Մինչ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է ընտրազանգվածին զարմացնել հայերի համար ոչ ավանդական իր քարոզարշավով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մտահոգված խոսում է օրենքի խախտման մասին:
Տեղեկացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է նաեւ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ինչը դուր չի եկել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարին:
Կրթական հաստատության տարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչություն իրականացնելը Աշոտյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ անվանել է «անօրինական եւ տխուր դեպք»:
«Մանկավարժական համալսարանից ճշտեցի, որ իրականում այսօր արձանագրվել է մի անօրինական եւ տխուր դեպք: Մարդ, որ իշխանություններից ակնկալում է օրինական ընտրություններ եւ հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները»,-գրառման մեջ գրել է Արմեն Աշոտյանը`հույս հայտնելով, որ այլեւս նման բան չի կրկնվի:
«Իրավաբանության դոկտոր, ժողովրդավարության փարոս, օրինականության ջատագով, ազնվության պատվար եւ վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը… »,- գրել է Աշոտյանը:
Ի պատասխան ԿԳ նախարարին՝ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը մատնանշել է «տարին տասներկու ամիս իշխանությունների կողմից ԲՈՒՀ-երում քարոզչություն անելը` ռեկտորատներով, ուսխորհուրդներով, գիտխորհուրդներով, անգամ դասագրքերով…»:
«Կրթական համակարգը այս մի «ծանր» հարվածին էլ կդիմանա: Այն ավելի մեծ կատաստրոֆաների է դիմացել: Այս մեկը հեշտուհանգիստ կտանի: Ես կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը հենց այսպես էլ պետք է շարունակի` ազատորեն մտնի բոլոր ԲՈՒՀ-երը. նա ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, գաղափարներ տարածելու ազատություն, հավաքների ազատություն` նույնպես: Հատկապես, երբ այդ հավաքները ոտքի վրա են լինում եւ նախարարությունն իր վրայից գցեց տարածք տրամադրելու հարցը»,-ասել է Սաֆարյանը:
© Medialab.am