Պուտինը Ղարաբաղյան պատերազմում մեզ պարտություն պարտադրելով՝ կաթվածահար է արել Հայաստանի իշխանություններին. Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Պարո՛ն Չաքրյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ հայտարարել է՝ եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք: Ո՞ւր են տանում Ալիևի այս հայտարարությունները:

– Զանգեզուրի և Երևանի մասին Ալիևի հայտարարությունները նոր չեն: Նա բազմիցս ասել է, որ Երևանն ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է և այլն: Իմանալով, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված է ընդդիմության և իշխանության միջև, օգտվելով դրանից՝ նման հայտարարություններ է անում: Չեմ կարծում, որ նա ինքնուրույն, առանց Պուտինի հետ համաձայնեցնելու, նոր որևէ գործողություն ձեռնարկի:

– Կարծում եք՝ նրա հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է Կրեմլի հետ:

– Իհարկե փոխկապակցված է Ռուսաստանի հետ: Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ ասեմ, որ մեր գերիներին չի տալիս Ադրբեջանը, Պուտինի հանձնարարությունն է, որ չտա: 

Պուտինը Ղարաբաղյան պատերազմում մեզ պարտություն պարտադրելով՝ կաթվածահար է արել Հայաստանի իշխանություններին: Եվ հիմա չի թողնում տան՝ այս կաթվածահար վիճակը պահելու համար, բացի այդ, Իլհամը նրա ձեռքին դարձել է Հայաստանին և հայ ժողովրդին ահաբեկելու գործիք: 

Եվ հիմա Իլհամի միջոցով Հայաստանն ու հայ ժողովրդին ահաբեկում է, որ հայկական պետությունը կամազուրկ պետության վերածի:

Բարդ են նաև Պուտին-Էրդողան հարաբերությունները, և խնդիրը էլի Պուտինն է: Էրդողանը երբ որևէ հարց է փորձում լուծել, Պուտինի միջոցով է լուծում, և ԼՂ ոչնչացումը հենց Պուտինի միջոցով և նրա համաձայնությամբ էլ ահաբեկիչ-վարձկաններ է ուղարկել: Եվ հիմա այդ նույն վարձկաններին թուրքերն ուղարկում են Ուկրաինա՝ ընդդեմ Ռուսաստանի: Լավրովը ասլան է կտրել, ասում է՝ Թուրքիան հանկարծ դրա մասին չմտածի: 

– Զանգեզուրի, Երևանի մասով հայտարարություններ անելով՝ ի՞նչ խնդիր է լուծում Ալիևը:

– Թուրքիայի վաղեմի երազանքն է Նախիջևանից մտնել Մեղրի և Մեղրիի տարածքով ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Եվ դա նրանց օրակարգային առաջնահերթ խնդիրներից է եղել տարիներ շարունակ: Դա նրանց վաղեմի երազանքն է: 

Ալիևը կամ թուրքերը ժամանակ առ ժամանակ այդ մասին հիշատակելով՝ փորձում են Մեղրիի խնդիրն օրակարգում պահել, բայց դա չի նշանակում, որ այսօր-վաղը կմտնեն կգրավեն: 

Դրա համար պետք է համաձայնություն Պուտինի հետ, բայց Պուտինը, չեմ կարծում՝ կգնա դրան, և ոչ թե մեզ սիրելով չի դիմի այդ քայլին, այլ պարզապես Հարավային Կովկասը համարում է Ռուսաստանի գերազդեցության տարածք, և Հայաստան-Իրան սահմանին տեղակայված ռուսական զորքերն էլ Հայաստանին չեն պաշտպանում, քանի որ Իրանից մեզ որևէ վտանգ չկա, պաշտպանում են Ռուսաստանի հարավային սահմանները, և այդ դեպքում այս սահմանը կկորցնի: 

Մինչդեռ այս դեպքում Հարավային Կովկասը Ռուսաստանի համար չի կարող կամրջի դեր կատարել Մերձավոր Արևելք ներթափանցելու համար: Դրա համար պետք է այնպես անի, որ Զանգեզուրը մեր ձեռքին լինի:

– Ալիևը նաև հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, բայց պատասխան քայլեր չի տեսնում:

– Առհասարակ մեծ տերությունները մի սովորություն ունեն՝ քաոս են ստեղծում, և այդ քաոսը փորձում են միշտ կառավարելի դարձնել և, ելնելով տվյալ պահին իրենց շահերից, միջամտել: 

Դրա համար ինչո՛ւ լուծի, քանի որ իր՝ միջամտելու հնարավորությունը կկորցնի, և դա կնշանակի Ղարաբաղի պես ազդեցիկ լծակը ինքնակամ վայր դնել: Նման բան մեծ տերությունները չեն անում: 

Այսինքն՝ ինքը ձգտում է կառավարելի քաոսի, որ իրավիճակը անհրաժեշտության դեպքում սրի, ինչն էլ Պուտինը կանի: Նա ի վնաս մեզ արդեն ամեն ինչ արել է, կեղտ է և սրանից այն կողմ էլ ի՛նչ պետք է անի, հո Էրդողանին զորք չի՞ տրամադրի, որ ցեղասպանության ենթարկի մեզ, կիսատ թողած գործը շարունակեն:

– Պարո՛ն Չաքրյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Մուրադովը մեղադրեց Հայաստանի իշխանություններին, սադրանք որակեց գերիների վերադարձի մասին հայտարարությունները և այլն: Նա դարձյալ Պուտինի հրահանգո՞վ էր անում:

– Դե իհարկե, նա ինքնուրույն դա չի անի, նա զինվորական է, և ինչ ասում են, նա կատարում է հրաման: 

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը գերիների հարցն է բարձրացրել, երևի նա ինչ-որ խոսք է տվել, հանդիպումից հետո փոխել է իր խոստումը, և երևի իր օգնականներից մեկն է զանգել, ասել՝ հանկարծ չտաք: 

Եվ սադրելով ինչ պետք է անեին մեր իշխանությունները, սա սադրանքի և մտավարժություններ անելու տեղը չէ: Ավինյանը հայտարարեց, որ մեզ չհաջողվեց վերցնել գերիներին, և եթե այս հայտարարությունը ճիշտ է, ապա սադրանքը հենց Պուտինը Իլհամի հետ միասին են արել: 

Մանե Հարությունյան

MediaLab.am