«Ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմությանը Պուտինը ուղիղ տեքստով ասաց, որ իր վրա հույս չդնեն»․ Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորանքը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ինչպե՞ս եք մեկնաբանում: Ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը «դժվար, սուր, զգայուն» հարցեր ասելով:

– Պարզ է, որ հանդիպման ընթացքում առաջնահերթ խոսել են Հայաստանի սահմանների անվտանգության խնդրի մասին, որը մինչ օրս բաց է մնում՝ պայմանավորված մեր սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ, այդ համատեքստում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ընդունված երկու համատեղ հայտարարությունների բոլոր կետերի անշեղորեն կատարումը:

Ինչ վերաբերում է Պուտինի շնորհավորանքին. նա արձանագրում է փաստերը՝ ընդունելով դրանք: Եթե սա դիտարկում ենք նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացների համատեքստում, ապա սա կարող է նաև ընկալվել որպես որոշակի ուղերձ՝ ուղղված Հայաստանում, այսպես կոչված, ընդդիմությանը, որոնք այսօր զբաղված են բողոքարկումներով: Փաստորեն Պուտինը ուղիղ տեքստով բարձրաձայնեց, որ իր վրա հույս չդնեն կամ իրեն հղումներ չանեն:

«Դժվար, սուր, զգայուն» հարցեր ասելով՝ չգիտեմ ինչ նկատի ունի, բայց Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ բոլոր հարցերն էլ զգայուն են, շատ զգայուն հարց է նաև Հայաստանի սուվերենությունը, և ես հիմքեր չեմ տեսնում, թե ինչից ելնելով պետք է Հայաստանը ինչ-որ անհասկանալի միջանցք տրամադրի չգիտեմ՝ ում իր սուվերենության հաշվին:

Հայաստանի իշխանությունը՝ որպես ժողովրդավար, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, չպե՞տք է մանրամասներ ներկայացներ այդ հանդիպումից, որ անորոշություն չլիներ Պուտինի նշած հարցերի վերաբերյալ:

– Եղել է հանդիպման բաց մաս, որը կարելի է համարել նաև մամուլի հաղորդագրություն՝ տեսատարբերակով: Հանդիպումն ի վերջո կրել է աշխատանքային բնույթ, ընդ որում՝ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվել, և կողմերը համարել են, որ այդ տեսանյութը բավարար է՝ այցը լուսաբանված համարելու համար:

Կողմերը մի կողմ, դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, այցը մանրամասնելու, հավելյալ տեղեկություն տրամադրելու կարիք չեք տեսնո՞ւմ, պարո՛ն Մեհրաբյան:

– Եթե խոսքը կոնկրետ ընդունված պարտավորություններին վերաբերեր, որոնք դե յուրե ընդունված լինեին, կհամաձայնեի ձեզ հետ, բայց այստեղ ուղղակի մտքերի փոխանակում է տեղի ունեցել:

Չեմ համարում, որ այնտեղ ինչ խոսվել է, պետք է ամենը բարձրաձայնվի, դա չի բխելու մեր շահերից, որովհետև այնտեղ կարող է և չոր խոսակցություն լինել, կարող է սուր, զգայուն հարցեր լինել, հարցեր, որոնք հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել, ինչին մենք բախվում ենք նույնիսկ չեղած դեպքում:

Նոր ձևավորված խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ասում են, թե այդ հանդիպումից պարզ դարձավ, որ Հայաստանը կրկին պատրաստվում է ցավոտ զիջումների:

– Ինձ համար շատ դժվար է նորմատիվային լեքսիկոնի սահմաններում մեկնաբանել նման կարծիքները: Ձեռնպահ կմնամ:

 – Պարո՛ն Մեհրաբյան, Հայաստանի սուվերենության մասին ասացիք, այսօր դրան սպառնացող վտանգ կա՞:

– Իհարկե, ռիսկի տակ դրված է, որովհետև գաղտնիք չէ՝ Ռուսաստանը ձգտում է հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող սուբյեկտների սուվերենությունը սահմանափակել՝ հօգուտ իրեն:

Հետևապես այդ սպառնալիքը կա՝ սկսած Պուտինի 2007 թվականի մյունխենյան ճառից: Բացի դրանից, տեսնում ենք հետևողական քաղաքականություն՝ ուղղված սուվերենության սահմանափակմանը:

 – Այս դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը:

 – Դիմադրի և պաշտպանի իր սուվերենությունը, որը սերտորեն շաղկապված է ժողովրդավարությանը:

Պարո՛ն Մեհրաբյան, իսկ որքանո՞վ է այդ դիմադրությունից բխում հանգամանքը, որ բանակցություններ են ընթանում ՀՀ պետական սահմանին ռուս զինվորականնների տեղակայման հարցի շուրջ:

-Իհարկե դա չեմ գնահատում քայլ՝ ուղղված Հայաստանի սուվերենության բարձրացմանը, ընդհակառակը: Ես համարում եմ, որ Ադրբեջանը համաձայնում է օգտագործվել որպես բութ գործիք Ռուսաստանի կողմից՝ ակնկալելով, որ դրա դիմաց ինքը ինչ-ինչ բաներ կստանա հայկական շահերի հաշվին՝ ռուսական թողտվությամբ:

Այժմ մեր երկիրը այդ եռանկյան մեջ պատանդի կարգավիճակում է, և մեր քաղաքական նպատակն է, որ Հայաստանը այդ պատանդային իրավիճակից դուրս բերենք, իսկ դրա ճանապարհը մեկն է՝ առանց կոնֆլիկտներ հրահրելու դիվերսիֆիկացնել մեր քաղաքականությունը:

Հաշվի առնելով իշխանության անցած երեք տարվա աշխատանքը, կարծում եք՝ կհաջողվի՞ երկիրը ձեր ասած վիճակից դուրս բերել:

– Այո՛, կհաջողվի, բայց դրա համար գործել է պետք: Թախտին նստելով, բախտին սպասելով չի հաջողվի, աշխատելով՝ կհաջողվի, այդ թվում նաև՝ աշխատելով արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ՝ հենվելով հանրային աջակցության վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am