Աղթամարի ծանր Սուրբ Խաչ. ըստ քաղաքական գործիչների` Թուրքիան ձախողեց կազմակերպած շոուն

Աղթամարի ծանր Սուրբ Խաչ. ըստ քաղաքական գործիչների` Թուրքիան ձախողեց կազմակերպած շոուն
Աղթամարի ծանր Սուրբ Խաչ. ըստ քաղաքական գործիչների` Թուրքիան ձախողեց կազմակերպած շոուն

«Թուրքական կողմի կազմակերպած շոու, որը չհասավ իր նպատակին», «խաղ, որում հնարավոր չեղավ ներգրավել Հայաստանին»` այս և նման որակումներ ստացած Թուրքիայի Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կազմակերպված պատարագը, ըստ հայ քաղաքական գործիչների, անհաջողության մատնվեց:
«Թուրքերն իրենց աղվեսային դիվանագիտությամբ ուզում էին աշխարհին ցույց տալ, թե ինչ ժողովրդավարական երկիր են, սակայն չկարողացան մինչև վերջ տանել իրենց շոուն և հաջողության հասնել»,- «Մեդիալաբին» ասում է իշխանական ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: – Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցածը չկայացած շոու էր, ինչին ամբողջ աշխարհն ականատես եղավ»:
Իշխանության ներկայացուցիչն ասում է, որ ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ դեպքերում թուրքական կողմն ապացուցեց, որ պայմանավորվածություններ և խոստումներ խախտելու մեծ վարպետ է:
«Այլ սպասումներ ունենալն ուղղակի միամտություն է»,- ասում է Շարմազանովը:

Ամիսներ շարունակ մեծ քննարկումների տեղիք տված Թուրքիայի Վանի նահանգում Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպված սեպտեմբերի 19-ի պատարագն ու դրա շուրջ բորբոքված կրքերն ու գնահատականները հայ հասարակական և ներքաղաքական շրջանակներում շարունակվում են:

«Արարողությունը չծառայեց նրան, ինչին ձգտում էր Թուրքիան,- «Մեդիալաբին» ասում է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը,- Թուրքիան չհաջողեց իր նպատակների մեջ»:

Հայոց մեծ եղեռնից հետո գրեթե 95 տարի անց Վանի նահանգում, որն ընդունված է համարել Արևմտյան Հայաստանի մի մասը, գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին առաջին անգամ թույլատրվել էր պատարագ մատուցել, սակայն, ի հակառակ թուրքական կողմի խոստումների, այնուամենայնիվ առանց գմբեթին խաչ տեղադրելու, ինչն էլ առիթ էր դարձել, որ հազարավոր հայ զբոսաշրջիկներ հետ կանգնեն պատմական Հայաստան այցելելու իրենց մտադրությունից: Պատարագին իրենց մասնակցությունը կասեցրել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:

Եվ մինչ Վանի նահանգում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը Աղթամարի Սուրբ Խաչում պատարագ էր մատուցում, Երևանի Հայոց եղեռնի զոհերի հիշատակին կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի այս խորհրդանշական վայրում շարունակենք այն պատարագը, որն 95 տարի առաջ ընդհատվեց Վանում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում։ Ընդհատվեց Թուրքիայի կառավարության մեղքով»,- հայտարարեց ակցիայի մասնակից «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը Ծիծեռնակաբերդում:

«Ամո´թ, ամո´թ» էին վանկարկում Ծիծեռնակաբերդում հավաքվածները Թուրքիայի հասցեին` ծածանելով «Մեր եկեղեցին մեզ պարտքով մի´ տվեք» և նման կարգի ցուցապաստառներ:

10-րդ դարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցելու նպատակով Թուրքիան շուրջ 1,5 միլիոն դոլար է ծախսել, եկեղեցին թանգարանի վերածել, իսկ գարնանը պատարագ մատուցելու թույլտվություն  տալով` հայտարարվել է, թե գմբեթի խաչը չեն հասցնի տեղադրել պատարագին, քանի որ այն «շատ ծանր է»։

«Պատճառաբանությունը ծիծաղելի է, սակայն Թուրքիայում տիրող ներքաղաքական տրամադրություններից ելնելով` ես չէի էլ մտածում, որ խաչը կտեղադրվի»,-«Մեդիալաբին» ասում է հայտնի թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա ասում է, որ Թուրքիայի այն հայտարարությունը, թե խաչը կտեղադրվի, զուտ քարոզչական նպատակներ է հետապնդել` հնարավորինս մեծ թվով հայեր պատարագին ներգրավելու հույսով` միջազգային հանրությանն իր «բարիդրացիական» տրամադրությունները ցույց տալու նպատակով:

«Թուրքիայում քաղաքական կյանքը բավական սրված է, և հակումներն առավելապես իսլամիստական են,- «Մեդիալաբին» ասում է Սաֆրաստյանը: – Խաչը չտեղադրելով` Թուրքիան աշխարհին ցույց տվեց, որ պատրաստ չէ եվրոպական արժեքների ընկալմանը, իսկ եթե տեղադրեր, քաղաքական առումով շատ հետևորդներ կկորցներ»:

Սակայն Կիրո Մանոյանն ասում է, որ այս դեպքում հարցը նույնիսկ միայն խաչ տեղադրել-չտեղադրելը չէ: Նա ասում է, որ հայերից եկեղեցին իր կալվածքով բռնագրավելը և այն թանգարանի վերածելը շնորհ չէր, այլ ծաղրանք:

«Երեկ ոչ թե Սուրբ Խաչի հարցը վերջացավ, այլ երեկ սկսվեց Սուրբ Խաչի հարցը,–ասում է Կիրո Մանոյանը: – Մենք պիտի բոլոր ուժերը կենտրոնացնենք Աղթամարի Սուրբ Խաչը հայերին վերադարձնելու վրա»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am