ԶԼՄ-ների վրա շատ մեծ է քաղաքական ազդեցությունը, և պրոֆեսիոնալիզմին առաջնահերթություն չի տրվում․ Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, Մամուլի ազատության համաշխարհային օրվա համատեքստում ասացեք խնդրեմ՝ որքանո՞վ է Հայաստանում մամուլն ազատ, արդյոք անաչա՞ռ է, ազա՞տ է։

– Վերջին տարիներին հայաստանյան մամուլը ազատության առումով շատ քիչ խնդիրների է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ լրատվամիջոցները կարողանում են անկաշկանդ ու անկախ գործել, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեր մամուլը սերտորեն կապված է իրենց հիմնադիրների և սեփականատերերի մերձքաղաքական շահերի հետ և շատ դեպքերում ստիպված է սպասարկել այդ շահերը, ոչ թե գործել՝ ելնելով պրոֆեսիոնալ արժանապատվության և հանրային շահին սպասարկելու հրամայականով։

– Հայաստանի իշխանություններից ո՞վ և ի՞նչ մեթոդներով է փորձել խոչընդոտել մամուլի գործունեությունը իր ղեկավարման տարիներին։

– Լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու խիստ, եթե չասեմ՝ դաժան, մի քանի դրվագներ ենք ունեցել։ Այդպիսի նախադեպը 1994 թվականի վերջին – 1995 թվականի սկզբին էր, երբ օրվա իշխանությունները կարողացան ջարդ կազմակերպել գրեթե ամբողջ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, թեև դա հիմնականում կապված էր ՀՅԴ կուսակցության դեմ հարուցված քրեական գործերի հետ, սակայն տուժեցին ոչ միայն դաշնակցական լրատվամիջոցները, այլ նաև ընդդիմադիր այլ շրջանակներ ներկայացնող թերթեր։

Երկրորդ նման ակնհայտ դեպքը 2001-2002 թվականներին էր, երբ երկրորդ նախագահի օրոք քաղաքական որոշում կայացվեց՝ բացառել քաղաքական հակառակորդների օգտին աշխատող լրատվամիջոցների գործունեությունը։ Տարբեր եղանակներով փակվեցին «Նոյյան տապան» և «Ա1+» հեռուստաընկերությունները, որից հետո, կարելի է ասել, հաստատվել էր իշխանությունների մենաշնորհը հեռարձակման ոլորտում։

Այս երկու դեպքերը որպես ամենահզոր հարվածներ կհամարեի մեր 30 տարվա ընթացքում։ 

Երրորդ նախագահի օրոք լրագրողների նկատմամբ ոչ համաչափ ուժ կիրառվեց «Էլեկտրիկ Երևանի» և «Սասնա ծռերի» կողմից՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ, որպեսզի իրադարձություններն ամբողջությամբ չլուսաբանվեն։

Ներկայիս իշխանությունն էլ օրենսդրական տարբեր նախագծերով է փորձում խոչընդոտել մամուլի ազատությունը, ինչը ևս մտահոգիչ է, ինչի մասին փաստում են միջազգային տարբեր զեկույցները, որ Հայաստանում խոսքի ազատությունը հետընթաց է գրանցում։ 

– Պրոֆեսիոնալիզմի առումով ինչպե՞ս կգնահատեք ներկայիս ԶԼՄ-ների աշխատանքը, ու արդյոք այսօր հստակեցվա՞ծ է՝ ո՛րն է ազատ խոսքը, և ո՛րը՝ հայհոյախոսությունը։

-Հայաստանում բավականին մեծ է պրոֆեսիոնալ լրագրության ներուժը, բայց չկան դրան նպաստող օբյեկտիվ պայմաններ, ԶԼՄ-ների վրա շատ մեծ է քաղաքական ազդեցությունը, և այս պարագայում պրոֆեսիոնալ պահանջներին առաջնահերթություն չի տրվում, կարևորվում է կոնկրետ կողմնորոշումը։

Պրոֆեսիոնալիզմի առումով շատ ցածր որակ ունի հատկապես քաղաքական լրագրությունը, հասկանալի պատճառներով։ Այս իրավիճակով եմ պայմանավորում ձեր նշած հայհոյախառը լեզվի կիրառումը մամուլում։

Այն բառապաշարը, որն օգտագործում են քաղաքական գործիչները, այն վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որ ունեն կուսակցությունները, բնականաբար, չեն կարող չարտացոլվել ԶԼՄ-ներում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am