Րաֆֆի Կ. Հովհաննիսյան. Մի քայլիր իմ վրայով. Փոքր Հայաստանի նշացույցը 20 տարի անց

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան. Մի քայլիր իմ վրայով. Փոքր Հայաստանի նշացույցը 20 տարի անց
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան. Մի քայլիր իմ վրայով. Փոքր Հայաստանի նշացույցը 20 տարի անց

Երեւան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գուցեեւ լավ տղամարդ է, բայց նա իշխանության եկավ ձախողված ընտրությունների արդյունքում: Սարգսյանը պետք է վայր իջնի եւ վերջապես վերահսկի 1991 թվականից` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր անցած ողջ ժամանակաշրջանում առաջին ազատ ընտրությունների անցկացումը:
Ազգը, որ նա ձգտում է ներկայացնել, արժանի է առնվազն դրան: Ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական ուղենիշ եւ ոչ թե նշանաբան` «նետված» արեւմտյան «գործընկերներին» ու մյուս զրուցակիցներին, ովքեր «բաժակաճառեր» են արտասանում լավագույն այդ համակարգի օգտին, բայց հետո այն սպանում իրենց երկդիմի քաղաքականությամբ:

Սարգսյանի թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը նույնպես վատ անձնավորություն չէ, սակայն նա շարունակում է ներկայացնել ժխտողական մի իշխանակարգ, որը պարտակում է Հրանտ Դինքի նման լրագրողների սպանությունը, «խեղդում» իր փոքրամասնություններին, ինչպեսեւ իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, որն իրագործեց հայ ժողովրդի Ցեղասպանությունը` հայրենազրկելով եւ պոկելով նրան պապենական արմատից: Սրա ամենաթարմ ապացույցը Ստրասբուրգում` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Գյուլի ու նրա շատ խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին ելույթներն են, ինչպեսեւ հենց Աուշվիցում Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դրսեւորած ամբարտավան պահվածքը: Արդի Թուրքիան պետք է առերեսվի պատմության ու ինքն իր հետ, ճանաչի Մեծ եղեռնը եւ վերջ դնի Արեւմտյան Հայաստանի անօրինական ու անմարդկային բռնազավթմանը:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան էլ լավը չէ, սակայն ավելի ազնիվ է ավտորիտարի եւ բռնազավթչի իր վարքագծում: Լեռնային Ղարաբաղը` կամ Արցախը, հայկական հող է, եւ երկու տասնամյակ առաջ Ալիեւի նախնիների սանձազերծած նախահարձակ պատերազմում ադրբեջանցիները կորցրին այն, ինչը երբեւիցե չէին էլ ունեցել եւ դրանից երբեւէ ոչինչ` բացառությամբ բարիդրացիության, չեն տեսնելու: Ալիեւն ինքն իրեն եւ մարդկությանը շատ մեծ լավություն կանի, եթե հարգի իր քաղաքացիների իրավունքները, օրինական տերերին վերադարձնի հայկական բնօրրանները` ներառյալ Շահումյանն ու Նախիջեւանը, որոնք դեռ ադրբեջանական բռնազավթման տակ են, եւ լիիրավ փոխհատուցի հարյուր հազարավոր հայերին, լեզգիներին, թալիշներին, թաթերին եւ ազգային այլ փոքրամասնություններին, որոնց նա` իր յուրայիններով, փորձել է ոչնչացնել:

Եթե միջազգային օրենքը, ինքնորոշումը, ապագաղութացումը եւ տարրական ազատությունը պետք է ճշմարիտ, ոչ թե հռետորական կարեւորություն ունենան արդի աշխարհի կյանքում ու զարգացման մեջ, ապա այդ աշխարհը պետք է կառավարվի հավասարապես երաշխավորված իրավունքներով: Լեռնային Ղարաբաղը` Կոսովոյի ու Աբխազիայի հանգույն, լակմուսի առաջատար փորձաքննություն է, հետեւաբար դե յուրե եւ առանց խտրականության պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ո՞վ կլինի առաջինը, որ միանգամից կճանաչի բոլոր երեքին եւ այդպիսով ցույց կտա, որ այսօրվա համամոլորակային գործերում օրենքի ու իրավունքների արժեքն ավելին է, քան մեկ դոլարը:

Վրաստանի մարդը` Միխայիլ Սահակաշվիլին, Արեւմուտքում մեծարվում է, իսկ Արեւելքում` այպանվում: Նա իր հայրենիքին բերել է իրապես իմաստալից որոշ փոփոխություններ եւ վայելում է պատշաճ հարգանք: Սակայն միեւնույն ժամանակ շարունակում է ոտնահարել բոլորին որպես հայկական Ջավախք հայտնի շրջանի էթնիկ, կրոնական եւ լեզվական իրավունքները: Նա պետք է վերաբացահայտի իր ժողովրդավար մոտեցումը եւ հրաժարվի այլատյաց ու նախապաշարված քաղաքականության կիրառումից:

Ռուսաստանի առաջնորդները նույնպես պետք է ներգրավված լինեն այս գործընթացում եւ, ի վերջո, ճանաչեն «ռազմավարական դաշնակցի» հիմնարար իրավունքները: Ժամանակն է վերջ տալ կայսերապաշտական ծրագրին, եթե նույնիսկ այն «փափուկ» տեսակից է, որի նպատակն է վերահսկողություն սահմանել Հայաստանի նկատմամբ` իբրեւ իր ավանդական եւ աստվածատուր «ֆորպոստի»: Ռուսաստանը պետք է կամ ընդունի Հայաստանի ինքնիշխանության փաստը եւ նրա հետ վարի իսկական գործընկերություն` միջազգային, պետական ու ժողովրդավարական առումներով, կամ էլ պետք է Հայաստանին ազատ թողնի եւ դիմավորի նոր օր:

Մենք բոլորս ունենք այդ նոր օրվա կարիքը, եւ ուրիշին մեղադրելու հարկ չկա: Վերոնշյալ բոլոր անձնավորություններն ու ժողովուրդները հիշատակված են առանց վիրավորանքի միտման եւ նրանց շահերի ու դժվար կացությունների ըմբռնումով:

Սակայն սա է Հայաստանի վերջին նշանացույցը եւ վերջնական պատասխանատվությունը: