«Արտագաղթի պատճառներից մեկն այն է, որ ծնողներն իրենց տղա երեխաներին տանում են երկրից դուրս». Նաիրա Զոհրաբյան

«Արտագաղթի պատճառներից մեկն այն է, որ ծնողներն իրենց տղա երեխաներին տանում են երկրից դուրս». Նաիրա Զոհրաբյան
«Արտագաղթի պատճառներից մեկն այն է, որ ծնողներն իրենց տղա երեխաներին տանում են երկրից դուրս». Նաիրա Զոհրաբյան

Հայաստանից արտագաղթի խնդրի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

– Տիկի՛ն Զոհրաբյան, ունե՞ք հաշվարկ` Հայաստանից արտագաղթողների քանի տոկոսն է արտագաղթում այն պատճառով, որ փորձում են իրենց տղա երեխային տանել երկրից՝ ազատելով բանակում ծառայելուց:

– Ցավոք սրտի, եթե նախկինում արտագաղթողների տեսակարար կշռում երևի թե ամենաքիչն այն ընտանիքներն էին, որոնք տղա երեխաներին հանում էին երկրից, վերջին երեք տարիներին շատ ավելի մեծ տեսակարար կշիռ են սկսել կազմել այդ ընտանիքները:

Մենք փորձել ենք մեր հանձնաժողովում վերլուծություն իրականացնել նաև Միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ: Պ

արզել ենք, որ արտագաղթի համար որպես առաջին պատճառ շարունակում են մնալ սոցիալական խնդիրները: Մարդիկ չեն կարողանում երկրում պահել իրենց ընտանիքը և այդ պատճառով դիմում են բոլոր հնարավոր, ցավոք սրտի, նաև անհնար միջոցների: Երբեմն նաև ամենաանթույլատրելի միջոցների են դիմում, հայտարարելով, որ իրենց ամուսինը կամ կինը ադրբեջանցի են և այլն: Լրջագույն հարց է այն, թե ինչպե՛ս են այդ մարդիկ կարողանում կեղծ ծննդականներ ստանալ՝ իբր ադրբեջանական ծագումն ապացուցող:

Երկրից գնացողների մյուս խումբը ծանր հիվանդներն են: Դրանից օգտվելով՝ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ կլինիկաներ, այսպես ասած, դարձել են ԱՊՀ երկրների քաղաքացիների համար «գրդոն ցեխեր»:

Այն գումարը, որ այդ մարդիկ վճարում են ենթադրյալ բարձրակարգ բուժծառայություն ստանալու համար, ցավոք, շատ դեպքերում լինում է ոչ արդարացված: Մասնավորապես, Գերմանիայի, Իսրայելի որոշ կլինիկաներ ԱՊՀ երկրների ծանր հիվանդներին որպես փողի աղբյուր են դիտարկում: Եվ դուք նաև գիտեք, որ միջնորդների մի մեծ ինստիտուտ է ձևավորվել երկրում, ովքեր կլինիկաներից կլիենտներ են փախցնում՝ արդյունքում տալով ոչ որակյալ բուժծառայություններ:

– Հիվանդների այդ հոսքի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում, մասնավորապես, քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդներ չկա՞ն:

– Իհարկե, ծանր հիվանդությունների դեպքում, ցավոք, դրանք հիմնականում չարորակ նորագոյացություններն են, Հայաստանում հիվանդը դատապարտված է: Արտերկրում գոնե շանս կա, որ հնարավոր է կա՛մ իսկապես փրկել մարդու կյանքը, կա՛մ առնվազն երկարաձգել: Հայաստանում քաղցկեղը դատավճիռ է, մարդիկ ամբողջ ունեցվածքն են վաճառում՝ բուժման ծախսերը հոգալու համար: Այնինչ լուրջ առողջապահական համակարգ ունեցող երկրներում դա ամենևին էլ դատավճիռ չէ:
Եվ իհարկե, արտագաղթի մյուս պատճառն այն է, որ ծնողներն իրենց տղա երեխաներին տանում են երկրից դուրս: Երբ արական սեռի երեխան դառնում է 12-13 տարեկան, տանում են դուրս, հատկապես եթե տղան ընտանիքի միակ արու զավակն է:

– Ինչո՞ւ են փորձում բանակից զերծ պահել իրենց որդիներին, պատճառը պատերազմի՞ սպառնալիքն է, թե՞ այլ պատճառներ էլ կան:

– Ես կարծում եմ, որ պատճառները համալիր են: Առաջին պատճառներից մեկը գործող ոչ հավասար պայմաններն են: Պաշտոնյայի երեխային չեն տանում առաջնագիծ, իսկ սոցիալապես անապահով խավի երեխան ծառայում է առաջնագծում: Բազմաթից պատճառների մի համախումբ է գործում այստեղ, սա լուրջ վերլուծության կարիք ունի:

– Այսինքն՝ տղա երեխաներին բանակից հեռու տանելու գործում տեղ ունի նաև անարդարությո՞ւնը:

– Իհարկե, անարդարությունն այստեղ տեղ ունի: Եթե մարդն իմանա, որ հավասար պայմաններում են պաշտոնյայի և իր զավակը, ինչքան էլ մարդու համար ծանր լինի իր երեխային առաջնագիծ ուղարկելը, նա հասկանում է, որ նախարարի որդին իր որդու հետ միասին ծառայում է առաջնագծում: Եվ այդ դեպքում գոնե անարդարության դեպրեսիվ զգացումը չի լինի:

Բայց Ես որևէ մեկին չեմ կարող մեղադրել այս հարցում, բայց կարծում եմ, որ եթե դու Հայաստանի քաղաքացի ես, չպետք է երեխայիդ փախցնես երկրից, դու նաև Հայաստանի զինվորն ես: Հիմա անարդարություն և բազում պատճառներ կան, որ մենք պետք է նստենք ու բաց քննարկենք, ոչ թե ասենք` բանակը թեմա է, որին կպնել չի կարելի, որ հանկարծ թուրքը չիմանա մեր պրոբլեմների մասին: Մենք այդ ռաբիս մտածելակերպը պետք է թողնենք մի կողմ և կարողանանք արտագաղթի բոլոր պատճառները բաց ու հրապարակային քննարկել:

– Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ազգ-բանակ հայեցակարգով փորձում է դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքներին գայթակղել: Երեք տարվա ծառայության դիմաց զինծառայողներին առաջարկվում է 5 մլն դրամ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին:

– Ես կարծում եմ, որ դրանով ամեն դեպքում փորձ է արվում ինչ-որ մեխանիզմներ ներդնել: Հիմա եթե դա էլ չանեին, կասեինք՝ ոչինչ չեն առաջարկում: Հիմա սա իրավիճակից գրագետ ելք է: Ընտրությունը զինվորի ընտանիքինն է: Թե ինչքանո՛վ դա կաշխատի` դեռ չգիտեմ:

– Բայց հնարավո՞ր է այդ առաջարկի շնորիվ որոշ ընտանիքների հետ պահել արտագաղթից:

– Իհարկե հնարավոր է, որովհետև, այո՛, միգուցե դրա հիմքում սոցիալական շահագրգռվածությունն է, բայց այդ զինվորը միևնույն է, երկրից գնալու էր: Եթե իրեն առաջարկվում են նաև որոշակի արտոնություններ՝ երկու շաբաթ ծառայություն, մեկ շաբաթ տանը, գուցե համաձայնեն մնալ: Ես դժվարանում եմ ասել՝ այդ մեխանիզմն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, բայց գոնե մարդկանց ընտրության հնարավորություն է տրվում: Երբ մարդուն տրվում է ընտրության հնարավորություն, այստեղ արդեն քննարկման դաշտ կա: Իսկ երբ ընտրության հնարավորություն չի տրվում, ասվում է՝ դու պետք է գնաս առաջնագիծ, իսկ այս տղան չպետք է գնա, այստեղ արդեն ցանկացած խոսակցություն ավարտվում է, և մենք բախվում ենք այն իրավիճակին, որ մարդիկ ամեն ինչ անում են երկրից փախչելու համար:

– Տեղյակ ենք, որ դուք եղել եք արտերկրում ապաստան հայցողների ճամբարներում, տեսել, թե այնտեղ ի՛նչ պայմաններում են ապրում հայերը: Ի՞նչ իրավիճակ է, կարծես մարդիկ գերադասում են այդ ճամբարներում անորոշ կարգավիճակով ու կենցաղային վատ պայմաններում տարիներով ապրել, միայն թե հեռանա՞ն Հայաստանից:

– Այո՛, ցավոք դա այդպես է: Ես հատուկ գնացել եմ այդ ճամբարներ, տեսել, թե ի՛նչ պայմաններում են մարդիկ այնտեղ մնում: Տարրական հիգիենայի պայմաններից զուրկ են ապրում, մեկ սենյակում կարող են ապրել թուրքի կամ Սոմալիից գաղթած մի ընտանիքի հետ, որովհետև ընտրության իրավունք չունեն:

Ինձ համար հասկանալի չէ նրանց ընտրությունը, բայց ես բարոյական իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրելու: Նրանք գերադասում են այդ կյանքը, որովհետև ինչ-որ նվազագույն ապահովություն են ունենում, գոնե օրվա հացի խնդիր են լուծում՝ կլինի կտրոնով թե մեծ տակառներով բաժանվող ճաշի տեսքով: Այստեղ մարդիկ դա էլ չունեն, քանի՞ հազարավոր ընտանիքներ կան, որոնց երեխաները քնում են սոված, հացի կարոտ: Այնտեղ գոնե երեխան կուշտ է քնում:

Գալիս է մի փուլ, երբ արդեն դեգրադացվում են մարդու բարոյական պահանջները: Մնում է միայն մեկ պահանջ. կկարողանա՞մ ապահովել իմ երեխայի օրվա հացը: Սա ողբերգություն է, երբ ընտանիքի պահանջն այնքան է տրանսֆորմացվում, որ դառնում է միայն հանապազօրյա հացի ապահովման խնդիր: Սա մեր բոլորի ողբերգությունն է: Մենք պետք է ահա այս հարցերի լուծումների շուրջ փորձենք համազգային կոնսենսուս ձևավորել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am