Քոչարյանի թիմի պլանները տապալվել են, դրա համար Կարեն Կարապետյանին շտապ գործուղել են Հայաստան. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կառուցողական կուսակցության ղեկավար, «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը

– Կարեն Կարապետյանը 2 օր առաջ կոչ է արել միանալ Ռոբերտ Քոչարյանին և երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերել: Իսկ արդեն այսօր նա ժամանել է Հայաստան, հանդիպել Քոչարյանի հետ, վերջինս էլ ասել է, որ պաշտոն է խոստանում Կարեն Կարապետյանին: Ինչպե՞ս եք սա գնահատում, որ կարծես թե արդեն հաղթել են, արդեն պաշտոններ են բաժանում:

– Քոչարյանի թիմի պլանները, որոնք իրենք իրենց թիմակիցներին են ներկայացրել՝ հաղթել առաջին փուլում, ակնհայտ է, որ տապալվել է, և դրա համար մենք լսեցինք «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու մասին:

Դրա համար Կարեն Կարապետյանին շտապ գործուղել են Երևան, որպեսզի փորձեն նաև Կարեն Կարապետյանի համբավն օգտագործել՝ Ռոբերտ Քոչարյանի արշավին ծառայեցնելու համար: Սա ընդամենը հետևանք է նրա, որ նախատեսված ցուցանիշների առումով սպասելիքները չեն արդարացել: 

– Ինչո՞վ եք բացատրում այն, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքները անընդհատ խոսում են քաղաքացիական բախումների հնարավորության մասին: 

– Դրա համար պարարտ հող է ստեղծում Նիկոլ Փաշինյանը, երբ մուրճով ման է գալիս երկրի քաղաքներում: Առհասարակ, այդ միտումը՝ ահաբեկել հասարակությանը, սպառնալ քաղաքացիական պատերազմներով, վկայում է, որ և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը էլեկտորալ առումով ճգնաժամ են ապրում, և այն նպատակները, որոնք դրել էին նախընտրական քարոզարշավի առջև, չեն կարողացել կատարել: Նման դեպքերում մնում է արդեն գտնել այսպիսի էպատաժային ձևեր՝ հանրության վրա ազդելու համար:

– Որքանո՞վ է ռուսական կողմը շահագրգռված Կարեն Կարապետյանին գործուղել Հայաստան, որքանով է Մոսկվան փորձում միջամտել Հայաստանի ընտրություններին: 

– Ես այստեղ չեմ տեսնում ՌԴ իշխանությունների շահագրգռվածությունը: Ի սկզբանե Ռուսաստանն օգտագործում էր բիլիարդի տեխնոլոգիան, այսինքն՝ եթե Քոչարյանին դիտարկենք որպես բիլիարդի մի գնդակ, իսկ Փաշինյանին՝ մեկ այլ գնդակ, մեկով խփում են մյուսին, որպեսզի Փաշինյանը ճիշտ տեղում հայտնվի, որտեղ որ Ռուսաստանն ուզում է տեսնել Հայաստանի ղեկավարին:

Դա եռակողմ համաձայնագիրն է Ադրբեջանի և ՌԴ-ի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ: Այս առումով տրամաբանական է, որ ՌԴ-ն ուներ և ունի միջամտություն մեր ընտրություններին:

Ի սկզբանե դա պարզ էր, և Նիկոլ Փաշինյանն էլ ևս հայտնել է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց քվեարկելու են, իր հետ միասին կիսելու են պատասխանատվությունը եռակողմ համաձայնագիրը կնքելու համար: Այսինքն՝ այստեղ որևէ նորություն գոնե ինձ համար չկա:

– Նախընտրական քարոզարշավը որքանո՞վ է հավասարակշիռ ընթանում, թե՞ երկու հիմնական ուժերի միջև է պայքարը գնում՝ Փաշինյանի և Քոչարյանի:

– Պետությունը չի հետևում այն կանոնին, որ որևէ կուսակցություն իրավունք չունի մեկ միլիոնից ավելի գումարներ ներդնել իր քաղաքական գործունեության մեջ տարվա ընթացքում: Սա «Կուսակցությունների մասին» օրենքի դրույթներից մեկն է:

Մենք այսօր տեսնում ենք, որ և Քոչարյանին աջակցող ուժերը, և Նիկոլի գլխավորած կուսակցությունը դա չեն կատարում: Այն ռեսուրսները, որոնք այդ ուժերը ներդնում են իրենց քարոզարշավի մեջ, ակնհայտորեն անցնում են օրենքով սահմանված չափերը:

Բայց քանի որ կա լուռ պայմանավորվածություն, որ փողով պետք է մրցակցեն մյուս բոլոր հնարավոր քաղաքական մրցակիցների նկատմամբ, սա մնում է պետության կողմից աննկատ: 

Մյուս երևույթը, որ նույնպես օգտագործվում է, դրամական խոստումների, ընտրակաշառքի երևույթն է: Այդ առումով նույնպես ներքին փոխըմբռնում գոյություն ունի: Մենք տեսանք, որ ընդամենը մեկ անգամ բացառություն եղավ, երբ Սերժ Սարգսյանը հայհոյեց Նիկոլ Փաշինյանին:

Դա էլ պայմանավորված էր «Պատիվ ունեմ» դաշինքի ճգնաժամով և ռեյտինգ բարձրացնելու մեթոդ էր, որը, մեծ հաշվով, չաշխատեց: Դրանից անմիջապես հետո քրեական գործ հարուցվեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ՝ ընտրակաշառքի հետ կապված:

Բացառությամբ այդ դեպքի, մենք Նիկոլ Փաշինյանի հայտարարած օպերատիվ-հետախուզական արդյունավետ աշխատանքի արդյունքները դեռևս չենք տեսնում: Մինչև ընտրություններ օրեր են մնացել, բայց ազատորեն գործում են այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց հիմնական տեխնոլոգիան դրամական խոստումներ տալն է ու ընտրակաշառք բաժանելը: 

– Իրավիճակն իսկապե՞ս պայթյունավտանգ է՝ հաշվի առնելով, որ անընդհատ քաղաքացիական պատերազմի մասին հայտարարություններ են հնչում:

– Իրավիճակը կարող են ապակայունացնել այն ուժերը, որոնք նախատեսել էին քարոզարշավի ընթացքում որոշակի կոնկրետ արդյունքներ և դրանց չեն հասել: Այսօր նաև շահարկում են այդ հնարավորությունը՝ հանրությանն ահաբեկելու համար: Նկատի ունեմ նախկին երեք նախագահներին և գործող վարչապետի պաշտոնակատարին:

– Ձեր կարծիքով՝ երկրորդ փուլի հավանականությունը մե՞ծ է:

– Դա կախված է լինելու իրենց պահվածքից, այդ որոշումն իրենք են ընդունելու, պատասխանատվությունն իրենց վրա է: Հանրության մեջ այդպիսի տրամադրություններ չկան, բայց հանրությանը կարող է արհեստականորեն պարտադրվել այդպիսի իրավիճակ, և դրանով ապակայունացվի ներքաղաքական իրավիճակը ընտրությունների արդյունքում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am