«Նոր իշխանության տարինեին մենք չկարողացանք ապահովել քննչական մարմինների հետ համագործակցող կառույցի խնդիրը». Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը

– Տիկի՛ն Սաֆարյան, օրերս կասեցվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, քանի որ նրա առնչությամբ հարուցված քրեական գործ կա։ ԲԴԽ որոշմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են որպես դատավոր և որպես նախագահ՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Սա քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործընթաց է։

Չեմ կարող ասել, թե ի՛նչ գործի շրջանակում է, իրականությունը չգիտենք, որ պատկերացնենք՝ ինչ է կատարվում, բայց պետք է հիշենք, որ մարդը, լինելով արդարադատության երաշխավորներից մեկը և ի հակառակ դրան՝ գործառույթներ է իրականացնում, պետք է պատրաստ լինի նաև պատասխանատվության։ Ես կարծում եմ, որ կոնկրետ փաստեր կան, և հենց այնպես նման իրավիճակ չէր ստեղծվի։ Չեմ կարծում, որ դա քաղաքական մոտիվ կունենա։ Համենայնդեպս, իրենց ամբողջ պահվածքը իրավական քաղաքականությունը ձախողելն էր։ 

– Հնարավո՞ր է սա Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին արված այն հայտարարության շրջանակում է, որ վերջ է տրվում թավիշին։

– Չգիտեմ, բայց այն, որ պետք է վաղուց վերջ տրվեր թավիշին, ակնհայտ է։ Թավիշի վերջը նշանակում է լուրջ ռեֆորմներ և՛ օրենսդրական դաշտում, և՛ դատաիրավական դաշտում, որովհետև դատաիրավական դաշտ ասելով՝ չպետք է հասկանալ միայն դատավոր, քննիչ, դատախազ և մյուսներ, նաև պետք է հասկանալ օրենսդրական լրջագույն խնդիր, որովհետև 25 տարիների իշխանությունը բացարձակապես չի մտածել օրենսդրական բարեփոխումների մասին։ 

Եվ եթե անգամ որոշակի փոփոխություններ են արվել, այնպիսի մարմիններ են ստեղծել, որոնք հենց իրենց սեփական շահերն են պաշտպանել։ 

Հետևապես, թավիշին պետք է վաղուց վերջ տրված լիներ, որովհետև հիմա գործեր են բերում, և մենք տեսնում ենք, թե քաղաքացիական գործերով ինչ խայտառակ կարգավորումներ կան, ինչ ծանր վիճակում է հայտնվել ժողովուրդը հենց բանկային գործառույթներին վերաբերող գործերով։ 

Հետևաբար, իսկապես պետք է թավիշին վերջ տալ և գործ անել, իսկ գործ անել՝ նշանակում է փոփոխություններ իրականացնել, ինչը նույնպես կարժանանա շատերի դիմադրությանը։ Պետք է օրենքի կոշտ կանոնները կիրառվեն։

– ԲԴԽ նախագահը հայտարարություններ էր անում, անդրադառնում «վնգստացող դատավորներին»։ Այստեղ նախկինների հետ կապի մասի՞ն է կրկին խոսքը։

– Ես կարծում եմ, որ այս դատական համակարգում 40 դատավոր է, որ հին իշխանության հետ կապեր ունի և չի ուզում վերանայել իր հայացքները։ Ես կարծում եմ, որ նրանց մեջ մեծ տեղ ունի ԲԴԽ նախագահը՝ իր դերով։ 

Իհարկե, ես չեմ հասկանում՝ ինչո՛ւ նրան ընտրեցին ԲԴԽ նախագահ, որովհետև ունեինք ավելի հեղինակավոր դատավորներ, որոնք կարող էին այդ պաշտոնում ընտրվել, քանի որ ազնիվ սկզբունքներ ունեին, բայց ընտրվեց նա։ 

Եվ ի՞նչ է նշանակում՝ ԲԴԽ նախագահը քաղաքական գործունեությամբ զբաղվի, քաղաքական հայտարարություններ անի, դա խաթարում է ԲԴԽ նշանակությունը և ստեղծման նպատակը։ ՀՀ-ն արդարությունը վերականգնելու հարցում ունի խնդիրներ։

– Փաշինյանը հայտարարում է«Չենք ուզում ուրիշի խամաճիկային դատական համակարգը փոխարինել մեր խամաճիկային դատարանով»։ Արդարացվա՞ծ է այսպիսի մեկնաբանությունը։

– Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, ես էլ եմ հաճախ այդպիսի միտք ասել, որ չենք կարող հորը ճանապարհել, տղային բերել նստեցնել իր տեղը, որովհետև նրանք երկուսն էլ նույն մակարդակի, նույն մտածողության մարդիկ են։ Ես կարծում եմ, որ պետք է ռեֆորմը նախ սկսել կրթական համակարգից։ 

Դա բարդ բան չէ, պարզապես պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, որոնք սովորելու հնարավորություն չունեն, հնարավորություն ստեղծել սովորելու, և մենք կունենանք նորմալ վիճակ։ 

Այսօր ամենակարևորը երկու ոլորտն է՝ իրավագիտությունը և բժշկությունը, նաև տնտեսական են, բայց մենք ակնհայտորեն ձախողել ենք այդ ոլորտները, որովհետև այդ կրթական համակարգից օգտվում են միայն հարուստների երեխաները, որոնք ամեն ինչ փողի մեջ են տեսնում, և, չեմ կարծում, որ այս երկրում կարող են լուրջ փոփոխություններ մտցնել։ Մենք այդ ռեֆորմները կարող ենք առանց ցնցումների անել։

– Երեք տարին բավարար չէ՞ր նման քայլեր անելու համար։

– Երեք տարում կարելի էր բավականին բաներ անել, և այնպես չէ, որ կարծում եմ, թե երեք տարին քիչ էր, բայց նաև չեմ ուզում թերագնահատել այն օբյեկտիվ հիմքերը, որոնք ՀՀ-ն թուլացրին՝ պատերազմ, կորոնավիրուս, դատական իշխանության դիմադրություն և այլն։ 

Այս հանգամանքները բավականին ազդել են, բայց կարող էին առաջին ամիսների ընթացքում իրականացնել այդ փոփոխությունները, կարող էին կոշտ մեթոդներ, խիստ պատժամիջոցներ կիրառել օրենքի սահմաններում։ 

Կարող էին որոշակի հոդվածներ հանել, որոնք խանգարում են շատ հարաբերություններ կարգավորելուն և ծանր վիճակի մեջ են դնում մարդկանց։ Այսինքն՝ կոնկրետ գիտեմ, թե գործնական կյանքում ո՛ր հոդվածներն են դատարանում դատավորին զրկում այլ որոշում կայացնելու հնարավորությունից։ 

Այսինքն՝ այնպես չէ, որ միայն դատարանների և դատավորների վրա պետք է գցել մեղքը, կան որոշակի թվով մեղքեր, որոնք օրենսդրությամբ են պայմանավորված։ 

Քննչական մարմիններում էլ կան լավ քննիչներ, որոնք նույնպես ուզում են փոփոխություններ։ Այնպես չէ, որ իրենք չեն մտածում այդ փոփոխության մասին, բայց այնպես չլինի, որ թացը չորի հետ խառնենք, դա ամենավտանգավորը կլինի։ 

– ՍԴ որոշումից հետո էլ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։ Ի՞նչ եք դուք կարծում։

– «Մարտի 1»-ի բացահայտման հետ կապված մենք արդեն գիտենք՝ ովքեր են հիմնական աժիոտաժ ստեղծողների խումբը, ովքեր են կազմավորել խմբավորումները, ովքեր են կեղծել ապացույցները, մենք այդ բոլորը գիտենք։ 

Գիտեք ինչո՞ւ է ձախողվել «Մարտի 1»-ի որոշակի ապացուցողական բազա ստեղծելու խնդիրը․ դրա մեջ էլ է հին իշխանության մեղքն առկա, բայց նաև նոր իշխանության տարիներին մենք չկարողացանք ապահովել քննչական մարմինների հետ համագործակցող կառույցի խնդիրը։ 

Եվ տեսանք, թե որ մարմինները ում են ծառայում, և ցավալի է, որ կիսատ-պռատ հարցեր մնացին, որոնք շահարկվում են պաշտպանական կողմի կողմից՝ առանց գնահատելու իմ բարձրացրած հանգամանքը, որ այդ ձախողումներն էլ էին իշխանության խնդիրը։

Եթե խոսքը պատասխանատվություն կրելու մասին է, ապա շատ-շատ մարդիկ կան, որ կարող էին պատասխանատվության ենթարկվել, եթե իսկապես որոշվեր պատժիչ գործառույթներ իրականացնել։

Հիմնականում այսօր պատասխանատվության խնդիր է դրվել այն մարդկանց առջև, որոնք այդ ամենի կազմակերպիչները և դիրիժորներն են, և այս տեսանկյունից պարզ է, թե ովքեր են արել։ Եվ գտնում եմ, որ սպանությունները բացահայտելու առումով կա հնարավորություն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am