«Սառն եմ վերաբերվում ուսանողական շարժմանը, որովհետև իրականության մեջ շատ էժան նյութի համար են դուրս եկել». Արմեն Մովսիսյան

«Սառն եմ վերաբերվում ուսանողական շարժմանը, որովհետև իրականության մեջ շատ էժան նյութի համար են դուրս եկել». Արմեն Մովսիսյան
«Սառն եմ վերաբերվում ուսանողական շարժմանը, որովհետև իրականության մեջ շատ էժան նյութի համար են դուրս եկել». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում:

– Պարո՛ն Մովսիսյան, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողներն ընդվզեցին, ապա իշխանության առաջարկած կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին և երկու առաջարկ ներկայացրին։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախագծի և ուսանողների պայքարի վերաբերյալ։

– Տեսեք, հարցը հետևյալն է. տարկետման հարցում մենք պատճառահետևանքային կապը խախտել ենք։ Պատճառներն առաջացրել են հետևանք` ծառայությունը նաև երեք տարի դարձնելու։ Ի՞նչն է պատճառը նման խնդրի առաջ կանգնելու… շատ պարզ է՝ ժողովրդագրական խնդիրը։ Այսօր սահմանը պահող զինվորի խնդիր կա։ Բայց սա հարցի լուծում չէ։ Հիմա տարկետման հարցն են լուծում, բայց եթե չկարողանան իրականության մեջ մեր երկիրը դարձնել արտագաղթից ներգաղթի վիճակի, որոշ ժամանակ անց այս օրենքն օգուտ չի տա ։ Այսինքն՝ իշխանավորների կողմից խախտվել է պատճառահետևանքային կապը։ Բացի այդ, մյուս կողմից էլ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում, երբ ասում են՝ չենք գնա ծառայելու։ Ես հասկանում եմ, որ երկրին գիտնականներ են պետք, բայց հարցն այդպես դրված չէ։

Նույն երիտասարդները եթե դուրս գային և բողոքեին այս իշխանությունների վարած վատ քաղաքականության դեմ, որը երկիր տանում է վատ վիճակի, ես կհասկանայի այդ ուսանողների բողոքը, որի հետևանքն է նաև, որ այսօր գիտնական ուսանողին պարտադրում են բանակում ծառայել։ Ուսանողների շարժումը հեռատես չի, իրենք էլ պատճառահետևանքային կապը չհասկանալով, անձնականացված շարժման դուրս եկան, որին ես չեմ կարող աջակցել։ Անկեղծ ասած, բավականին սառն եմ վերաբերվում նաև ուսանողական շարժմանը, որովհետև իրականության մեջ շատ էժան նյութի համար էին դուրս եկել, ոչ թե իսկապես հասկանալու, թե ինչու է այսօր օրակարգում հայտնվել իրենց 3 տարի զորակոչելու հարցը։ Այսինքն` հարցը ոչ թե ուղղված էր իշխանության սխալներին լուծումներ տալուն, այլ շատ անձնական` երեք տարի ծառայության դեմ լինելու։ Երկու կողմից էլ լուրջ չեմ ընդունում։ Մի կողմից կարկատան է, մյուս կողմից էլ` չգտան իրական պատճառը, թե ինչի դեմ արժեր բողոքել։

– Ամեն դեպքում այստեղ կա նաև սոցիալական արդարության խնդիր, հաշվի առնելով, թե այս տարիների ընթացքում քանի պաշտոնյաների որդիներ են խուսափել բանակում ծառայելուց։ Հնարավո՞ր է՝ եթե սոցիալական արդարություն լիներ, ուսանողներն էլ դուրս չգային պայքարի։

– Եթե սոցիալական արդարություն լիներ, մենք շատ հարցերից խուսափած կլինեինք, նաև այդ երեք տարի ծառայելու հարցը չէր ծառանա մեր առջև։ Իհարկե, այդ հարցն էլ կա` անարդարությունն է, որ այսօր ժողովրդագրական խնդրի առջև ենք կանգնել։ Այդ երեք տարվա հարցը նաև սոցիալական արդարության պակասից է գալիս, երբ օրենքի առջև հավասարի և ավելի հավասարի սկզբունքն է գործում, որը մարդկանց ստիպում է հեռանալ երկրից։ Էլի գալիս ենք նույն հարցին, որ պատճառն այլ տեղ է։ Այս երեք տարի ծառայելու հարցը հետևանք է երկրում անօրինականությունների, երկրում առավելություն ունեցողների, դատական գործող համակարգի։ Այ եթե այս հարցերը լուծվեին, այդ երեք տարվա հարցը չէր առաջանա։ Սրանք փոխկապակցված հարցեր են։

– Այս փուլում ուսանողներն ու իշխանության ներկայացուցիչները կլոր սեղանի շուրջ են հավաքվել ու քննարկում են այդ խնդիրը։ Ձեր կարծիքով` իշխանությունը կգնա՞ զիջումների, թե՞ կմնա իր դիրքորոշմանը։ Ի վերջո, 2000-ական թվականներին էլ է փորձ արվել նման օրինագիծ ընդունել, որը չի հաջողել։

– Իշխանությունը հրշեջի է նման, որ երբ կրակ է սկսվում, փորձում է այդ լոկալ կրակը մարել, բայց չի փորձում գտնել, թե այդ հարցերն ինչի՞ց են առաջանում, և լուծումներ տալ։ Այդ հարցում մեր իշխանությունները զրո են։ Քանի որ նրանք տվյալ պահին առաջացած խնդիրներին են ուզում լուծում տալ, չնայելով խորքը, գուցե կարճաժամկետ, ժամանակավոր ինչ-որ լուծումներ գտնեն, բայց իրենց ոչ հեռատեսության, երկիրը վատ կառավարելու հետևանքով առաջացող հրդեհները, ի վերջո, չես կարողանալու մարել։ Այդ կլոր սեղաններն էլ, կարծում եմ՝ օգուտ չեն տա։ Հիմա կզորակոչե՞ն երիտասարդներին, թե՞ չեն զորակոչի` դա ժամանակավոր լուծում է։ Ժամանակավոր լուծում էր նաև 1000 դրամներով ինչ-որ սոցիալական հարցերի լուծումը։ Այդ ամենը գալիս է երկիրը վատ կառավարելուց։

– Այսինքն՝ դուք կարծում եք, ուսանողները պետք է ավելի գլոբալ, ավելի քաղաքական հարցե՞ր դնեին։

– Երկրի սրտի աշխատանքի հետ կապված հարցեր պետք է դնեին։ Իսկ իրենց առաջ քաշած հարցն ընդամենը երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներից մեկի մասնավոր դեպքին է վերաբերում։ Միայն տարկետման հարցը չէ, բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջացրել են երկրի ճգնաժամային վիճակը։ Այո՛, ուսանողությունը պետք է ավելի գլոբալ հարցեր դներ, որոնց մեջ կներառվեր նաև իրենց հարցի լուծումը։ Իսկ այսպես` բարձրացնելով զուտ իրենց մասնավոր հարցը, այն չի ունենում բոլոր սոցիալական խավերի աջակցությունը։ Ստացվում է, որ սա մասնավոր մի դեպք է, և չեմ կարծում, որ այս հարցը շատ գլոբալ խնդիր կդառնա, որքան էլ աղաղակեն։ Հասարակությանն այլ հարցեր են հուզում։

Մանե Հարությունյան

MediaLab.am