Ներքաղական կրքեր. ընդդիմությունը կարող է պառակտվե՞լ

Ներքաղական կրքեր. ընդդիմությունը կարող է պառակտվե՞լ
Ներքաղական կրքեր. ընդդիմությունը կարող է պառակտվե՞լ

Մինչ շատերը ուշադիր հետեւում են քաղբանտարկյալների ազատ արձակմանը, վերլուծաբանները կարծիք են հայտնում, թե գործընթացների նման շարունակության դեպքում ընդդիմության ազդեցությունը կարող է թուլանալ:
«Ընդդիմության շարքերում վեճի հավանականություն կա` հետագա քայլերի շուրջ: Թե ինչպես շարունակել. գնա ՞լ սրման, թե ՞ նախապատրաստվել հերթական ընտրություններին»,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը` կանխատեսելով ընդդիմության հնարավոր պառակտումը:
Թեեւ դեռեւս պարզ չէ, ընդդիմությունն ու իշխանություններն արդյոք կգնա՞ն բաց երկխոսության, որի մասին երկար ժամանակ է խոսակցություններ կան, թե՞ ոչ, սակայն իշխանություններն փաստացի արդեն իսկ կատարել են ընդդիմության դրած երեք պահանջներից նաեւ վերջինը` համաներմամբ ազատ արձակելով մարտիմեկյան իրադարձություններից հետո ազատազրկված ընդդիմադիրներին ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի:

Թեեւ ներքաղաքական վերջին զարգացումներն ու իշխանություն-ընդդիմություն փոխադարձ զիջումները շատերին առիթ են տվել մտածելու երկկողմ համաձայնեցված, սակայն փակ դռների հետեւում տարվող երկխոսության մասին, այնուամենայնիվ երկու կողմերն էլ խուսափում են այդ մասին կոնկրետ ձեւակերպումներից:

«Եթե նրանք շարունակելու են այս ուղին, այսինքն բռնատերի կողմից խաղարկված խաղի մասնակից դառնան, ընդունելով խաղի կանոնները, դա միայն օգուտ է տալու այս ռեժիմին և մեր ժողովուրդը ոչ մի օգուտ չի ստանալու»,-«Մեդիալաբին» ասում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` նշելով, թե ընդդիմությունը մասնակցելով իշխանությունների խաղին` կվարկաբեկի իրեն:

Այն բանից հետո, երբ Ազգային Ժողովն ընդունեց համաներման մասին օրինագիծը եւ ազատության մեջ հայտնվեցին ընդդիմության առանցքային գործիչները, շատերը ներքաղաքական փոփոխությունները նաեւ սկսեցին պայմանավորել նաեւ արտաքին ճնշումների հետ:

Սակայն Ժիրայր Սեֆիլյանն համոզված է, որ ոչ մի գործընթացի մասին այսօր չի կարելի խոսել: Նրա կարծիքով համաներման գլխավոր պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը նախապատրսատվում է գալիք ընտրություններին:

«Գլխավորը համարում եմ Սերժ Սարգսյանի նախապատրաստությունը եկող տարվա ընտրություններին: Այս ծրագրի մեջ պետք է դիտել տեղի ունեցածը:

Նա փորձում է գլխավոր ընդդիմադիր թիմերի ղեկավարության հետ պայմանավորվածություններով գնալ հերթական ընտրությունների, որը ծառայելու է իր վերարտադրմանը»,- «Մեդիալաբին» ասում է Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա կարծիքով համաներումից հետո, եթե ընդդիմությունը շարունակի իր բռնած ուղին, ապա, ինչպես և իշխանությունը, կդառնա «ժողովրդի աչքի փուշը»: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամի խոսքերով ընդդիմության ընտրած ճանապարհով երկրում բարեփոխումների չես հասնի:

«Այսինքն եթե փորձ են կատարում ընտրություններով Դիկտատոր տապալել , ապա դա մեծ միամտություն է»,- «Մեդիալաբին» ասում է Ժիրայր Սեֆիլյանը:

Նա վստահ է, որ եթե ընդդիմությունը շարունակի մասնակցել իշխանության առաջ քաշած գործընթացին, ապա ինչ-որ ժամանակ հետո, կառաջանա ընդդիմադիր նոր օղակ` ավելի մաքուր, ավելի հստակ, և «ժողովուրդը, համախմբվելով այդ օղակի շուրջ, կգնա առաջ»:

Հակառակ կարծիքն ունի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա համոզված է, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում բացառապես երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների արդյունք է:

«Տեղի ունեցող զարգացումները` ներքաղական գործընթացի արդյունքն է, բնականաբար դեր ունեն նաեւ արտաքին ճնշումները : Սակայն, կարծում եմ, որ համաներման որոշումը կայացվել է քաղաքական գործընթացների արդյունքում»,- համոզված է Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի կանխատեսմամբ գործընթացը կշարունակվի մինչև հաջորդ ընտրություններ: Նա ասում է, որ ոչ մի լուրջ շրջադարձային փոփոխության ընդհանուր առմամբ, սպասել պետք չէ, միեւնույն ժամանակ չի բացառում ընդդիմության ներսում հնարավոր պառակտումը կամ զգալի փոփոխությունները:

« Ընդդիմությունը պայմանական ասած կբաժանվի երկու մասի: Մի մասը կասի, որ մենք պետք է վճռական գործողություններ անենք, մյուս մասն էլ կհամաձայնի այդ վճռական գործողություններին, բայց չի գնա դրան: Քանի որ Տեր- Պետրոսյանը կողմակից է ավելի հանդարտ ճանապարհով գնալուն, ես կարծում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը հիմնականում կգնա հենց այդ ճանապարհով»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am