«Իրենք տմարդի են դարձել, կառավարությունը տոնում է իր հաղթանակը, որ վերարտադրվել է»․ Զառա Հովհաննիսյան

Լուսնանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, երեկ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին հայտարարեց, որ այս տարի ևս, չնայած իրավիճակին, կնշվի Անկախության տոնը։ Այսօր մենք անկախություն ունե՞նք։

– Այն ամբողջ իրավիճակը, որը ստեղծված է Հայաստանում և Հայաստանի շուրջ, իրականում, անորոշ իրավիճակ է, որքանով է այդ անկախությունը կայուն է, և որքանով է հասարակությունը վստահ է իր ապագայի նկատմամբ՝ վիճելի է։ Այս իրավիճակում պնդել, որ անկախությունն այն արժեքն է, որով պիտի ուրախանանք, շատ դժվար է ասել, որովհետև անկախությունը ամրագրվում է տարբեր բաղադրիչներով և, առաջին հերթին՝ անվտանգությամբ։

Անկախ է այն երկիրը, որի անվտանգությունը կարողանում է պաշտպանել տվյալ երկրի բնակչությունը իր ընտրյալ մարմիններով և տարբեր կառույցներով, այդ թվում՝ բանակով, Ազգային անվտանգության ծառայությամբ և այլն։ Ուստի, եթե մենք դիտարկում ենք այսօրվա մեր իրավիճակը, շատ դժվար է ասել՝ արդյոք սուբյեկտայնության տեսանկյունից Հայաստանը որքանո՞վ է կարողանում ապահովել իր անվտանգությունը, և որքանո՞վ կարելի է այդ անվտանգությունն ապահովված արժեք՝ ինքնիշխանությունը այսօր կայուն համարել։

– Տիկի՛ն Հովհաննիսյան, բուռն քննարկումների տեղիք է տվել Փաշինյանի սեպտեմբերի 21-ին «գունագեղ տոնակատարության» անցկացնելու մասին արտահայտությունը, որը նա «նվիրում էր» պատերազմի ժամանակ նահատակվածներին։ Ո՞րն է ձեր գնահատականը այս հայտարարությանը։

– Ինձ համար այդ հայտարարությունը էթիկապես տեղին չէ, մենք նախ գիտենք՝ ինչ խոր տրավմա է ապրել մեր պետությունը մեկ տարվա ընթացքում, մեկ տարին դեռ չի բոլորել, մենք մինչ այժմ ունենք դեռ չհուղարկավորված զոհվածներ կամ անհայտ կորածներ, գերիներ, դա նշանակում է, որ մենք ունենք պարտավորություն այդ մարդկանց նկատմամբ, և նրանք փաստորեն սպասում են մեր լուծումներին, իսկ մենք լուծումներ առաջարկելու կամ դրանցով ակտիվորեն զբաղվելու փոխարեն գունագեղ տոնակատարություն ենք անում։

Եվ ի՞նչ ենք մենք նշում։ Նշում ենք, որ մեկ տարի առաջ, ընդամենը մի քանի օր հետո պետք է բոլորի պատերազմի մեկ տարին, և այդ զոհերի աճյունները դեռ չեն հանգստացել: 

Մենք ունենք շատ լարված իրավիճակ նաև սահմանագծին, մենք ունենք նաև մեր տարածքային ամբողջականության հետ անորոշություն, և դրա հետ մեկտեղ անհամատեղելի եմ համարում ընդհանրապես «գունագեղ տոնակատարություն» կոչված արտահայտությունը։ 

Համարում եմ, որ տոնակատարություն չպետք է նշվեր, այլ ուղղակի ասվեր, որ կնշենք մեր Անկախության օրը ինչ-որ մի ձևով, շատ ավելի համեստ և կոռեկտ, հարգելով այդ մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են մեր պետության համար։

Եվ երկրորդ՝ շատ կարևոր էր, որպեսզի ուղղակի նշվեր, որ մենք դրանով կվերահաստատենք մեր ապրելու կամքը և ցանկությունը, և ոչ թե գունագեղ տոնակատարություն, որը կնշի մեր ինքնիշխանության կամ անկախության տարեդարձը։

Հատկապես նուրբ էթիկական խնդիր կա. Արցախը ևս մի քանի օր առաջ 30-ամյակն է նշել, մեր երկրի բարձրաստիճան ղեկավարները չեն եղել այդ տոնակատարությանը, և այնտեղ տոնակատարություն չի եղել՝ հարգելով այն մարդկանց, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, նման երգուպարով չեն լցրել տարածքները, և դա համերաշխության մոտեցում էր երկու հայկական պետությունների միասնականության ուղղությամբ։

Ինձ համար շատ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ դարձյալ պառակտիչ գործընթաց է սերմանում երկրի ներսում մեր ժողովրդի տարբեր մտածողությամբ անձանց միջև։ Մարդիկ կան՝ էթիկապես թույլ են, մարդիկ կան, որ բացատրում են, որ ազգային ինքնության ամրապնդման ձևերից է տոնակատարություն նշելը, բայց որքանո՞վ է դա պատեհ այսօր: Կարելի է էլի հիշատակել, ուղերձներ հղել, բայց տոնակատարություններ չանել, ի վերջո, մենք մի սերունդ զոհ ենք տվել, մատղաշ սերունդ, որը պետք է լիներ էս պետության ապագան։

– Ինչո՞ւ է կառավարությունը որոշել շքեղ միջոցառում անցկացնել պատերազմ սկսվելու մեկ տարվա նախաշեմին, երբ շատ ընտանիքներ սգում են իրենց զավակների կորուստը, շատերն ունեն անհետ կորած կամ գերության մեջ գտնվող որդիներ։

– Կարող են լինել պատճառներ, առաջինն այն է, որ Կառավարությունը ուրախ է, որ ամբողջ այդ պատկերին ինքը վերարտադրվել է, ամեն դեպքում ինքը տոնում է իր հաղթանակը, իր համար տոնական տրամադրություն է, բայց իր խմբային շահը գերադասել այն իրավիճակին, որը մեր ժողովրդի մեծամասնությունն է ապրում, կարծում եմ՝ այդ մեծամասնությունը ոչ միայն երկրի ներսում է, այլև դրսում։ 

Դա անտեսելով՝ իր խմբային հաղթանակը տոնել, համարել, որ 30-ամյակին հենց քո վարչախումբն է գտնվում այսօր իշխանության ղեկին և չի կարելի այդ առիթը որևէ կերպ բաց թողնել, ես համարում եմ բավական նեղ ու ճղճիմ պատկերացման արտահայտություն։

– 2018-ին Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ հայտնի հանդիպմանն ասում էր, որ վերջինս իրականությունից կտրված է։ Արդյոք այսօր Նիկոլ Փաշինյանը իրականության պատկերացում ունի՞։

– Ցավում եմ, բայց այնպես է ստացվում, որ մենք պարբերաբար հայտնվում ենք այդ նույն շրջապտույտի մեջ, երբ վերնախավում հայտնվածները, էլիտաները կտրվում են ժողովրդից։ 

Մենք փաստորեն ունենք նույն իրավիճակը, և այս 30-ամյա շրջապտույտը, և, ի վերջո, հայկական երազանքների կամ նույն պետականության ամրապնդման, Արցախի հետ միավորման և այդ գաղափարի, որով որպես այդպիսին սկսվեց այս պետականությունը, տապալմամբ մենք տոնում ենք 30-ամյակը և ուրախանում ենք: Ինձ համար սա շատ ցավալի և անկումային է։

– Զոհված զինծառայողների մայրերն ու հարազատները ֆլեշմոբ են սկսել Ֆեյսբուքում՝ պահանջելով չեղարկել «գունագեղ» միջոցառումը։ Ըստ ձեզ՝ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է իրականացնի։

– Ես իհարկե կհորդորեի, որպեսզի հետևի, որովհետև տմարդիությունը երբեք չի ներվում, բայց ես ցավում եմ ասածիս համար, որը հիմա կասեմ՝ ես վստահ եմ, որ իրենք արդեն տմարդի են դարձել։ 

Որովհետև այդքան անհաղորդ լինել ցավին և ընդհանրապես այսքան չանսալ ցավին, հաղորդակից չլինել և չփորձել հասկանալ, դա նշանակում է, որ կարծրասրտությունը ավելի գերակշռող է, քան սիրելը, հասկանալը, կարեկցելը և փորձել մարդկանց աջակցելը։

– Խոսվում է սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառման ժամանակ ծախսվող հսկայական բյուջեի մասին, մամուլում շրջանառվում է նաեւ թիվ՝ շուրջ 1 միլիարդ դրամ։ Այս գումարը, ըստ ձեզ, տեղի՞ն է այսօր ծախսելը։ Ո՛ւմ համար է այս տոնը։

– Իհարկե տեղին չէ, որովհետև առողջապահության ծախսերն են կրճատվել, կրթության ծախսերն են կրճատվել, և այս տարի այդ ամենը հիմնավորվում է պատերազմով, որը մեծագույն կորուստներ ու տնտեսական խնդիրներ է առաջացրել երկրում։

Եվ այս ֆոնին ցանկացած նմանատիպ ներդրում խրախճանքի մեջ, բնականաբար, անպատեհ է, հատկապես որ ունենք տուն-տեղ և ամեն ինչ կորցրած արցախցիներ, ունենք դեռևս անորոշություն սահմանագծին, թե այնտեղի բնակիչները ինչ պիտի լինեն ի վերջո, որովհետև մեր կառավարությունը հաշվետու չէ հանրության առջև, որպեսզի գոնե տեղեկացնի, թե ինչ պետք է լինի նրանց ճակատագիրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am