Իրավապահ մարմիններն անմիջապես պետք է այդ բացահայտ խուլիգանությանն արձագանքեին. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ուղեկցվեց սեռական բնույթի ամենաթունդ հայհոյանքներով։ Սա ի՞նչ ուղերձ է իր մեջ պարունակում։ Արդյոք բարեփոխված ոստիկանություն ունենալու դեպքում նման բան կարո՞ղ էր տեղի ունենալ։

Նախ՝ արձանագրենք, որ եթե Մեղրիի կենտրոնում՝ հրապարակում, կանգնում են և հայհոյանքներով բացահայտ խոսում են ոստիկանության ներկայությամբ, այստեղ մեղքի բաժինն ունի նաև վարչապետը, որը չի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հայհոյանքն այնքան դատապարտելի լիներ, որ ոստիկանությունը՝ ձեռքները ծալած, կանգնած չլսեր։

Սա խայտառակ իրավիճակ է, կանայք, երեխաներ կագնած են հրապարակում, և այդ հայհոյանքները հեռարձակվում են լրատվամիջոցներով։

Իրավապահ մարմիններն անմիջապես պետք է այդ բացահայտ խուլիգանությանն արձագանքեին, մասնակիցներին պետք է բերման ենթարկեին, անմիջապես դադարեցնեին հավաքը։

Եվ ինձ բացարձակ չի հետաքրքրում՝ նրանք ում թիմակիցներն են՝ վարչապետի՞, թե՞ Քոչարյանի։ Ես չեմ պատկերացնում, որ այս հայհոյանքները տեղ գտնեն մեր իրականության մեջ։ Եվ եթե դա կա, նշանակում է՝ առաջիկա ընտրություններին ի՞նչ է լինելու։

Իմ երևակայությունը չի հերիքում՝ նկարագրելու, թե ինչ է լինելու, դա կարող են միայն Քոչարյանի համակիրները նկարագրել։

Սա մի իրավիճակ է, որ մթնոլորտ է ճնշում, սա ակնհայտորեն ընտրությունների միջավայրի վրա ազդող, ճնշում գործադրող հոգեբանություն է, որը, իմ կարծիքով, մշակվել է նախապես։ Եվ եթե մինչև հիմա շարունակում են հավաքը, նրանց ոչ մեկը չի զսպել, եթե այդ ոստիկաններին չեն շպրտել աշխատանքից դուրս, ես չգիտեմ, թե մեզ ի՛նչ է սպասում ընտրություններին։

Դուք ձեր գրառման մեջ նշել էիք, որ սրանք դեռ ծաղիկներ են: Ի՞նչ նկատի ունեիք:

– Նկատի ունեի այն, որ այս ընտրություններից հետո մենք ունենալու ենք ավելի վատ որակի խորհրդարան: Խորհրդարանում կարող են հայտնվել այն տղամարդիկ, որոնք հայհոյելու են վարչապետին: Վարչապետին հայհոյում են աջ ու ձախ: Մենք տեսել ենք 17 ուժերի հանրահավաքները, բռնության կոչերը, վարչապետի ու նրա կնոջ խրտվիլակն էին գնդակահարում: Այս ամենը նշանակում է, որ մենք նոր ընտրություններից հետո ավելին ենք տեսնելու: 

– Իսկ այստեղ ո՞րն է իշխանության մեղքը, որ բարեփոխումներ չե՞ն իրականացրել ոչ միայն դատական, այլ նաև ոստիկանության համակարգում:

– Ամբողջ օրը խոսում են ոստիկանության բարեփոխումների մասին: Վարչապետը ևս խոսում էր դրա մասին: Բայց մենք տեսնում ենք, որ միայն ոստիկանության պետերն են փոխվում, բայց հոգեբանությունը, այդ վիճակը, որ կարող են ոստիկանները գնալ անհետ կորած զինվորների ծնողներին հրմշտել, քաշքշել, բռնություն կիրառել, չի փոխվում:

Ու դա տեղի է ունենում բարեփոխումների կարգախոսներին զուգահեռ: Ես չեմ պատկերացնում, որ ոստիկանությունը կարող է բարեփոխվել, դրանք ուղղակի խոսքեր են:

Վարչապետ Փաշինյանը որևէ գործընթացի լուրջ չի վերաբերվում, նա չի կարող ոստիկանությունը բարեփոխել, ուղղակի կարող է դրա մասին խոսել, ինչն էլ անում է: Եթե ոստիկանության բարեփոխման հարցը լուրջ դրված լիներ, որևէ ոստիկան չէր կանգնի, հայհոյանք լսի:

Մենք տեսել ենք նախորդ իշխանության տարիներին սևազգեստ մայրերին քաշքշելու բազմաթիվ դեպքեր, բայց հիմա նույնը չենք ուզում տեսնել: Ցավոք, վիճակը նույնն է:

– Վարչապետին կամ որևէ մեկին այսպիսի հրապարակային հայհոյանքների համար չպե՞տք է քրգործեր հարուցվեն, մարդկանց պատժեն:

– Դա հրապարակային խուլիգանություն է: Ես իրավաբան չեմ, բայց դա համարում եմ բացահայտ խուլիգանություն: Եթե մեկը նրանց հակադրվեր, երևի կլիներ ուժի կիրառում: Մի քանի կետեր ունի այդ հոդվածը: Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես կարող է լրատվամիջոցը եթեր տալ հայհոյանքները: Հնչում էին հրապարակային սեռական բնույթի սարսափելի հայհոյանքներ, դրանք պետք է խլացվեին:

– Հաշվի առնելով, թե ի՛նչ մթնոլորտ ու վիճակ են Սյունիքում, վարչապետի այցը Սյունիք արդարացվա՞ծ էր:

– Ես կարծում եմ, որ ինքն ուզում է հաղթահարել ինչ-որ բարիերներ, ինքնահաստատվել, ցույց տալ, թե չի վախենում: Այդպիսի մթնոլորտում ես չեմ կարծում, որ վարչապետի այդ այցը կարող է բարձրացնել նրա հեղինակությունը: Նրա վարկանիշը շարունակաբար ընկնում է:

Մանե Հարությունյան

MediaLab.am