«Հայրենիքը» և ՀՀԿ-ն եղանակ թելադրող կուսակցություններ են. Թեհմինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, նախկինում ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը

Տիկի՛ն Վարդանյան, քարոզարշավի մեկնարկը դեռ չի տրվել, բայց քաղաքական ուժերը ակտիվորեն հանդիպում են իրենց համակիրների հետ, դա նորմա՞լ է:

Առհասարակ նորմալ չէր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունը, որովհետև դեռ նոյեմբերի 10-ին նա, իմ պատկերացմամբ, գոնե պետք է հեռանար, էլ չեմ խոսում ինքնասպանության մասին: Բայց քանի որ ստեղծված քաղաքական իրավիճակում քաղաքական ուժերը, ըստ էության, այլընտրանք չունեին, բոլորս ստիպված մասնակցում ենք այդ ընտրություններին, որպեսզի երկրում արմատական փոփոխություններ տեղի ունենան:

Նախաքարոզարշավային իրավիճակի հետ կապված՝ ասեմ, որ մենք ամենևին քարոզարշավ չենք անում, մեծ հաշվով, դրանք զուտ հանդիպումներ են, ա՛յ Նիկոլ Փաշինյանը հստակ քարոզարշավ է իրականացնում՝ կիրառելով վարչական ռեսուրս, օգտագործելով ծառայողական մեքենաներ, ինչն անթույլատրելի է:

Բերանը աջ ու ձախ շաղ է տալիս, և, կարծում եմ՝ այս իրավիճակում գոնե, դա անթույլատրելի է, որովհետև՝ նորից եմ կրկնում՝ իմ պատկերացմամբ՝ նա առնվազն պետք է ինքնասպան եղած լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Ունենք դեռ գործող լկտի իշխանություններ, որովհետև, համոզված եմ, որ հունիսի 20-ին մեր երկրում իրապես տեղի են ունենալու արմատական փոփոխություններ:

Մյուս քաղաքական ուժերն էլ են նշում, որ իրենք էլ պարզապես հանդիպում են համակիրների հետ, և որ դա քարոզարշավ իրականացնել չէ:

– Մեր հանդիպումները պետական բյուջեի հաշվին չեն, պետբյուջեից ֆինանսավորվող հանդիպումներ չեն, մենք չենք օգտվում պետության կողմից տրամադրված մեքենաներից, 200-500 ոստիկանով չենք շրջում: Մենք չենք վատնում պետական միջոցները՝ սեփական կոկորդը պատռելու համար, ինչը անում է Փաշինյանը:

Ձեր դաշինքի ցուցակը մրցունակ համարո՞ւմ եք, ինչո՞ւ պետք է քաղաքացին իր քվեն «Պատիվ ունեմ» դաշինքին տա:

 – Մեր դաշինքը բաղկացած է երկու կարևորագույն և եղանակ թելադրող կուսակցություններից՝ «Հայրենիք» և Հայաստանի հանրապետական կուսակցություն:

Ըստ էության, «Պատիվ ունեմ» դաշինքն ունի թե՛ մարդկային ռեսուրսներ, թե՛ կառավարման հմտություններով օժտված մարդիկ, որ կարող են ստանձնել երկրի կառավարման ղեկը: Հետևաբար, միանշանակ է, որ մեր դաշինքի ցուցակը մրցակցային է, և այդ հարցը քննարկման ենթակա չէ:

– Թագուհի Թովմասյանի, Միհրան Պողոսյանի, ինչու ոչ, նաև ձեր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված լինելու փաստը հանրության զգալի շերտի զարմանքը հարուցեց: Սպասելի՞ էր հանրության արձագանքը: Մամուլը նաև գրեց, որ Միհրան Պողոսյանը ցուցակում ընդգրկվել է, քանի որ խոստացել է շատ ձայներ բերել: Ճի՞շտ է:

– Կարող եմ ասել, որ հանրության մի լայն շերտի դուր է գալիս սպիտակ վերնաշապիկը, մի լայն շերտին էլ՝ երկնագույնը, այսինքն՝ լինելու են և՛ բացասական, և՛ դրական արձագանքներ:

Չեմ ցանկանում մեկնաբանել պարոն Պողոսյանի՝ ցուցակում գտնվելու հարցը, որովհետև նա ներկայացված է մեր գործընկեր Հանրապետական կուսակցության կողմից, թերևս իրենք ավելի հստակ կարող են պատասխանել, բայց ասեմ, որ հանրության մի մասին մի անձ է դուր գալիս, մյուսին՝ մեկ այլ, նորմալ է:

– Փաստորեն, նորմա՞լ եք համարում Միհրան Պողոսյանի՝ ցուցակում ներառված լինելու փաստը:

– Գիտեք, մեր երկիրն այն վիճակում է, որ բոլորիս առաջնային նպատակն է երկրի կայունությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, նոր միայն ներքաղաքական մյուս քննարկումները, կարծում եմ՝ տեղին կլինի անել: Որևէ ներքաղաքական, անձնային քննարկում ինձ համար այսօր այնքան էական չէ, ինչքան թիմի աշխատանքը, ընդհանուր նպատակը:

– Տիկի՛ն Վարդանյան, քանի որ դաշինքի կազմում ներառված են այնպիսի անձինք, որոնք ժամանակին մաս են կազմել այլ քաղաքական ուժերի, կարծում եք՝ այն երկար կյա՞նք կունենա, թե՞ շուտ կկազմաքանդվի:

– Դաշինքը նորաստեղծ է, ու ինձ մնում է միայն լավատես լինել, որովհետև, այո՛, ներգրավված են տարբեր ուղղություններից մարդիկ, այնուամենայնիվ, հուսով եմ, որ դաշինքը կուռ կլինի: Բայց որոշ անձերի տեղաշարժեր, եթե լինեն էլ, դաշինքը շարունակելու է իր պայքարը հանուն գաղափարի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab