«Եթե ես ունեմ հարգանք ու սեր այդ մարդու նկատմամբ, դա նկար կախելով չի արտահայտվում». նախկին պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, մամուլի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է, որ ՔՊ բոլոր պատգամավորներն իրենց սենյակներում փակցնեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Մենք հիշում ենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչպես էր քննադատում, երբ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնում էին դպրոցների տնօրենների ու քննիչների սենյակներում: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս հարցում:

– Ես նկար փակցնելու կարիքը չեմ հասկանում և կարիք չունեմ որևէ մեկի նկատմամբ հարգանք ցուցադրելու համար նրա նկարը փակցնեմ: Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչու են եկեղեցիներում ինչ-որ մեկի նկարը փակցնում:

Այդ որոշման քննարկմանը ես ներկա չեմ եղել, իմ փաստարկները չեմ ասել: Նրանք երևի իրենց փաստարկներն ունեն, բայց ես դա լավ չեմ հասկանում: Եթե հարցնում եք իմ կարծիքը, ես նորմալ եմ համարում, որ որևէ մեկի նկարը չլինի որևէ մեկի աշխատասենյակում:

– Շատերը նշում են, որ ժողովրդավարական այն արժեքները, որոնց մենք ձգտում ենք հասնել, այսպիսի քայլն անհեթեթություն է:

– Ես չգիտեմ՝ աբսուրդ է, թե ոչ: Ես գիտեմ, որ իմ սենյակում միշտ եղել է Հայաստանի դրոշը, որն ինձ համար ինչ-որ բան է նշանակել, և ամեն վայրկյան ինձ ինչ-որ բան է հիշեցրել:

– Սա ավելի շատ արժեքային, մշակութային, մշակութաբանակա՞ն հարց է, թե՞ քաղաքական:

– Սա ինչ-որ իներցիա է, որի կարիքը ես չեմ ունեցել և չէի էլ ուզենա, որ իմ ընկերներն ունենան:

– Ներկա խորհրդարանն իր այս կազմով ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ հասցրել եք արդեն հիասթափվել՝ հաշվի առնելով այն դիսկուրսը, որ ծավալվում է ընդդիմության և իշխանության միջև:

– Ես ընդդիմությանը կոչ չունեմ անելու: Ես իմ ընկերներին ու գործընկերներին կոչ կանեի ընդհանրապես բանի տեղ չդնել, նույնիսկ դատարկ բանի տեղ չդնել, նույնիսկ օդի տեղ չդնել նրանց, որովհետև այս ընդդիմությունը կոնկրետ նպատակ ունի՝ խաթարել Հայաստանի ընթացքը:

Այդ մարդիկ թքած ունեն դեմոկրատիայի վրա: Ժողովրդավարության կանոններով ժողովուրդն իշխանությունը տվել է «Քաղաքացիական պայմանագրին», և այստեղ կապ չունի՝ դու սիրում ես ՔՊ-ին, ատում ես, ամենախոր ձևո՞վ ես ատում, թե՞ ոչ: Քո ատելությունը կամ սերը Հայաստան պետության շահի առջև ոչնչություն է, և սրիկայություն է քո շահն ավելի վեր դասելը, քան Հայաստանի շահը:

Ես մանկուց սովոր եմ սրիկաներին վերաբերվել ըստ այդմ՝ որևիցե բանի տեղ չդնել: Որովհետև փորձել այդ մարդկանց դաստիարակել, ասել՝ կա պետություն, հայ ժողովուրդ, ազգային շահ, այդ բոլորի վրա նրանք թքած ունեն: Նրանց կոնկրետ հետաքրքրում է, թե հենց հիմա իրենց սարքած սկանդալիկը իրենց շեֆը ո՛նց կգնահատի: Ես մի երկու այդպիսի դեմք տեսել եմ, իրենց ոգևորության մեջ են, որ իրենց ասածը սկանդալի բերեց, որովհետև իրենց շեֆը հիմա իրենց կշոյի:

Դրա համար ես այդ մարդկանց ասելու բան չունեմ: Նրանք ապրում են իրենց կյանքը ըստ իրենց դաստիարակության, իրենց արժեքային համակարգի: Ես իմ ընկերներին ասում եմ՝ մի՛ վրդովվեք:

– Եթե ձեզ ԱԺ-ում ասեին, որ պետք է ձեր սենյակում կախեք Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, դուք այդ առաջարկը կընդունեի՞ք:

– Ես իմ կյանքով, իմ վարքագծով, մտքերով, արտահայտություններով ապացուցելու բան չունեմ: Նկար կախելով՝ ես որևէ մեկին որևէ բան չեմ ապացուցելու: Ես ապացուցել եմ իմ կյանքով, իմ վերաբերմունքով: Եթե ես ունեմ հարգանք ու սեր այդ մարդու նկատմամբ, դա նկար կախելով չի արտահայտվում: Ես կարծում եմ, որ որևէ մեկի նկարը սենյակում կախելը անձնական վերաբերմունքը թերացնում է:

– Ձեր կարծիքով՝ այս խորհրդարանը երկար կյանք կունենա՞: Արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ նոր ԱԺ-ն ավելի կարճ կյանք կարող է ունենալ, քան նախորդը:

– Ես երբեք քաղաքականության մեջ գուշակություններ չեմ անում: Երբեք որևէ մեկը չէր մտածի, որ լինելու է համավարակ: Շատերը մտածում էին, որ վաղ թե ուշ լինելու է պատերազմ, բայց որևէ մեկը չէր մտածի, որ հենց այդ օրն է լինելու: Այնպես որ, կյանքը շատ ավելի անսպասելի է, քան մենք մտածում ենք: Մենք կարող ենք 100 տոկոսով վստահ լինել, որ այս խորհրդարանը մեկ տարի էլ չի ձգի, բայց ձգի 5 տարի:

Մանե Հարությունյան

MediaLab.am