Մտնելու ենք ՀՀ լիկվիդացիոն փուլ՝ պատերազմով, թե խաղաղ ճանապարհով՝ կախված չէ ո՛չ Քոչարյանից, ո՛չ Փաշինյանից. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյանը համախոհների հետ հանդիպմանն ասել է, թե Հայաստանի պատմության մեջ ամենախաղաղ տարիները եղել են 1998-2008 թվականները, որ 1998-ին փորձում էին ժողովրդին համոզել, թե իր նախագահ ընտրվելու պարագայում պատերազմ է լինելու, բայց եղավ ճիշտ հակառակը:

Ընդգծել է, որ նույն թեզը հիմա են շրջանառում: Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի ելույթները, Հայաստանում 2008-ից հետո խաղաղություն չի՞ եղել:

– Ռոբերտ Քոչարյանի նշած ժամանակահատվածից հետո էլ է խաղաղություն եղել, բայց, օբյեկտիվորեն, 2011-2012 թվականներից այս կողմ, երբ Ռուսաստանի Դաշնությունը որոշեց այլ կերպ կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հաշվին, վերջին տասը տարին մենք հրաբխի վրա ենք նստած: Օբյեկտիվորեն ճիշտ է ասել, բայց սա պարոն Քոչարյանի անձի հետ կապ չունի ընդհանրապես: 

«Հայաստան» դաշինքը, ինչպես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կապիտուլյացիան սպասարկելուն ուղղված կազմավորում է, որտեղ կան նյուանսային տարբերություններ, անձերից զատ: 

Այս դաշինքի պարագայում ռուսներից կախվածությունն ավելի բացահայտ է լինելու, իսկ Հայաստանը չի կարող դեմ գնալ ռուս-թուրքական պայմանավորվածություններին: Ինձ համար այդ երկու քաղաքական ուժերը կապիտուլյացիան սպասարկելու տենդերի մասնակիցներ են: 

Տենդերն այն է, որ Մոսկվան ու Անկարան ասեն՝ լավ, համաձայն ենք, որ այս երկիրը կառավարի այս անձը, դա նույնիսկ դիմում չէ ժողովրդին, դա դիմում է ռուս-թուրքական դաշինքին:

– Ձեր ասածից ելնելով՝ Հայաստանի համար, այսպես ասած, ո՞ր քաղաքական ուժի կառավարումն ավելի շահավետ կլինի:

– Այդ երկու ուժերից ոչ մեկինը, Հայաստանի շահերը կապիտուլյացիան սպասարկելու հետ որևէ կապ չունեն, կապիտուլյացիայի սպասարկումը մեր ազգային, պետական մահն է: Մենք պետք է մտածենք այն ուժերի մասին, որոնք կդադարեն սպասարկել ռուս-թուրքական դաշինքը: 

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյանի ելույթներում չափազանցություն, մանիպուլյացիա նկատո՞ւմ եք:

– Իհարկե, բայց էլի փորձեմ օբյեկտիվ լինել: Չափազանցությունները շատ-շատ են, իբր իր կառավարման տարիները դրախտ են եղել, ամեն ինչ ծաղկել է, ինչը, մեղմ ասած, իրականության հետ որևէ աղերս չունի, բայց նաև իշխանության կողմից Քոչարյանի արհեստական դիվայնացումը արհեստական և էժան հնարք է: 

Երկու կողմի հնարքներն էլ ուղղված են նրան, որ ստեղծեն երկբևեռ քաղաքական դաշտ ու առանցքից դուրս թողնեն մնացած բոլորին: Պետք չէ հավատալ ոչ մեկին, ոչ մյուսին, պետք է քաղաքական գործիչներին ընկալել իրենց օբյեկտիվ իրողության մեջ: 

– Այնուամենայնիվ, եթե իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը, պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք, թե՞, ինչպես ինքն է նշում, դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հարցերին լուծում տալ:

– Ոչ կշատանա, ոչ կքչանա: Մտնելու ենք ՀՀ լիկվիդացիոն փուլ, թե դա պատերազմո՞վ կլինի, թե՞ խաղաղ ճանապարհով՝ կախված չէ ո՛չ Քոչարյանից, ո՛չ Փաշինյանից, կախված է միջազգային դրությունից, հետևաբար այդ երկուսից որևէ մեկի գալը մեզ ոչնչից չի երաշխավորում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am