«Ռուսաստանը լուրջ շահեր ու մեծ սպասելիքներ ունի Թուրքիայից ու Ադրբեջանից և ԵԽԽՎ-ում դեմ քվեարկեց հայ գերիների հարցին». Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, ԵԽԽՎ նիստում քննարկվեց հայ գերիների հարցը։ Որքանո՞վ են կարևոր այսօրինակ քննարկումները, և սա ինչ-որ կերպ կնպաստի՞ խնդրի լուծմանը։

– Այս քննարկումը միանշանակ պետք էր։ Որքանով տեղեկացված եմ՝ ինչ-որ բանաձևի ընդունում նախատեսված չէ այս քննարկումից հետո։ Բայց դա շատ կարևոր էր մի քանի պատճառներով։

Առաջին հերթին կարևոր է, որպեսզի այդ հարցը մեծ հնչեղություն ստանա։ Ռուս-թուրք-ադրբեջանական ֆորմատով ոչ մի շարժ չկա այս հարցի լուծման առումով։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ Ղարաբաղի հարցը դուրս բերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից։ Եվ դրա հետևանքը մենք ունեցանք լուրջ կորուստներ։ Նույնիսկ չլուծվեց հասարակ հարցը, որը նախատեսված էր եռակողմ հայտարարությամբ, որ պետք է լուծվեր՝ գերիների վերադարձը։

Հետևաբար, այս հարցը պետք է դուրս բերել միջազգային հարթակներ, որ այլ խաղացողներ խաղի մեջ մտնեն, և գոնե դա ստիպի Ալիևին կատարել ստանձնած պարտավորությունները։ Ալիևն ապացուցեց, որ Պուտինն իր համար հեղինակություն չէ։

Ինքը փաստորեն այս վերջին իրադարձությունների ժամանակ մերժեց Պուտինին, ոչ միայն Հայաստանին։ Ալիևը գնաց Մոսկվա, հետո Նիկոլ Փաշինյանը գնաց, բայց հետո ինքնաթիռը դատարկ եկավ Հայաստան։

Դա նշանակում է, որ Ադրբեջանի համար Պուտինն էլ հեղինակություն չէ։ Ուրեմն, պետք է հայ գերիների հարցը դուրս բերել միջազգային կառույցներ՝ Եվրախորհուրդ, ԵԱՀԿ-ի ֆորմատ, ՄԱԿ։

Հիմա, իմ կարծիքով, այս առաջին քայլը ճիշտ էր, որ մեր պատվիրակությունը հասավ նրան, որ ԵԽԽՎ օրակարգ մտավ այս հարցը։ Ինքնին քննարկման փաստը նույնպես շատ կարևոր է։

Նաև շատ կարևոր է, որ հարցը բոլոր եվրոպական երկրների կողմից աջակցություն ստացավ։ Ո՞վ դեմ քվեարկեց՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Նորից մենք տեսնում ենք, որ այս նույն ֆորմատը մեր դեմ է գործում։ Մյուսները կողմ են։

– Ինչո՞ւ ԵԽԽՎ ռուս պատվիրակները դեմ քվեարկեցին, սա ի՞նչ ուղերձներ ունի։

– Պատճառները շատ են։ Այդ պատճառներից մեկը հենց այն է, որ Ռուսաստանը լուրջ շահեր ու մեծ սպասելիքներ ունի Թուրքիայից և Ադրբեջանից։

Այլ հարց է, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղեր կտան, այդ սպասելիքները չեն արդարացնի, Ռուսաստանը կկատաղի, կարող է նույնիսկ ինչ-որ քայլեր հօգուտ մեզ արվեն։ Բայց սպասելիքներն այնքան մեծ են, որ Ռուսաստանն աչքերը փակեց այն հարցի վրա, որ մենք ռազմավարական պարտնյոր ենք։

Ու, դժբախտաբար, շարունակում է այդ քաղաքականությունը, այսօր էլ մենք տեսանք, որ Ռուսաստանի պատվիրակության մի մասը դեմ, մյուս մասը՝ ձեռնպահ քվեարկեցին ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը։ Նրանց թվում կողմ քվեարկողներ չեղան։

Բայց չնայած սրան, ես այդ քննարկումը համարում եմ շատ կարևոր։ Այս փաստը շատ կարևոր է, որ նեղն ընկնի Ադրբեջանը, քանի որ հիմնավորումներ չեն ունենա։ Ի՞նչ կարող են ասել, պատերազմն ավարտվեց, բայց մարդկանց չեն վերադարձնում։ Պարզ է, որ հումանիտար օրենքի խախտում է տեղի ունենում։

Բացի դրանից, ես կարևորում եմ նաև այն, որ մեր ժողովրդի աչքերը կբացվեն։ Այս քննարկումները ցույց կտան՝ ո՛վ է մեր բարեկամը, ո՛վ մեր բարեկամը չէ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am