«Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև բարոյական դրական արժեքների պակաս կա». Զարեհ Պալյան

«Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև բարոյական դրական արժեքների պակաս կա». Զարեհ Պալյան
«Ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև բարոյական դրական արժեքների պակաս կա». Զարեհ Պալյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը, որը մասնակցում էր Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին:

– Պարո´ն Պալյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Վերջին օրերին ոստիկանները Հանրապետության հրապարակից ուժով հեռացրել են քաղբանտարկյալների հարազատներին, ովքեր փորձում էին Հայաստան եկած սփյուռքահայերին թռուցիկներ բաժանել:

– Սխալ են անում իշխանությունները: Թռուցիկ բաժանելը ո´չ պետության հիմքերին է սպառնում, ո´չ էլ որևէ մեկին, դա ժողովրդավարական երկրներում ամենաընդունված գործողություններից է, որը ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտվի:

– Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց նկատո՞ւմ եք:

– Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը լավ մակարդակի վրա չէ: Հարցերի հարցը և խնդիրների արմատը բարոյահոգեբանական ազնվական արժեքների պակասն է: Չենք կարող այս պահին միանգամից ասել՝ Սերժ Սարգսյանն է մեղավորը: Այո´, Սերժ Սարգսյանը շատ մեղքեր ունի, բայց եթե ժողովրդի արյան մեջ մտած են այս հակաարժեքները, ապա ով ուզում է լինի նախագահ` նույնն է լինելու: Եթե քո երկրում նախարարը գիշեր-ցերեկ մտածում է` ինչպե´ս թալանի ժողովրդին, և դու չունես այդ լծակները, թե ինչպե´ս նրան խելքի բերես, իրավիճակ չի փոխվի: Մեկին կարող ես խելքի բերել, բայց էլի կան, բոլորն են ուզում անօրեն մեթոդներով հարստանալ:

– Հետևաբար, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Ես առաջարկում եմ մի ծրագիր, որը Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ է միայն հնարավոր կյանքի կոչել: Դա բարոյահոգեբանական ազնվական արժեքների վերահաստատումն է Հայաստանում: Պետք է դպրոցներում հատուկ դասընթացներ լինեն այդ մասին: Հույսեր կան, որ կառավարությունը կարող է ընդառաջել: Ես բարձրաձայնել եմ, որ Հայաստանում բիզնես եմ կորցրել, դրանով ուզում եմ ցույց տալ, որ այդ բարոյահոգեբանական արժեքները չլինելու պատճառով է դա եղել: Իմ առաջարկած ծրագրով այդ արժեքները 77-ն են: Առաջարկում եմ առաջին հերթին դպրոցներում դրանք որպես պարտադիր ուսուցում մտցնել: Ես դրանով բոլոր հակաարժեքների դեմ եմ՝ անսկզբունքայնություն, ստախոսություն, շողոքորթություն, ապերախտություն…

– Կոռուպցիան ներառվա՞ծ է դրանում:

-Այո´, կաշառակերությունն առաջիններից մեկն է:

– Ինչո՞ւ է կոռուպցիան այսքան արմատացած Հայաստանում:

– Որովհետև 1500 տարի է՝ մեզանում կան այդ թերությունները: Դա և´ Մովսես Խորենացին է տեսել, և´ Հովհաննես Թումանյանը: Ոչ մի քայլ առաջ չենք գնացել, ընդհակառակը` հետ ենք գնացել: Սա մեր ժողովրդի մեջ մի արատ է, պետք է վերացնել: Մարդիկ գտնում են, որ կաշառակերությունը միջոց է, որով իրենց նպատակներին կարող են հասնել: Իհարկե, կաշառակերությունն իր հետ անարդարություն էլ է բերում:

– Ինչո՞ւ անարդարության դեմ Հայաստանի ժողովուրդը դուրս չի գալիս պայքարի:

– Մեր ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, որովհետև այդ բարոյական դրական արժեքների պակասը կա: Եթե դուրս գալը պահանջում է անձնազոհություն ու ազնվություն, արդեն խնդիր է: Երկրորդ` պետք է պրակտիկ լինել ու ավելի գործնական ձևով մտածել: Երբ ժողովուրդը հույս տեսնի, որ իսկապես իշխանափոխություն կամ փոփոխություն կլինի երկրում, դուրս կգա փողոց: Եթե ես ելնում ու բարձր նպատակներից եմ խոսում, բայց ժողովուրդը չի հավատում, որ կանեմ, ուրեմն ես եմ մեղավոր, չեմ կարողանում ժողովրդին իմ ազնվությամբ գրավել: Ժողովուրդն էլ իր հերթին վախեցած է: Ասում է՝ մի քանի ամիս առաջ հազիվ գործ եմ գտել, գնամ ցույցերի, այդ գործից էլ ընկնեմ, ի՞նչ է լինելու: Դրա համար նաև մարդիկ դուրս չեն գալիս փողոց:

– Ձեր ասածից հասկացվում է, որ նաև վստահելի քաղաքական ուժեր չկան, որոնց հետևից կարելի է գնալ:

– Այո´, չկա քաղաքական ուժ, որն այնպիսի հեղինակություն ունենար ժողովրդի մեջ, որ հավատային, թե նա կարող է փոփոխություն բերել: Այդ դեպքում մեր ժողովուրդն անմիջապես դուրս կգար փողոց: Մեր ժողովուրդը անարդարությունը տանող ժողովուրդ չէ, բայց չի տեսնում այդ ուժը:

– Հայաստանի իշխանություններն ի վիճակի՞ են ընդունելու իրենց սխալներն ու փոփոխություններ անել:

– Ես իշխանությունից չեմ սպասում այդպիսի ազնվություն: Ազնիվ մարդը Հայաստանում միամիտ հիմար է, հարիֆ: Ուրեմն իրենք ավելի շուտ շարժվելով գողական օրենքներով՝ չեն ասի, որ սխալ են: Բայց վարչապետ Կարեն Կարապետյանի մասին չեմ կարող այդ բանն ասել: Նա որոշ բաներ արել է, եթե հնարավորություններ ունենա, իմ կարծիքով` կարող է փոփոխություններ անել:

Լուսանկարը՝ tert.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am