«Հայաստանում կա 2,5 մլն ընտրող, ինչը մեծ կասկածներ է առաջացնում՝ արդյոք չե՞ն փորձելու մանիպուլյացիաներ անել». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» հկ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Հայաստանում 12 օր նախընտրական քարոզարշավ էր, դուք հետևել եք դրան, ի՞նչ տպավորություններ ստացաք: Իրավական տեսանկյունից պահպանվո՞ւմ էին կարգերը, կանոնները:

– Իրականում այս քարոզարշավը հնարավոր չէ գնահատել ոչ իրավական տեսանկյունից և ոչ էլ անգամ քաղաքացիական տեսանկյունից: Շատ դժվար է, որովհետև այդ մասշտաբի մանիպուլյացիա, կարծում եմ՝ մենք չենք ունեցել երբևիցե:

– Ո՞ր կողմից է մանիպուլյացիա կիրառվել:

– Իրենց հիմնական խաղացող հռչակածների կողմից: Այդ երկու կողմերի թեթև ձեռքով մենք ունեցանք շատ մեծ մասշտաբի մանիպուլյացիա: Թե մերժվածները, թե գործող իշխանությունը ոչնչից չխորշեց՝ իրենց իբր ինֆորմացիաներով, իբրև թե սկանդալային անբովանդակ ու անհարիր բառապաշարով հայտարարություն-ձայնագրություններով, չագուչ-մանգաղներով հարձակում գործել հանրության վրա: Սա աննախադեպ երևույթ էր, բայց վատագույն իմաստով՝ աննախադեպ:

Այսպիսի նախընտրական փուլով ոչ բուն ընտրությունները կարող են դրական ընթացք ունենալ, ոչ էլ այս ընտրությունների միջոցով ուժերից որևէ մեկի իշխանության գալու դեպքում կարող ենք նորմալ իշխանություն, կայունություն ունենալ:

Եթե դեռ իշխանություն չունեցած՝ նման բառապաշար ու սպառնալիքներ են օգտագործվում, ապա իշխանության գալուց հետո սարսափում եմ պատկերացնել, թե ինչ իրավիճակ է լինելու:

– Իսկ նորմալ ընդդիմության հույս ունե՞ք:

– Նորմալ ընդդիմություն կա, բայց, ցավոք, նորմալ ընդդիմության ձայնը այդպես էլ չլսվեց: Եվ դա պայմանավորված էր նրանով, որ լրատվական կայքերի մի զգալի մասը շատ կողմնակալ էր, իսկ մնացածը ուղղակի կամ բաց թողեցին նրանց լուսաբանումը, կամ ավելի շատ սկանդալներ փնտրեցին ու հրապարակեցին, քան բովանդակային միտք, գաղափար, ծրագիր: Այնպես որ, այդ ուժերը մնացին խաղից դուրս, ինչը, կարծում եմ, պատահական չարվեց:

Ավելի շատ խաղը տարվեց մարդկանց էմոցիաների վրա, մինչդեռ իրականում մենք վաղուց պետք է մոռացած լինեինք էմոցիոնալ կողմը ու բացառապես կատարեինք մտքի ու գաղափարի ընտրություն:

– Տիկի՛ն Կարապետյանց, ես հիշում եմ՝դուք անցյալի դեմ պայքարի հարցում բազմիցս կոշտ մեթոդներ կիրառելու կոչ էիք անում իշխանություններին: Այժմ նրանք կարծես թե լսել են այդ կոչերը, ու քարոզարշավի ընթացքում իշխանական թեկնածուն պողպատե մանդատ ստանալու խնդրանքով էր դիմում մարդկանց: Ի՞նչ կարծիքի եք:

– Ո՛չ, ես առաջարկում էի դադարեցնել թավիշը, որովհետև թավիշի անվան տակ իրականացվում էր ներումների միանձնյա շնորհում, որովհետև վարչապետը որոշել էր թավիշի անվան տակ մի օրում օլիգարխին դարձնել խոշոր սեփականատեր, որոշել էր տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած Հունան Պողոսյանին ներում շնորհել ու որպես պարգև նշանակել Սյունիքի մարզպետ:

Ես առաջարկել էի դադարեցնել թավիշն ու միանձնյա կառավարումը, փոխարենը՝ օգտագործել այն գործիքակազմը, որն ամբողջ աշխարհում ընդունված է որպես անցումային արդարադատություն: Այդ գործիքով ու նման բարձր լեգիտիմության պայմաններում հնարավոր էր երկրում գնալ իրական փոփոխությունների կամ առնվազն սկսել այդ փոփոխությունները:

– Հիմա պողպատե մանդատի մասին են խոսում: Դա կարո՞ղ է ենթադրել կոշտ մեթոդներ:

– Ճիշտ եք, վարչապետը խնդրում է պողպատե մանդատ, բայց վարչապետն այսքան ժամանակ չի հասկացել, որ 2018 թվականին ժողովուրդն իրեն տվեց ավելին, քան պողպատե մանդատ. չկա մի երկիր, որտեղ նման բարձր լեգիտիմությամբ իշխանություն է ընտրվել:

Այդպիսի լիազորություններն ու հնարավորությունները թույլ էին տալիս առավել խոր ու բովանդակային անցումային արդարադատություն իրականացնել:

Ուրիշ որևէ իշխանությունից անձամբ ես կդժվարանամ անցումային արդարադատություն պահանջել, որովհետև 20-40 տոկոս լեգիտիմություն ունեցող իշխանությունը չի կարող գնալ այդ քայլին, դրա համար բացառիկ իրավիճակ էր պետք:

– Կարծում եք, որ այս ընտրություններում իշխանությունները չե՞ն ստանա 60 տոկոս, ինչպես իրենք են ցանկանում:

– Վստահաբար այդքան ձայն չեն կարող ունենալ, դա իրենց մտացածին թվերն են, մինչև 35-40 տոկոս՝ կարող են: Եվ երբ հրապարակվում է, թե Հայաստանում կա 2,5 մլն ընտրող, միայն ընտրող, սա մեծ կասկածներ է առաջացնում՝ արդյոք անիրատեսական ընտրողների թվի հաշվին չե՞ն փորձելու մանիպուլյացիաներ իրականացնել:

Բոլորս էլ հասկանում ենք, որ վերջին մարդահամարից հետո Հայաստանը լքածների թիվը էականորեն մեծացել է: Մենք ֆիզիկապես չենք կարող 2,5 մլն ընտրող ունենալ:

Հատկանշական է, որ սրանից կօգտվեն ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաև մերժվածները՝ իրենց հմտություններով, իրենց նախկին կապերով, հնարավորություններով:

Նաև մտավախություններ կան, որ հնարավոր է՝ հետընտրական բախումներ տեղի ունենան: Տեսնո՞ւմ եք դրա նախադրյալներ:

-Հետընտրական զարգացումների մասին խոսում է թեկնածու, նաև` դեռ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նաև համարժեք արձագանքի մասին են խոսում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Հետևաբար ոչինչ բացառել չի կարելի:

Իմ հույսը ժողովրդի ողջամտության վրա է, և ես մեծ հույսեր ունեմ, որ ժողովուրդը չի գնա անթույլատրելի բախումների:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am