«Ո՞վ կուզեր իր տունուտեղից, բնից, հողից կտրվեր, գնար դժվար աշխատանք կատարեր». Տաթևի «Ուրարտու» ռեստորանը՝ Բարսելոնայում

«Ո՞վ կուզեր իր տունուտեղից, բնից, հողից կտրվեր, գնար  դժվար աշխատանք կատարեր». Տաթևի «Ուրարտու» ռեստորանը՝ Բարսելոնայում
«Ո՞վ կուզեր իր տունուտեղից, բնից, հողից կտրվեր, գնար դժվար աշխատանք կատարեր». Տաթևի «Ուրարտու» ռեստորանը՝ Բարսելոնայում

Իսպանիայում` Բարսելոնայի Կաստելդեֆելս քաղաքում է ապրում Հայաստանից 16 տարի առաջ արտագաղթած Տաթևի ընտանիքը։ Տաթև Թամարյանը և ամուսինը հիմնել են «Ուրարտու» մսամթերքի և արագ սննդի կետը, որը դարձել է իսպանացիների սիրելի վայրը։

Բազմաթիվ դժվարությունների միջով անցած այս կինը գտել է քմահաճ իսպանացիների քիմքին դուրեկան համի գաղտնիքը։ Պատրաստում է արգենտինական խորոված, բուրգերներ: Նկատում է, որ հայկական և իսպանական խոհանոցների տարբերությունը շատ մեծ է, հայկական խոհանոցից գրեթե ոչինչ չի օգտագործում: Ասում է՝ իսպանացիները չեն սիրում ուրիշ համեր: Երբեմն կատակում է. աշխատակիցները իսպաներեն հարցեր են տալիս, ինքը հայերեն է պատասխանում: Հարցնում եմ` իսկ իսպանացիները հայերեն հասկանո՞ւմ են, ծիծաղում է. «Ասել եմ` էնքան եմ հայերեն խոսելու, որ սովորեն…»

Տաթևը համեմատում է Հայաստանն ու Իսպանիան, հարկային առավելություններն ու թերությունները և մատնանշում, որ այստեղ բոլորը օրենքի առջև հավասար են, պարտավոր են ենթարկվել, բայց միևնույն ժամանակ ոչ մեկը չի գա, ավելորդ անգամ չի անհանգստացնի, ընդհակառակը, կառավարությունը բանկերի միջոցով օժանդակում է, որ բիզնես սկսես…

«Հոգու խորքում էն, ինչ ունես, քոնը չի, կարծես մի տեղ դրած ա, դու էստեղ աշխատում ես, ստեղծում, բայց էդ քոնը չի, կա, բայց փուչիկի նման: Իմը կլիներ էն ժամանակ, երբ լիներ իմ հողի, իմ երկրի վրա, իմ հարազատների կողքին, ա՛յ դա իրոք իմը կլիներ։ Ինձ էդ հնարավորությունը չտրվեց,  ու իմ նման հազարավոր մարդիկ դուրս էկան Հայաստանից: Ո՞վ կուզեր իր տունուտեղից, բնից, հողից կտրվեր, գնար ինչ-որ դժվար աշխատանք կատարեր, ոչ ոք…»

Տաթևի հետ զրույցի ընթացքում նա պատրաստեց համբուրգեր`ամենաշատ պատվիրվող ուտեստներից մեկը:

Հեղինակ՝ Թեհմինե Ենոքյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=qYZtR3BCmY4&t=2s