Գիրք, որի էջերը թերթելիս երաժշտություն է լսվում. Դեն Բրաունի երեխաների համար գրված անսովոր «Վայրի սիմֆոնիան»՝ հայերեն ու Հայաստանում

«Երբեմն մենք վախենում ենք ամենահիմար բաներից», «Հրաշալի է հիանալ այլոց ձիրքերով, բայց մի՛ մոռացիր, որ դու ևս ունես հատուկ տաղանդներ», «Մեկ-մեկ աչքերդ փակիր և ականջ դիր։ Գուցե մի նոր բան «տեսնես»․ խորհուրդներ, գրավիչ, գունազարդ պատկերներ, կենդանիների մասին չափածո ստեղծագործություններ, գլուխկոտրուկներ և դասական երաժշտություն․ «Նյու Յորք Թայմզի» թիվ մեկ բեսթսելլեր «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի հեղինակ, ամերիկացի հայտնի գրող Դեն Բրաունը երեխաների համար անսովոր գիրք է գրել, որն արդեն թարգմանվել է հայերեն։ Գրքի նկարազարդումը իրականացրել է Սյուզան Բատորին։

«Զանգակ» հրատարակչության ծրագրերի համակարգող Սրբուհի Այդինյանի խոսքով՝ գիրքը շատ խնամքով է կազմված, կառուցվածքը ինտերակտիվ է, և տարբեր գաղտնիքներ կան պահված, որոնք երեխաները ընթերցանության ընթացքում պետք է բացահայտեն։

«Գիրքը երեխաներին մոտեցնում է նաև դասական երաժշտությանը, գործիքներին է ծանոթացնում, ու այդ ամենը՝ շատ հավես ու ուրախ ոճով։ 

Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ այնպես ենք արել, որ գործիքների անունները հայերենով ճշգրիտ լինեն, ու երեխաները սովորեն։ Նկարազարդումներն էլ շատ որակյալ են, դրանցում հումոր կա, որը մանկական գրականության համար շատ կարևոր է»,- ասում է Սրբուհի Այդինյանը։

Այդինյանը նշում է, որ «Վայրի սիմֆոնիան» Դեն Բրաունի առաջին նկարազարդ գիրքն է, խմբագիրների մեծ թիմ է աշխատել՝ մանկական ճիշտ գրականություն ստեղծելու ուղղությամբ։

«Մենք մեր խմբագիրների ուսումնասիրության, թիմի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է հայ մանուկները ծանոթանան գրքին՝ նաև ուսուցողական տարրը հաշվի առնելով»,- նշում է Այդինյանը։

«Զանգակ» հրատարակչության հեղինակային իրավունքների պատասխանատու Աննա Չիթչյանն ասում է, որ գրքում ներառված փոքրիկ գլուխկոտրուկները, որը հեղինակը թաքցրել է էջերում, երեխայի մտածողությունն են զարգացնում։ 

«Դեն Բրաունը իրեն բնորոշ գլուխկոտրուկները բացահայտելու, արկածներ որոնելու փոքրիկ տարրեր է ներառել գրքում, ինչն այդ տարիքից երեխաներին սերմանելով՝ զարգացնում է քննադատական, ստեղծագործ միտքը»։

Գրքի հեղինակը փոքրիկ տեքստերով նաև մոտիվացնող և օգտակար խորհուրդներ է տալիս փոքրիկ ընթերցողին, ասում է Չիթչյանը, թե դժվարին իրավիճակներում ինչպես պետք է վարվել, օրինակ՝ պետք է հավատալ սեփական ուժերին, ճանապարհին հանդիպող խոչընդոտները նորմալ են, ոչ մեկի մոտ առաջին անգամվանից չի ստացվում։ Կյանքի լավ խորհուրդներ է պարունակում գիրքը, որոնք երեխաների համար շատ օգտակար կարող են լինել՝ առաջ գնալու, չտրտնջալու, ժամանակը կառավարելու և այլ հարցերում։

Այն նաև ավելի փոքր տարիքում հատկապես դիդակտիկ նյութ կարող է հանդիսանալ երեխաների համար կենդանիներին ծանոթանալու իմաստով. «Յուրաքանչյուր էջում ներկայացված են մի կենդանի, ու կից տեքստով համապատասխան բնավորության գծեր, կերպար է բացահայտում երեխան յուրաքանչյուր կենդանու համար»,- ասում է Չիթչյանը։

Իսկ գրքում ներառված դասական երաժշտությունը, որը հենց Դեն Բրաունն է գրել, երեխաները կարող են լսել «Վայրի սիմֆոնիա» գրքի առաջին էջի QR կոդը սկանավորելով և հավելվածը ներբեռնելով։

Չիթչյանը նկատում է, որ շատ հաճախ ծնողները, ցանկանալով իրենց երեխաներին մոտեցնել բարձր արվեստին, բախվում են մի խնդրի, որ նրանք համերգասրահներում դժվար են երկար նստում, շատ դժվար է երեխաներին 2 ժամ նստեցնել ու հաղորդակից դարձնել դասական երաժշտության, բայց այս գրքի միջոցով, ինտերակտիվ խաղի միջոցով ժամանցը կազմակերպելով՝ երեխաներին մոտեցնում են դասական երաժշտությանը։

«Զանգակ» հրատարակչության հեղինակային իրավունքների պատասխանատուն ասում է, որ սա առաջին համագործակցությունը չէ Դեն Բրաունի հետ․ «Առաջարկը մենք ստացել ենք Դեն Բրաունի գործակալներից, քանի որ մեր գործելաոճին ծանոթ լինելով, մանկական գրականության հրատարակության մեջ մեր փորձառությունը կարևորելով՝ նրանք ցանկացան հենց մեզ հետ համագործակցել։

Գիրքը հետաքրքիր ճանապարհ ունեցավ, այս ամեն ինչը մինչև պատերազմն էր, բայց դժվարին վիճակում մենք չկանգնեցրինք հատկապես մանկական նախագծերը, որովհետև կարևորում ենք երեխաներին ևս մի հավելյալ ուրախություն ու օգտակար գիրք հասցնելու հնարավորությունը»։

Թեև գիրքը ընդամենը 2020-ին է հրատարակվել, բայց արդեն հասցրել է թարգմանվել շուրջ 37 լեզվով: Հայերեն թարգմանությամբ գիրքն արդեն գրախանութներում հասանելի է, արժեքը 4800 դրամ է, նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար։ Գրքի հայերեն թարգմանությունը իրականացրել է Սերգեյ Սարգսյանը։

«Զանգակ» հրատարակչության ծրագրերի համակարգող Սրբուհի Այդինյանը նշում է, որ ծրագիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ են իրականացրել, քանի որ այն ոչ միայն գիրքն է ներառում, նաև համերգ է տեղի ունենալու: 

«Հուլիսի 24-ին համերգ է նախատեսված։ Համերգն ուղեկցվելու է գրքից հատվածներ ընթերցելով»,- ասում է Այդինյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am