Մոնթեն Մարտունու հերոսն է, գուցե նրա օրինակի շնորհիվ Մարտունին կանգուն մնաց․ Ազնավուր Սաղյան

«Բնակչությունը պահեց մեր քաղաքը․ ահել-ջահել հերոսական կռիվ են տվել։ Մեր Մարտունին հերոսական քաղաք է Արցախյան առաջին պատերազմից մինչև վերջին պատերազմը»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը։

Սաղյանն ընդգծում է, որ պատերազմի ողջ ընթացքում իր համայնքը մեկ մարդու պես կանգնած է եղել բանակի կողքին, թույլ չի տվել, որ սահմանին կանգնած զինվորն իրեն մեկ վայրկյան անգամ միայնակ ու թիկունքն անպաշտպան զգա։ 

Մարտունի համայնքում բնակչությանը տարհանելու հրաման չի եղել, եթե լիներ էլ՝ գնացողն ո՞վ էր։

«Հրաման չի եղել թողնել Մարտունին ու գնալ, լինելու դեպքում էլ չէինք գնալու։ Գիտե՞ք՝ Մոնթեն մեր Մարտունու հերոսն է։ Ես, իմ հասակակիցները, Մարտունու մանուկները Մոնթեով ենք մեծացել ու մեծանում, նրա գաղափարախոսւթյամբ, գուցե Մոնթեի օրինակի շնորհիվ Մարտունին կանգուն մնաց»,- ասում է քաղաքապետի պաշտոնակատարը։

Մարտունու շրջանի վրա առաջին լայնամասշտաբ հարձակումն ադրբեջանական զորքը սկսել է նոյեմբերի 3-ից, հենց նույն օրը մարտունեցիներին հաջողվել է վերադարձնել ռազմավարական առումով շատ կարևոր մի բարձունք։

«Մի մեծ բարձունք վերցրեցինք, դա մեր Մարտունու դարպասն է, որովհետև այդ բարձունքից ամբողջությամբ վերահսկվում է մեր քաղաքը։ Բարեբախտաբար, շուտ կարողացանք վերցնել, մի քիչ ուշանայինք՝ արդեն դժվար կլիներ։ Նույնը նոյեմբերի 9-ին եղավ, շատ կարևոր մի բարձունք էլի հետ նվաճեցինք»,- ասում է Ազնավուր Սաղյանը։ 

Պատերազմի հետևանքով Արցախում ամենաշատ տուժած շրջանը Մարտունին է։ Միայն քաղաքն ունի 49 զոհ, իսկ ընդհանուր շրջանում զոհերի ու անհետ կորածների թիվը 209-ն է։

Պատերազմի հետքերը դեռ նկատելի են քաղաքում, բայց աստիճանաբար ամեն բան կարգավորվում է, մարդիկ բնականոն կյանք են վերադառնում։

«Պատերազմից հետո կյանքը դժվար սկսվեց, ոչ մի հարմարություն չկար։ Եթե կռվից հետո գայիք՝ կտեսնեիք, որ Մարտունին ամբողջությամբ ավերվել էր․ 1050 տնից 850-ը վնասվել են՝ տարբեր աստիճանի։ Ամբողջ Ղարաբաղում եղել են ավերածություններ, բայց ամենից շատ մեր համայնքում է, երևի մուռ ունեն, թե՛ ինքնաթիռները, թե՛ մնացած ինչ ունեին-չունեին թափեցին այստեղ»,- ժպիտը դեմքին պատմում է Սաղյանը։

Մարտունու շրջանում ընդամենը երկու ամիս առաջ է ամբողջությամբ կարգավորվել էլեկտրաէներգիայի, ջրի և գազի մատակարարումը։ Դժվարությունները ոչ ամբողջությամբ, բայց հաղթահարված են։ Հիմա Ազնավուր Սաղյանի ղեկավարած համայնքում մոտ 6 հազար բնակիչ կա։ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված 156 ընտանիք՝ 700 բնակչով Մարտունիում ապահովված է հիմնականում վարձով բնակարաններով։

«Պատերազմի հետևանքները վերացնում ենք թե՛ պետական, թե՛ բարերարների աջակցությամբ։ Բարեգործական աջակցությունները շատ չեն, բայց կան։ Կամաց-կամաց կարգավորում ենք ամեն բան»,- ասում է Ազնավուր Սաղյանը։

Թշնամու գործողությունների հետևանքով ամբողջովին տուժել է քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան համար 2-րդ դպրոցը, որի տանիքը հասցրել են փոխել, իսկ պատերին դեռ տեսանելի են պատերազմի հետքերը։

Մարտունու քաղաքապետարանի բակում տեղադրված Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանը ևս վնասվել է պատերազմի հետևանքով։ Քաղաքապետի պաշտոնակատարը «Մեդիալաբին» ասում է, որ Ավոյի արձանի ներքևի հատվածն ամբողջությամբ վերականգնել են, իսկ վնասված հատվածները, որոնք տեսնում ենք՝ միտումնավոր են թողել, կնորոգեն, երբ Արցախի բռնազավթված մյուս տարածքներն էլ վերադարձնեն, իսկ որ վերադարձնելու են՝ վստահ է։

«Այս հողում մնալով ու ապրելով ենք վերադարձնելու։ Պիտի մնանք այս հողում, որպեսզի կարողանանք ապրել, միանշանակ մնալու ենք այս հողում և ապրենք»,- ասում է Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am