«2016-ին ունեցել ենք 16 տարվա կտրվածքով միգրացիայի ամենաբարձր ցուցանիշը». ժողովրդագրագետ

«2016-ին ունեցել ենք 16 տարվա կտրվածքով միգրացիայի ամենաբարձր ցուցանիշը». ժողովրդագրագետ
«2016-ին ունեցել ենք 16 տարվա կտրվածքով միգրացիայի ամենաբարձր ցուցանիշը». ժողովրդագրագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

– Պարո´ն Մարկոսյան, ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեզ հետ զրույցում նշել է, որ 2016-ի ամբողջ տարվա միգրացիայի մնացորդը կազմել է  – 24.800, իսկ նախորդ տարվա մնացորդը՝ – 25.900 է եղել: Նա նաև նշել է, որ հիմնականում աշխատունակ տարիքի մարդիկ են արտագաղթում՝ 16-59 տարեկանները: Որքանո՞վ է իրատեսական այս ցուցանիշը: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս:

– Եթե 2016-ն ամբողջությամբ դիտարկենք, ապա սահմանահատումների էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների համաձայն` 2016-ին ունեցել ենք միգրացիայի – 48.200 մնացորդ: Այսինքն՝ երկրից մեկնողները 48.200-ով ավելի են եղել ժամանողներից: Սա վերջին 16 տարվա կտրվածքով գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այսպիսի մեծ ցուցանիշ վերջինն ունեցել ենք 2001-ին, երբ գրանցվել էր միգրացիայի – 60.000 մնացորդ: Եթե դիտարկում ենք 2002-2006 թթ., ապա եղել են տարիներ, երբ մենք գրանցել ենք միգրացիայի դրական սալդո, ինչը պայմանավորված էր նրանով, որ նվազել էր մշտական մեկնողների թիվը և ավելացել աշխատանքային միգրանտների թիվը, որոնք մեկնում են, աշխատում և վերադառնում: 2007-ից հետո դրական սալդոն կրկին ձևափոխվեց բացասականի, և 2009-ից հետո այն կայուն կերպով աճեց: Եվ արդեն 2016-ին, այո´, այն կազմեց – 48.200 մարդ: ԱՎԾ-ն նշել է, որ 24.000 հոգի դուրս է եկել այստեղի գրանցումից և մեկնել արտասահման, ԱՎԾ-ն հաշվարկում է այն մարդկանց ցուցանիշը, ովքեր մշտապես են հեռանում Հայաստանից: Առաջին եռամսյակում մենք ունենք միգրացիայի նվազում մեկնողների և ժամանողների: Բայց այսօր շատացել է, մասնավորապես, սոցիալ-տնտեսական հիմքերով արտագաղթը: Վերջին երկու-երեք տարիներին բավականին մեծացել է աշխատանքային միգրանտների թիվը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2013-2016 թթ. մենք ունեցել ենք միգրացիայի բացասական սալդո՝ 150 հազար մարդ, որից 80 հազարը մշտական մեկնողներն են եղել, 60 հազարը՝ ժամանակավոր, 10 հազարն էլ` այլ պատճառներով մեկնողներ: Եվ 53 տոկոսից ավելին եղել են մշտական մեկնողները:

Մշտական մեկնողների թվաքանակի ավելացմանը նպաստեց Ղրիմի միացումից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները, նավթի ու գազի գների անկումը, որի հետևանքով տեղի ունեցավ ռուբլու կտրուկ արժեզրկում: Այն մարդիկ, որոնք տարիներով գնում և աշխատում էին Ռուսաստանում, ապա վերադառնում, այնտեղ հիմնավորվել էին, սակայն ընտանիքներին չէին տանում: Ռուբլու կտրուկ արժեզրկման պայմաններում իրենք իրենց ընտանիքներին սկսեցին տանել Հայաստանից: Հաշվարկն այնպես էր, որ եթե ես կրկնակի ավելի գումար պետք է ուղարկեմ Հայաստան, ապա ավելի լավ է ընտանիքիս տանեմ, իրենք էլ կաշխատեն այնտեղ, և մենք ավելի լավ կենսամակարդակ կունենանք, քան եթե ես ավելի շատ աշխատեմ, կրկնակի գումար ուղարկեմ, որ իմ ընտանիքը գոնե պահպանի այն կենսամակարդակը, որ ուներ մինչև 2014 թվականը, մինչև ռուբլու կտրուկ արժեզրկումը:

Ավելացել են նույնիսկ ամերիկյան գրին քարտի հայաստանյան խաղարկության ցուցանիշները: Մի այսպիսի տվյալ ունենք. Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Հայաստանը գրին քարտի դիմողների թվով չորրորդն է: 2015-ի տվյալներով` Հայաստանից 2500 հոգի գրին քարտ է շահել, այսինքն՝ տարեկան մոտ 60 հազար մարդ է դիմում գրին քարտ ստանալու համար: Սա իրոք մեծ ցուցանիշ է ամբողջ Արևելյան Եվրոպայի կտրվածքով: Այսօր մեծացել է նաև աշխատանքային միգրացիայի ցուցանիշը, այսինքն՝ մարդիկ, ովքեր գնում են, աշխատում և վերադառնում են: Սակայն այն ևս իր բացասական կողմն ունի: Եթե մարդը մեկ տարուց ավելի է մնում, և դա մի քիչ երկարում է, ապա նրա վերադառնալու հավանականությունը, ցավոք, նվազում է: Մշտական միգրացիան ամենավտանգավորն է, որովհետև դա այն միգրացիան է, որն ազդում է բնակչության թվաքանակի վրա, որովհետև եթե տանում է ընտանիքին, նշանակում է՝ տանում է նաև երեխաներին, այսինքն՝ կրճատվում է ապագա մայրերի, հայրերի բազան, ովքեր այստեղ պետք է երեխաներ ունենային:

– Տեղեկատվություն կա, որ նախկին պաշտոնյաները, նրանց հարազատները նույնպես արտագաղթում են: Ի՞նչ ցուցանիշ է Ձեզ հայտնի:

– Նման ցուցանիշ չկա, բայց վերջին երկու տարիներին Հայաստանից կապիտալի արտահոսք կա ԱՄՆ և ՌԴ: Նախորդ տարի մոտավորապես 50 միլիոն դոլարի բացասական ցուցանիշ ենք ունեցել ԱՄՆ-ի հետ:

– Վարչապետը սփյուռքահայերին կանչում է Հայաստանում ներդրումներ անելու, սակայն որևէ արձագանք չկա: Ինչո՞ւ, վստահությա՞ն խնդիր է:

– Ներգաղթի առումով որևէ լավ ցուցանիշ չունենք: Այո՛, մենք ունեցել ենք ներգաղթ 2011-ից հետո՝ կապված սիրիական ճգնաժամի հետ, երբ մեր սիրիահայ հայրենակիցները ստիպված լքում էին Սիրիան, քանի որ ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ էին: Մոտ 25 հազար սիրիահայ է ներգաղթել Հայաստան: Սակայն կամավոր ներգաղթի համար Հայաստանում պետք են շատ լուրջ բարեփոխումներ: Անհրաժեշտ է բարելավել ներդրումային միջավայրը, դատական և արդարադատության համակարգերը, որովհետև գործարարներ կան, որ այստեղից հեռանում են և պատմում իրենց պատմությունը, թե ինչպես են վարվել Հայաստանում իրենց հետ, թե ինչպես նույնիսկ դատական կարգով չեն կարողացել իրենց գումարները ստանալ: Եվ այդպիսի պատմություններ լսելով` չեմ կարծում, որևէ մեկը գա, ներդրումներ անի: Պետք է առաջին հերթին վստահություն լինի, հենց դա է պակասում:

– Սակայն Սերժ Սարգսյանը 2040-ի համար կանխատեսում է 4 միլիոն բնակչություն:

– Արտագաղթը, այսպես թե այնպես, մի պահ կանգ է առնելու, որովհետև արտագաղթողների պոտենցիալն ինչ-որ մի պահ վերջանալու է: Պարզապես երբ կանգ առնի, ի՞նչ թվաքանակ և սեռատարիքային կազմ կլինի այդ ժամանակ: Այսինքն՝ եթե գնում են երիտասարդները, և այստեղ մնում են ծերերը, մեծահասակները, անկարողունակ մարդիկ, դա արդեն թվաքանակի խնդիր չէ: Հարցն այն է, թե մենք 10 տարի հետո ինչպիսի բնակչություն կունենանք` ծերացա՞ծ, թե՞ երիտասարդ հասարակություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակավոր միգրացիայի միջին տարիքը 21-54 տարեկան տղամարդիկ են: Գյուղեր գնացեք և կտեսնեք` մինչև 50 տարեկան տղամարդիկ գյուղերից բացակայում են, Կոտայքից են այսօր շատ գնում, նաև` Շիրակից, Լոռիից, Գեղարքունիքից: Միայն Սյունիքն է, որտեղից այդքան մեծ արտահոսք չկա, և դա լավ է:

– Հանքերի շահագործմա՞ն շնորհիվ:

– Չկա չարիք առանց բարիքի: Սա Հայաստանի առաջին ռազմավարական մարզն է, և դա կարևոր է, որ միգրացիան այնտեղից քիչ է:

Մի հետաքրքիր հետազոտություն ևս կա. այստեղի հայ երիտասարդները ձգտում են ամուսնանալ դրսում գտնվող հայ աղջիկների հետ, և սա էլ միգրացիայի մի տեսակ է: Միգրացիայի մի տեսակ էլ կարող է այն դառնալ, որ վերջին տարիներին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքով մենք ապագայում ունենալու ենք տղաների ավելցուկ Հայաստանում: Վերջին 15 տարիների կտրվածքով` մոտ 45 հազար տղա: Եվ սա արտագաղթի բույն է, քանի որ եթե տղաներն այստեղ չկարողանան ամուսնանալ, ապա, բնականաբար, հայացքը պետք է թեքեն այլ երկրներ: Աբորտների դեմ պայքարը պետք է ավելի շուտ սկսվեր: Դրա հետևանքով ապագա մայրերի թիվը կրճատվելու է: Եթե միգրացիայի այլ դրդապատճառներ էլ չլինեն, սա միգրացիայի ամենավառ օրինակներից մեկն է լինելու: Բոլոր դեպքերում, արտագաղթն անվերջ չի կարող շարունակվել, սակայն որքան շուտ կանգ առնի, այնքան լավ. որքան կարողանանք այստեղ բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը, դատական և արդարադատության միջավայրերը, օրենքի գերակայությունը, այս ամենը կնպաստի արտագաղթի կանխմանը:

Մանե Հարությունյան

Լուսանկարը՝ Եվրասիանեթ (Հայաստան, գյուղ Չիվա)

MediaLab.am