«Ծոմ հստակության». Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, փորձագետների կարծիքով, ներքաղական դաշտում դիրքեր ամրապնդելու նպատակ ունի

«Ծոմ հստակության». Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, փորձագետների կարծիքով, ներքաղական դաշտում դիրքեր ամրապնդելու նպատակ ունի
«Ծոմ հստակության». Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, փորձագետների կարծիքով, ներքաղական դաշտում դիրքեր ամրապնդելու նպատակ ունի

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության եւ իշխանության համար կռվախնձոր դարձած «Ազատության» հրապարակում շարունակում է հացադուլը, շատ վերլուծաբաններ համոզված են, որ նման քայլերով «Ժառանգությունը» փորձում է հասարակության ուշադրությունը գրավել:
«Հասարակությունը խորապես դժգոհության մեջ է: Եվ մի քանի խողովակների միջոցով արտահայտում է իր բողոքը` դա կլինի «Բարգավաճ Հայաստանը», դա կլինի ՀԱԿ-ը… Բնականաբար, «Ժառանգությունն» ուզում է այս խողովակներից մեկը լինել»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Մարտի 15-ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հացադուլ է սկսում:

«Ոչ միայն բարոյական, այլ իրական հաղթանակ: Եվ այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության զանգով»,-հայտարարել է Հովհաննիսյանը` իր անժամկետ հացադուլն անվանելով «Ծոմ ազատության»:

նդդիմադիր գործչի հացադուլը մեծ աղմուկ առաջացրեց երկրի քաղաքական դաշտում: Նրան այցելեցին ՀԺԿ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու Ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Սա նշան էր, որ ընդդիմադիր մյուս ուժերը սատարում են Հովհաննիսյանին:

«Սարդարապատ» շարժումը նույնպես շտապեց սատարել «Ժառանգության» հիմնադրին : Շարժման տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի վճռական և խիզախ այս քայլը, որը կարող է դառնալ ռեժիմից ազատագրվելու և հայ ժողովրդի միասնության ու համախմբման իրական սկիզբ»:

Այդուհանդերձ բոլորը չէին, որ ոգևորվեցին ընդդիմադիր գործչի այս քայլից: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մասնավորապես ասել էր, որ հացադուլ անելով «Ժառանգության» հիմնադիրը «պարզապես հաճելին համատեղում է օգտակարի հետ»: Սա վիրավորել էր կուսակցության անդամներին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով Ազգային ժողովի փոխնախագահի խոսքը, ասել է.

«Ի գիտություն նմանների ուզում եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել նաև Հայաստանի բոլոր սովածների համար, բոլոր կուշտերի անունից: Հաշվի առնելով, որ այդպիսիների ստամոքսը չափից դուրս մեծ կախվածություն ունի ոչ միայն ուտելիքից, այլ նաև հարկատուների հաշվին պահվող հատկացումներից, հրավիրում ենք նրան հացադուլի վայր` փորձել գեթ մեկ օր անցկացնել այդ ցրտի, անմարդկային պայմաններում»:

Փորձագետների կարծիքով, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նպատակներն այնուամենայնիվ լրիվ այլ են:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` «Ժառանգությունը» փորձում է իր դերը հաստատել Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում:

«Խնդիրն այն է, որ կոալիցիայի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանում քաղաքական բևեռացումն ուժեղացավ, և ընդդիմությունը բևեռացավ ՀԱԿ-ում: Սա քաղաքական շատ ուժերի համար շահեկան չէր: «Ժառանգությունն» էլ, որպեսզի կարողանա դուրս գալ իր համար անորոշ այս վիճակից, փորձում է ոչ ստանդարտ քայլերի դիմել, որպեսզի հասարակության ուշադրությունը գրավի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Անկախ վերլուծաբանի կարծիքով, սակայն, ՀԱԿ-ը, որն այսօր մոնոպոլիստի դերում է հանրահավաքներ կազմակերպելու առումով, դժվար թե ուզի «Ժառանգության» հետ կիսել բողոքի ցույցեր անցկացնելու իր մենաշնորհը:

Երվանդ Բոզոյանն ասում է, որ ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» միացումը հնարավոր է, սակայն միայն փոքր եղբոր կարգավիճակով:

Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այնպիսի տպավորություն ունի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես որոշել և վեր է կացել ու եկել հացադուլի, քանի որ քաղաքական գործիչը ոչ մի որոշակի խնդրի մասին չի խոսել:

«Բայց եթե ավելի գլոբալ նայենք, թե ի´նչ արդյունքի նա հասավ, դա փաստորեն ոչ անմիջական կոչ էր` գալ, Ազատության հրապարակում վերսկսել բողոքի ակցիաները: Իմ տպավորությամբ` ընդդիմությունը հիմա պայքարում է ոչ թե իշխանության, այլ Ազատության հրապարակի համար, որտեղից, ըստ նրանց, կլինի իշխանափոխությունը»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերլուծաբանը նաև կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը կարող է ինչ-որ կերպ համաձայնեցված լինել ԱՄՆ դեսպանության հետ:

«Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլն այնուամենայնիվ ինչ-որ կերպ կարելի է կապել Հայաստանում Ամերիկայի դեսպանի վերջին ելույթների հետ, որտեղ նա կոչ էր անում հայ ուսանողներին քաղաքացիական հասարակություն ձևավորել և այլն և այլն»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am