի 4-ին, երբ ռմբակոծությունները սաստկացել են։ Ասում է՝ պատերազմը շատ բան փոխեց իրենց կյանքում:

«Ես հասկացա, որ մարդն էսօրով պետք ա ապրի, որ ավելի շատ պետք ա սիրես հարազատներիդ, բարեկամներիդ, որովհետև վաղը կարող ա չլինեն»,- նշում է նա։

Ասում է, որ սիրով կվերադառնար նորից Բերձորում ապրելու, եթե անվտանգ լիներ, ինչն այժմ հնարավոր չի համարում:

«Խաղաղապահներն անընդհատ չեն կարա հսկողության տակ պահեն, իրենք կենտրոնական ճանապարհ են հսկում, բայց թուրքերը կարող են սարերով գալ, քո տանը քեզ սպանեն, ոչ ոք խաբար չլինի։ Գիտեմ նաև, որ 3 տարի հետո Բերձորը լրիվ հանձնելու են, Լաչինը իրա միջանցքով հանձնելու են, էդպես գիտենք մենք»,- մտահոգ ասում է Ջեմման։

Ընդգծում է, որ դեռևս ապագայի ոչ մի պլաններ ու ծրագրեր չեն կազմում, չգիտեն՝ թե վաղն ինչ կլինի:

«Էսօրվա օրով ենք ապրում, հլը որ ոչ մի նպատակ, պլան չենք մշակում, որովհետև չգիտենք ինչ է լինելու: Մեծ տղաս հենց հիմա Բերձորում է, գնացել է նայի, տեսնի, հարցնում եմ՝ հնարավո՞ր ա տուն մտնել, ասում ա՝ չեն թողնում, ռուսներն արգելում են, չենք կարողանում մտնենք, անգամ մեր եղածը դուրս հանենք»,- նեղսրտելով ասում է Ջեմման։

Արփինե Արզումանյան

MediaLab.am