Հայ-թուրքական արձանագրություններ. չնայած բողոքի ալիքին` սահմանադրական դատարանի որոշումը դրական է

Հայ-թուրքական արձանագրություններ. չնայած բողոքի ալիքին` սահմանադրական դատարանի որոշումը դրական է
Հայ-թուրքական արձանագրություններ. չնայած բողոքի ալիքին` սահմանադրական դատարանի որոշումը դրական է

Մինչ երեքշաբթի` հունվարի 12-ին, բազմաթիվ մարդիկ «Ո´չ մի զիջում թուրքերին», «ՍԴ, մերժի´ր հակասահմանադրական արձանագրությունները» պաստառներով ոստիկաններով շղթայված սահմանադրական դատարանի շենքի մոտ պիկետ էին անում, վերջին ամիսներին մեծ աղմուկ բարձրացրած հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, ՍԴ որոշմամբ, ճանաչվեցին սահմանադրական:
«Ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշվեց սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ուժի մեջ մտավ հայտարարության ընթերցման պահից:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարների` երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին արձանագրությունները ներկայացրեց ՍԴ` երկրի Սահմանադրությանը համապատասխանության հաստատման նպատակով:

ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանը օրենքով սահմանված կարգով, «մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը»: «Ես չէի էլ կասկածում, որ դրական որոշում կկայացվի»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, հայտնի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որն իր համակիրների հետ ՍԴ-ի առաջ իր բողոքն արտահայտեց արձանագրությունների ցուցադրական այրմամբ: – Որևէ այլ սպասելիք չենք էլ ունեցել: ՍԴ-ն իր ստեղծման պահից ի վեր կատարողի դերում է` ազգադավ որոշումներով»:

Փոստանջյանն ասում է, որ այս դեպքում պետք է «անհանդուրժող լինել» և, անկախ կուսակցական պատկանելությունից, ազգովին պայքարել արձանագրությունների վավերացման դեմ:

Արձանագրությունները, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում բողոքի ալիք են բարձրացրել և իշխանություններին կրկին քննադատության թիրախ դարձրել, ընդունվածի համաձայն, հաջորդիվ կմտնեն երկու երկրների խորհրդարաններ` վավերացման:

Սակայն ազգայնական ՀՅԴ և ևս 14 քաղաքական ուժեր, որոնք բաց նամակ են հղել ՍԴ-ին, արձանագրությունները մասամբ կամ լիովին ոչ սահմանադրական ճանաչելու պահանջով, հայտարարել են, թե շարունակելու են պայքարը և բոլոր ջանքերն  ուղղելու են խորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքներին, որպեսզի նրանք դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը:

«Հայաստանի իշխանություններն անզգուշաբար խրվեցին հայ-թուրքական գործընթացի մեջ, սակայն դրա տերը չեն:

Որքան շուտ կատարած սխալները գիտակցեն, այնքան հեշտ կլինի խուսափել սպառնալիքներից, որ կախված են երկրի և ժողովրդի գլխին»,- հայտարարել է ՀՅԴ առանցքային գործիչ Արմեն Ռուստամյանը երկուշաբթի ՀՅԴ հրավիրած հանրահավաք-երթի ժամանակ:

Սակայն իշխանական թևը հավատացնում է, որ իրենք «տեր են» իրենց սկսած քաղաքականությանը:

Թեև տարեվերջին Հայաստանի իշխանությունները կոշտացրին իրենց դիրքորոշումը, և նախագահ Սարգսյանը նույնիսկ ակնարկեց արձանագրությունների գործընթացի կասեցման հնարավորության մասին, ինչը շատ վերլուծաբաններ որակեցին որպես «հստակ մարտահրավեր սկսված գործընթացին»:

Սակայն ՀՀԿ մամլո պատասխանատու, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Մեդիալաբին» ասել է, թե ամեն ինչ ընթանում է իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հավատարիմ` առանց նախապայմանների հարաբերություններ Թուրքիայի հետ: «Մենք երբեք նախապայմաններով հարաբերությունների չենք գնա, ինչպես բազմիցս հայտարարել ենք,- ասում է Շարմազանովը:

– Բացի այդ, ՍԴ-ն հղում է արել մեր Անկախության հռչակագրին, որում սևով սպիտակի վրա գրված է ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու մասին, ինչպես նաև կետ կա արձանագրությունների` երրորդ կողմի վրա չտարածվելու մասին»:

ՍԴ տարածած հաղորդագրության համաձայն` արձանագրություններով ստանձնած փոխադարձ պարտավորությունները` միջազգային սկզբունքներին համապատասխան, «ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին»:

«Նախապայմանները հստակ են, և Թուրքիան ամեն դեպքում դրանք շեշտում է:

Այս դեպքում բառերից կառչելը ոչինչ չի փոխում: Իշխանությունները շարունակում են իրենց թույլ քաղաքականությունը,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: – Եվ մենք ամեն ինչ անելու ենք և´ խորհրդարանում, և´ դրանից դուրս, որպեսզի այս հակապետական, հակազգային գործընթացը կասեցվի»:

© Medialab.am