Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի պատճառներից էր նաև այն, որ Մակրոնը գիտակցաբար մտավ հայաստանյան ընտրապայքարի մեջ. Կայծ Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Կայծ Մինասյանը

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ և Բրյուսել: Ի՞նչ տեսանք մենք հեռուստաէկրաններից, և ի՞նչ էր կատարվում կուլիսների հետևում: Ընդհանրապես, ի՞նչ տվեց այս այցը հայկական կողմին:

– Հատուկ հարաբերություն կա այս երկու անձանց՝ Մակրոնի և Փաշինյանի միջև: Նրանք երկուսն էլ նոր մարդիկ են քաղաքականության մեջ, երկրորդ՝ նույն սերնդին են պատկանում և, վերջապես՝ երկուսն էլ մեծ քաղաքական կազմակերպությունների ղեկավար չեն: Մեկը Ֆրանսիայում եկավ ինչ-որ առումով հեղափոխությամբ, մյուսը իշխանության եկավ թավշյա հեղափոխությամբ: Այսինքն՝ նրանց միջև անձնական հատուկ կապ կա:

Այս այցի երկրորդ պատճառն այն է, որ Մակրոնը գիտակցաբար մտավ հայաստանյան ընտրապայքարի մեջ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնակատար լինելով, Ֆրանսիա հրավիրեց նրան:

Անշուշտ Նիկոլ Փաշինյանը կօգտագործի այդ հրավերը՝ ցույց տալու համար, որ իր հեղինակությունը միջազգային ասպարեզում տակավին բավական բարձր է, մեծ գերտությունը կարևորություն է տալիս իրեն, նույնիսկ եթե ինքը Ղարաբաղյան պատերազմում պարտված ղեկավար է: Դա, իհարկե, շատերը չեն ընդունում, մանավանդ Հայաստանի ընդդիմության մեջ, որովհետև դա նշանակում է, որ Ֆրանսիան որոշում է, թե ո՛ւմ է պաշտպանում ընտրություններին: Նիկոլ Փաշինյանը, գալով Ֆրանսիա, իր հետ բերել է ընտրապայքարի մթնոլորտը, որը բավական կեղտոտ է:

Երրորդ պատճառը այս այցելության, որն ինձ համար ամենահետաքրքիրն է, այն է, որ Ֆրանսիան, իմանալով, որ Արևմուտքը այնքան մեծ լծակներ չունի Ղարաբաղի գործընթացում, ամեն ինչ անում է, որ նոր լծակներ ունենա: Քանի որ Մինսկի խմբի համանախագահության էությունը մի քիչ պարապ է, ուրեմն Ֆրանսիան և, ինչու ոչ, Միացյալ Նահանգները, փորձում են նոր միջոցներ ստեղծել, որպեսզի իրենց ներկայությունն ավելի մեծ լինի Հարավային Կովկասում և մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում:

Այստեղ է, որ կարևոր է Ֆրանսիայի դիրքորոշումը, մանավանդ որ իմանալով, որ Ադրբեջանը արձանագրեց ռազմական հաղթանակ, այլևս Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները մի քիչ տկարացել են քաղաքական առումով: Ադրբեջանը կարևորություն չի տալիս Ֆրանսիային: Մինչև պատերազմը Ֆրանսիան կարևոր էր Ադրբեջանի համար, որպեսզի Ալիևն օգտագործի Ֆրանսիայի միջնորդությունը իբրև լծակ: Հիմա, որ պատերազմը չկա, Ֆրանսիան որոշեց, որ ավելի կարևոր է լինել Հայաստանի կողքին երկու պատճառով. նախ՝ որ լծակներ չունի, երկրորդ՝ Ֆրանսիայում ընտրապայքար կա այս տարի և եկող տարի, հետևաբար, Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ավելի ուժ փոխանցի Հայաստանին:

Այդ բոլոր երեք պատճառները՝ հատուկ կապ Մակրոնի և Փաշինյանի միջև, Հայաստանի ընտրապայքարը և Ֆրանսիայի ռազմավարությունը Ղարաբաղի վերաբերյալ, բացատրում են Ֆրանսիայի կողմից արվող հայտարարություններն ու նախաձեռնությունները:

Կա նաև չորրորդ պատճառը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ռուսաստանի հետ է կապված: Ֆրանսիան փորձում է կապ ստեղծել Ռուսաստանի հետ, որպեսզի թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ ուժ տա Մինսկի խմբին, և նոր որոշումներ, նոր պրոցեսներ բացվեն Հարավային Կովկասում:

– Մակրոնն այսօր նամակով դիմել է Ալիևին, որում նրան կոչ է անում ազատ արձակել գերիներին, դելիմիտացիա և դեմարկացիա անել և թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին սկսել աշխատանքը Լեռնային Ղարաբաղում: Արդյոք այս հայտարարություններով Մակրոնը ներգրավվում է Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ընդհանարապես, ինչպե՞ս եք գնահատում այս նամակը և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ:

– Հիմա Ֆրանսիան այդքան մեծ լծակներ չունի, որովհետև Ղարաբաղի հարցը նոր փուլ, նոր հանգրվան է մտել, Ֆրանսիան օգտագործում է Հայաստանի լծակը՝ իբրև իր ներկայության հզորացում:

Դա է պատճառը, որ նամակ է գրել Ալիևին, որպեսզի թե Հայաստանին, թե Ադրբեջանին ասի, որ տակավին Ղարաբաղի հարցը չի վերջացել, սահմանի հարց կա, գերիների հարց կա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարց կա: Եվ Ֆրանսիան ուզում է անպայման ավելի մեծ ներկայություն ունենալ, ավելի կարևոր լինել տարածաշրջանում: Այս նամակում նաև որոշակի առումով մեսիջ կա, որ տեսեք, եթե կարևորություն չեք տալիս Ֆրանսիային, ես կարող եմ կոշտացնել իմ մոտեցումները:

Ֆրանսիան բավական կոշտ ու հասցեական հայտարարություններ է արել, նա չի կարող հանդուրժել Բաքվի քայլերն ու հայտարարությունները, և հիմա իր այս քայլով ուզում է ցույց տալ, որ իր ռազմավարությունը հետևյալն է. քանի որ այս նոր փուլում լծակներ շատ չունի, ուրեմն փորձում է որպես լծակ վերցնել Հայաստանն ու Ղարաբաղի հարցը, որպեսզի նոր հանգրվան բացվի, և ֆրանսիական ներկայությունն ավելի մեծ լինի այս տարածաշրջանում:

– Մենք տեսնում ենք ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանին, արդյոք համարժե՞ք է հայկական կողմի արձագանքը դրան: Նիկոլ Փաշինյանն այս այցով ուզում էր ցույց տալ, որ ի դեմս Արևմուտքի աջակցությո՞ւն ունի՝ ՀԱՊԿ-ի լռությանն ի պատասխան: Այսինքն՝ Փաշինյանն աջակցությո՞ւն է փնտրում, թե՞ սա պարզապես նախընտրական PR էր:

– Երկուսն էլ կա: Սա և ընտրությունների քարոզարշավի հարց է, և ռազմավարական խնդիր է: Փաշինյանը կարիք ունի տարածաշրջանում ունենալ Արևմուտքի ներկայությունը, որպեսզի հավասարակշռի Ռուսաստանի և Արևմուտքի միջև Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սահմանների հարցը և այլն:

Վստահաբար, Ֆրանսիան կցանկանա անպայման ցույց տալ, որ Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չկա: Ֆրանսիան կփորձի օգտագործել սահմանային հարցը, Ղարաբաղի հարցը, որպեսզի համագործակցի Ռուսաստանի հետ: Սա է ֆրանսիական ռազմավարության էությունը:

Մանե Հարությունյան

MediaLab