«Հայ առաքելական եկեղեցու մատուցած հոգևոր ծառայությունը պետք է հարկվի, ֆինանսավորումն էլ՝ թափանցիկ լինի». իրավապաշտպան

«Հայ առաքելական եկեղեցու մատուցած հոգևոր ծառայությունը պետք է հարկվի, ֆինանսավորումն էլ՝ թափանցիկ լինի». իրավապաշտպան
«Հայ առաքելական եկեղեցու մատուցած հոգևոր ծառայությունը պետք է հարկվի, ֆինանսավորումն էլ՝ թափանցիկ լինի». իրավապաշտպան

Երկրում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին պետք է հարկային դաշտ բերել նաև Հայ առաքելական եկեղեցին: Տարիներ շարունակ եկեղեցին ծառայությունների մատուցում է իրականացրել, ինչպես մյուս ոլորտներում է, բայց արտոնյալ կարգավիճակում է գտնվել և չի հարկվել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Տարբեր ոլորտներում մատուցվում են ծառայություններ, և այդ սպասարկումները բոլորը հարկվում են: Այս տեսանկյունից ես այն կարծիքին են, որ նույնկերպ գոյություն ունի նաև հոգևոր ծառայություն, դա ծառայության տեսակներից մեկն է: Ինչպես մյուս ծառայություններն են հարկային դաշտում գործում, կարծում եմ՝ հոգևոր ծառայությունը նույնպես պետք է հարկվի»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով՝ ոչ միայն եկեղեցին պետք է հարկվի, այլ նաև պետք է հստակ լինեն գնացուցակները, ծառայությունների դիմաց կտրոններ պետք է տրամադրվեն:

Իրավապաշտպանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ պետք է հարկվի որևէ կրոնի հետևորդ չհանդիսացող անձը, ով որևէ ոլորտում ծառայություն է մատուցում, բայց հոգևոր ծառայություն մատուցողը՝ ոչ: Ըստ նրա՝ անարդար իրավիճակ է ստեղծվում, և պետք է այդ հարցին լուծում տալ: «Ճիշտ կլինի, որ Հայ առաքելական եկեղեցին ու նաև մյուս կրոնական կազմակերպությունները հստակ նշեն իրենց ծառայությունների գները, և այդ ծառայությունները հարկվեն: Ոչ միայն ծառայությունները, եկեղեցին ունի նաև արտադրություններ, մասնավորապես, մոմի արտադրությունը: Դրանք նույնպես, ինչպես մյուս արտադրությունները, պետք է հարկվեն»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Նա նշում է, որ, իր տեղեկություններով, Հայ առաքելական եկեղեցին նաև ազատված է մաքսային վճարներից: Այսինքն՝ ներմուծումների ժամանակ մաքսատուրքեր չեն վճարում: «Ես նման տեղեկություն ունեմ, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, բայց սա հսկայական ստվերային դաշտ է բացում»,- հավելում է մասնագետը:
Իշխանյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու ֆինանսավորումը, նվիրատվությունները և բարեգործությունը նույնպես պետք է թափանցիկ լինեն: Իսկ ընդհանրապես, ըստ մասնագետի, ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր հավատացյալ համայնք ինքը պահի իր եկեղեցին:

«Դա նշանակում է հետևյալը, որ ճիշտ կլինի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում հստակ նշվի, թե ովքեր ինչ կրոնի հետևորդ են, նրանք առանձին տուրք վճարեն այդ եկեղեցուն: Եվ եկեղեցական բոլոր արարողությունները պետք է այդ մարդկանց համար անվճար լինեն: Եթե իրենք տուրք են վճարում, ապա հետագայում, որպես եկեղեցու հետևորդ, այնտեղ կատարվող ծիսակատարությունների համար չպետք է վճարեն: Այսինքն՝ համայնքը պահում է իր եկեղեցին»,- ասաց նա: Այս գործելաոճի շնորհիվ, ըստ մասնագետի, բավական թափանցիկ կդառնա եկեղեցու ֆինանսավորումը, ավելի հստակ կլինի, թե իսկապես ովքեր են հավատացյալները, որոնք պատրաստ են իրենց եկեղեցին պահել իրենց դրամական միջոցներով:

Ավետիք Իշխանյանն անդրադառնում է խնդրին, թե ինչո՛ւ է տարիներ շարունակ Հայ առաքելական եկեղեցին դուրս մնացել հարկային դաշտից: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին, քանի որ եկեղեցին բավական ճնշված է եղել, հարկերից ազատումը նպատակ է ունեցել ինչ-որ կերպ ուժեղացնելու եկեղեցին: Բայց հետագայում դա արդեն այլ քաղաքականության հետևանք էր:

«Իրականում եկեղեցին միշտ շատ կարևոր դեր է ունեցել իշխանության և ժողովրդի միջև, բուֆերի դեր է կատարել: Իր քարոզներով եկեղեցին փորձել է հնազանդ պահել ժողովրդին, ենթարկեցնել իշխանությանը: Եվ այս տեսանկյունից եկեղեցին շատ լավ դաշնակից է հատկապես բռնապետական հակում ունեցող իշխանությունների համար: Մի կողմից իշխանությունը եկեղեցուն տալիս է արտոնություններ, մյուս կողմից՝ նրանից պահանջում է հնազանդություն քարոզել հասարակության մեջ՝ ներկայացնելով եկեղեցին որպես ազգապահպան միակ կառույց: Եվ սա շատ ձեռնտու դաշինք է եղել իշխանության ու եկեղեցու միջև»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am