«Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի». քաղաքագետ

«Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի». քաղաքագետ
«Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո անվտանգության առումով ի՞նչ փոխվեց Հայաստանի համար: Հետագայում ի՞նչ պետք է ակնկալել այս զարգացումներից:

– Անվտանգության հարցով այս տարի էական առաջընթաց եղել է: Դժվար է ասել՝ դա անմիջական կապ ունե՞ր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հետ, թե՞ ոչ, սակայն լայն միջազգային կոնսենսուս եղավ, Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Մինսկի խմբին աջակցելու փաստը տեսանք: ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները աջակցություն հայտնեցին Մինսկի խմբի գործունեությանը և հայտարարություն ընդունեցին: Տարբեր եվրոպական կառույցներում նման դիրքորոշում եղավ, անգամ Թուրքիան աջակցություն հայտնեց այդ գործընթացին:

Այսինքն՝ շատ էական բան տեղի ունեցավ, որ աշխարհը, ՀԱՊԿ-ը, ստիպված էին, թե ոչ, բայց ընդունել են բանաձև, որը, բնական է, մեր քաղաքական դիրքերը ուժեղացրել է: Ադրբեջանը չկարողացավ իր նկրտումները ցուցաբերել, հարձակվել: Այդքանը եղել է, և այդ ստորագրված համաձայնագրին զուգահեռ մի նոր քաղաքական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի շուրջ:

Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք կկատարվի, որովհետև Եվրամիության հետ այդ համաձայնագրի կենտրոնում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, դատական համակարգի զարգացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է: Երկու ֆունդամենտալ հարցեր են դրված, որոնք, եթե անգամ Հայաստանի իշխանություններին մորթեն, կյանքում չեն անի: Նրանք դատական համակարգ չեն ստեղծելու, որ դատվեն: Հենց այս բարդությունը կա, մի կողմից ընդունել են, ստորագրել են այդ համաձայնագիրը, մյուս կողմից էլ` ամեն կերպ պետք է վիժեցնեն դա:

– Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները չե՞ն կատարելու Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

– Չէ՛, ո՞նց կարող է օլիգարխիկ համակարգը դատական համակարգ բարեփոխել և կոռուպցիայի դեմ պայքարել:

– Ինչի՞ կհանգեցնի դա, եթե ստանձնած պարտավորությունները չկատարվեն:

– Դա կհանգեցնի բարդությունների: Եթե արտաքին ճնշումներն ուժեղանան, դա կարող է մեծ պրոբլեմներ ստեղծել ռեժիմի համար: Իհարկե, նրանք կփորձեն հովանավորներ գտնել: Արդեն երևում է, որ հույսները դրել են Ռուսաստանի վրա, որ դրա տակից դուրս գան: Բայց Ռուսաստանն էլ է համաձայնություն տվել: Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ տվեց, որ այս անգամ ստորագրվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այնպես չվարվեց, ինչպես 2013 թվականին: Կարծում եմ՝ Ռուսաստանն այդպես վարվեց, որովհետև այդ հարցերը լուծվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի լայն կոնսենսուսի արդյունքում` նոյեմբերի 11-ին, երբ եղավ այդ երկու երկրների նախագահների հանդիպումը Վիետնամում: Այդ ժամանակ, ես կարծում եմ, շատ հարցեր լուծվել են: Դրա համար էլ Ռուսաստանը մի քիչ տարօրինակ է իրեն պահել: Բայց իրականում դա տարօրինակ չէ, ամեն ինչ պայմանավորվածությունների շրջանակներում է: Դրա համար էլ, իմ կարծիքով, ռեժիմի վիճակը ծանր է, այդ աջակցությունը Ռուսաստանից չեն կարող ստանալ:

– Եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դա վնաս կհասցնի՞ նաև Հայաստանի անվտանգությանը: Արցախի հարցում նո՞ր մարտահրավերներ ի հայտ կգան:

– Իհարկե, խնդիրներ կստեղծվեն: Պարզ ասում են, քանի՞ անգամ են ամերիկացիներն ու եվրոպացիներն ասել, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Դա հենց այնպես հո չեն ասում: Մի անգամ կասեն, երկու անգամ, իսկ երրորդ անգամ արդեն կասեն՝ կներեք, էլ չզանգեք մեզ:

– Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանի իշխանությունների վրա է հիմնական անելիքը: Կկարողանա՞ն իրականացնել այդ բարեփոխումները, իրավիճակ կփոխվի՞:

– Առաջինը Սերժ Սարգսյանը պետք է դա հասկանա ու հեռանա: Նա պետք է հասկանա, որ կյանքում չի անելու այդ բարեփոխումները, դրա համար ավելի լավ է հեռանա: Դա լավագույն տարբերակն է: Նա հեռանում է, և արդեն գործընթացներ են սկսվում: Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, այդ ժամանակ, իհարկե, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի:

– Եթե Հայաստանի իշխանություններն ի վիճակի չէին այդ բարեփոխումներն իրականացնելու, ինչո՞ւ գնացին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը:

– Ստորագրել են, որովհետև իրենք չեն որոշել, դա իրենց պարտադրվել է: Այս մարդիկ, եթե նկատել եք, ապրիլյան պատերազմից հետո որևէ բան չեն որոշում, գործում են ուրիշ պետությունների թելադրանքով ու շահերով: Բնական է, այս հարցն էլ իրենք չեն որոշել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am