«Էլ ոչ ոք չունեմ, չգիտեմ՝ ինչի եմ ապրում»․ 62-ամյա Գոհար Սեխպոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է միակ որդուն

62-ամյա Գոհար Սեխպոսյանը, որը մասնագիտությամբ մանկավարժ է, 2020-ի 44-օրյա պատերազմում կորցրել է միակ որդուն։ Ծանր կորստից հետո որդեկորույս մորը տանջող միակ հարցը պատասխան չունի. «Չգիտեմ, թե ինչի եմ ապրում»։ 

Որդին՝ 29-ամյա Տիգրան Ավագյանը, որը «Սև հովազ» ջոկատի կազմում նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցն էր, սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ. «Եղնիկներում» հակառակորդի դեմ պայքարում հոկտեմբերի 19-ին զոհվել է ռմբակոծության հետևանքով։ «Ինքը կամավոր գնաց։ Իրան ոչ մեկը չէր տանի կռիվ, ոչ մի զինկոմիսարիատ չէր տանի, որովհետև առողջական խնդիրներ ուներ»,- ասում է մայրը:

Իսկ առողջական խնդիրները Տիգրանը «վաստակել» էր բանակում ժամկետային ծառայության ժամանակ՝ հրազենային վիրավորում էր ստացել գլխուղեղի շրջանում: «Վիրավորումից հետո դադարեցվել է նրա ծառայությունը։ 7-8 ամիս հիվանդանոցում ենք եղել, ինքը 40 օր կոմայի մեջ ա եղել, Աստծո ողորմածությամբ իրան հանել են էդ վիճակից: Բայց հիմա սենց եղավ․․․»,- կոկորդում լացը խեղդելով՝ ասում է մայրը։

29-ամյա երիտասարդը, անտեսելով առողջական խնդիրները, դարձյալ դիմել է «Սև հովազ» կամավորական ջոկատին, որի հրամանատարը Ռուստամ Գասպարյանը (նա նույնպես մահացավ 44-օրյա պատերազմի ժամանակ-հեղ.) փորձել է Տիգրանին հետ պահել: Սակայն՝ ապարդյուն: 

«Հրամանատարը, ճանաչելով նրան և իմանալով, որ առողջական խնդիրներ ունի, ասել էր՝ Տիգրան ջան, դու մի գա մեզ հետ, հետո ջոկատի անդամներին, որ փոխարինելու լինենք, կգաս: Բայց Տիգրանս նեղացել էր հրամանատարից, էդ պահին Քանաքեռում էր եղել, գնացել, մտել էր Քանաքեռի զորամաս։ Այնտեղ հանդիպել էր «Տիգրան Մեծ» աշխարհազորայինի վաշտի հրամանատարին՝ Հայկ Մանուկյանին, իրեն Քեռի են ասում, ու մտել էր իրենց սպեցնազի մեջ։ Գնաց, 22 օր մնաց էնտեղ և հավիտյան մնաց»,- խոր հոգոց հանելով՝ ասում է մայրը։

Տիգրան Ավագյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետնամասում՝ աջ կողմից։ Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջից։

Գոհար Սեխպոսյանը մանկավարժ է, օտար լեզուների մասնագետ։ 2001-ին Երևանից գործուղվել էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ։ Շատ էր սիրել Իշխանաձորը ու որդու հետ շարունակել ապրել այնտեղ։ Գոհարը միայնակ է մեծացրել Տիգրանին։ Ասում է՝ եղել են և՛ ծանր ու դժվար, և՛ ուրախ ու երջանիկ օրեր։ Կարոտով է հիշում նախապատերազմական կյանքը՝ որդին կողքին էր, կյանքը խաղաղ էր: Սակայն պատերազմը մեկ անթարթում փշուր-փշուր արեց ամեն ինչ. ոչ Իշխանաձորի տունը կա, ոչ միակ որդին․ «Ոչ ոք չունեմ»:

Գոհարը որդու զոհվելու մասին իմացել է հոկտեմբերի 20-ին։ Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 18-ին: Հաջորդ օրը տղան չէր զանգել, բայց, ասում է, մտքով էլ չէր անցնի, որ որդու հետ վատ բան կարող է պատահած լինել. եղել էին օրեր, երբ տղան չէր զանգել: 

«Նախորդ իրիկունը, որ խոսել էի, հույս ունեի, որ չզանգեց, մտածեցի՝ հարմար չի։ Երեկոյան մերոնք ուշ ժամի եկան տուն, ասի՝ հո բան չի՞ եղել, ասին՝ չէ՛, մեկ էլ մի 15-20 րոպե չանցած տղայիս ջոկատից մի երկու տղա եկան, լուրը բերեցին։ Ես նենց սառել էի, չգիտեի՝ ինչ անեի»,- ցավով հիշում է Գոհարը։ 

Կնոջ հիշողությունները դեռ թարմ են ու արցունքն աչքերին է պատմում որդու մարտական ընկերների փոխանցած տեղեկությունը. «Տիգրանս և ջոկատից ութ տղաներ բլինդաժում են եղել, երբ հակառակորդը հարված է հասցրել, չորսը փրկվել են, հինգը զոհվել են: Տիգրանս էլ: Դիպուկահարների աչքի առաջ եղել ա Քյոխին խփելը՝ թիրախ ունենալով Քյոխին, բայց կպել ա բլինդաժին»։

Հոգատար էր, հայրենասեր ու պատրաստ էր կյանքը զոհել հայրենիքին, այդ պատճառով էլ պատերազմն սկսվելուց առաջին րոպեներին ուզում էր կռիվ գնալ. այսպես է միշտ հիշելու Գոհարը որդուն: 

Գոհարը հիմա փորձում է ցավն ամոքել դասավանդելով։ Երևանում այժմ ուսումնական կենտրոններից մեկում է աշխատում: Առաջիկա օրերին նաև պատրաստվում է անվճար դասեր սկսել պատերազմում զոհվածների երեխաների համար։ 

«Որպեսզի չխելագարվեմ, աշխատում եմ երեխաների հետ: Խնդրել եմ «Տիգրան Մեծ» աշխարհազորայինների տղաներին, որ զոհված ազատամարտիկների երեխաների հետ անվճար պարապեմ, հիմա իրենք էդ գործընթացը կազմակերպում են։ Ասեցին՝ տեղ կազատվի շուտով, երեխաներ են ցուցակագրում, որ ես աշխատեմ։

Երեխաների հետ ես չեմ կարա ունքերս կիտած աշխատեմ ու որ գիտեմ՝ զոհված ազատամարտիկների երեխաների հետ պիտի աշխատեմ, ինձ ոգևորում ա»,- ասում է Գոհարը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am