«Առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախի իշխանությունները կրկին անցնելու են Սերժ Սարգսյանի ու իր թիմի կողմը». Տիգրան Գրիգորյան

«Առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախի իշխանությունները կրկին անցնելու են Սերժ Սարգսյանի ու իր թիմի կողմը». Տիգրան Գրիգորյան
«Առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախի իշխանությունները կրկին անցնելու են Սերժ Սարգսյանի ու իր թիմի կողմը». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը:

– Պարո՛ն Գրիգորյան, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցում էր նաև Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով պաշտոնյաների շարքում էր: Հանրության հարցադրումներին ի պատասխան՝ Աբրահամյանն ասել է, որ Արցախի իշխանությունների հրավերով է մեկնել Արցախ: Ի՞նչ ուղերձ են հղում այս քայլով Արցախից Հայաստանի նոր իշխանություններին:

– Կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական նախկին պաշտոնյաների սիրելի զբաղմունքներից մեկը Արցախ գալն ու տարբեր միջոցառումների մասնակցելն է: Քանի որ ժողովուրդն այստեղ ավելի ապաքաղաքական է, քան Հայաստանում, երևի նրանց համար այստեղ տիրող մթնոլորտն ավելի հաճելի է:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, պետք է հասկանալ, որ նրանք նույն այն հանցավոր ռեժիմի մասն էին, որը Հայաստանում տապալվել է, և շատ սերտ հարաբերություններ ունեն այդ ռեժիմի բոլոր ներկայացուցիչների հետ: Չնայած հիմա փորձում են ցույց տալ, թե սատարում են Հայաստանի նոր կառավարությանը, սակայն կասկած չկա, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին անցնելու են Սերժ Սարգսյանի ու իր թիմի կողմը: Եվ այդ առումով զարմանալի չէ, որ տարատեսակ օդիոզ, տարբեր հանցագործությունների մեջ կասկածվող մարդկանց են հրավիրում Արցախ:

– Քանի որ այս փուլում Հայաստանում թեժ է հակահեղափոխության թեման, նաև կոնկրետ գործիչների կողմից այդ ուղղությամբ քայլեր ենք տեսնում, հնարավո՞ր է Արցախի իշխանությունները մասնակցեն այդ հակահեղափոխական գործողություններին՝ ուղղակի կամ անուղղակի սատարելով Հայաստանում գործող որևէ ուժի:

– Արցախի իշխանությունները Հայաստանի հեղափոխության դեմ քայլեր էին ձեռնարկում հեղափոխության հենց սկզբից, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը նոր էր մտել Երևան ու սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաների շարքը: Այդ ժամանակ այստեղ ինֆորմացիոն դաշտում բավական ակտիվ գործողություններ էին ընթանում:

Օրինակ՝ ես հիշում եմ, որ պաշտպանության բանակի հրամանատարն այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ, նշելով՝ երբ դուք այդտեղ հանրահավաքներ եք անում, այստեղ սահմանին վիճակը լարվում է: Դա ակնհայտորեն քաղաքական հայտարարություն էր, և պարզ էր, որ նա իր նախաձեռնությամբ չէր արել այդ հայտարարությունը, վերևների թելադրանքով էր: Հեղափոխության առաջին իսկ օրերից Արցախի ուժային մարմինների գրեթե բոլոր աշխատակիցները, վստահ եմ՝ հատուկ հրամանով, ներգրավված են եղել ակտիվ հակաքարոզչության մեջ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի և հեղափոխական այլ գործիչների դեմ:

Սոցիալական ցանցերում տարատեսակ ծաղրանկարներ էին տարածում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ և այլն: Բայց այդ մարդիկ մինչ այդ «Ֆեյսբուքում» ակտիվություն չէին ցուցաբերում: Սակայն հետագայում, երբ արդեն Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ստիպված արդեն մի քիչ այլ կերպ սկսեցին աշխատել: Բայց բոլորովին վերջերս նույնպես տեսել ենք այդպիսի գործողություններ:

Ամենավատ օրինակն այն է, երբ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ստատուս էր գրել, որի իմաստն այն էր, թե իբր Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են Արցախի հարցում տարածքային զիջումների գնալ: ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հայտարարությունից հետո սպառնում էին, որ հանրահավաքներ կկազմակերպեն: Դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ հրապարակային խոսում էր տարածքներ հանձնելու մասին, և նրանք որևէ կերպ չէին արձագանքում: Իսկ ոչ իշխանական կուսակցության ներկայացուցչի այդ հայտարարության հիման վրա եկել էին եզրահանգման, որ Հայաստանի իշխանությունները որոշել են տարածք հանձնել:

– Այսինքն՝ հարմար առիթի դեպքում Արցախից հակահեղափոխական քայլե՞ր են ցուցաբերվում:

– Այո՛, այդ քայլերը հստակ ցուցաբերվում են, և այդ մասին, կարծում եմ, Երևանում էլ են տեղյակ:

– Իսկ այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ տրամադրություններ է ստեղծում Արցախում: Քոչարյանին աջակցություն կցուցաբերվի՞ Արցախից:

– Կարծում եմ՝ կարող է ակնհայտ աջակցություն էլ լինել: Այս հակահեղափոխության ակտիվության երկրորդ ալիքը հենց Քոչարյանի հարցազրույցներից ու հայտարարությունից հետո է եղել: Ինչպես տեսնում ենք, թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում շատերը ոգևորվել են այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է քաղաքականություն վերադառնալ: Ես կարծում եմ, որ Բակո Սահակյանից և իր նեղ շրջապատից ամեն ինչ հնարավոր է սպասել:

Բայց մի կարևոր շեշտադրում պետք է անել. երբ խոսում ենք հակահեղափոխության մասին, պետք է հաշվի առնել հետևյալը: Մամուլում շատ են նշում, որ Արցախը հակահեղափոխության կենտրոն է: Բայց պետք է հաշվի առնել, որ խոսքը ոչ թե Արցախի ժողովրդի, այլ հենց այդ փոքր խմբի՝ ուժայինների, Բակո Սահակյանի մերձավորների մասին է: Արցախում ժողովրդի մոտ Նիկոլ Փաշինյանն ընդունվում է որպես համազգային առաջնորդ, իսկ այս խումբը, որն այդպիսի գործողություններ է իրականացնում, որևէ հեղինակություն չունի Արցախում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am