«Առաջիկա տարիներին Ռուսաստանն այստեղ կփորձի իրավիճակը կայուն պահել». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանում և Ադրբեջանում երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի թեմայի շուրջ քննարկումներին, նաև նշել, որ տարաձայնությունները պահպանվում են, և այդ պատճառով ներկայումս կարևոր է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը: Ի՞նչ հասկանալ այս հայտարարության տակ։ Կրեմլից վերջին շրջանում նման ուղերձներ անընդհատ եկել են։ Ի՞նչ է ակնարկում Ռուսաստանը։

– Իմ գնահատմամբ՝ Ռուսաստանի համար տարածաշրջանում մի քանի կարևոր խնդիր կա։ Առաջին՝ ֆիքսել այս նոր ստատուս քվոն, այսինքն՝ թույլ չտալ իրավիճակի նոր ապակայունացում, որովհետև 2020-ի աշխարհաքաղաքական «երկրաշարժից» հետո, չեմ կարծում՝ ռուսները շահագրգռված են այստեղ հավելյալ հետցնցումներով։ Երկրորդ՝ կայունացնել իրավիճակը, ֆիքսել ստեղծված ստատուս քվոն՝ հաշվի առնելով, որ իրենք հիացած չեն այս նոր ձևավորված ստատուս քվոյով։

Իմ գնահատմամբ՝ ռուսների համար իդեալական տարբերակ կլիներ իրավիճակի փոփոխությունն առանց պատերազմի, այսինքն՝ համաձայնությամբ հասնել նրան, որ Արցախից դուրս գտնվող տարածքները՝ կամ բոլորը միանգամից, կամ հինգ շրջան, իսկ հետագա մեկ տարվա ընթացքում մեկուկես շրջան, վերադարձվեին Ադրբեջանին, տարածաշրջան գային ռուս խաղաղապահ զորքեր, սակայն դա չլիներ պատերազմի միջոցով։ Որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ պատերազմ նշանակում է՝ Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ազդեցության աճ, ինչը մենք տեսնում ենք։

Եթե ստատուս քվոն փոխվեր առանց պատերազմի, ապա ներկայումս Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում ավելի փոքր կլիներ։ Չնայած դրան՝ նոր իրավիճակը Ռուսաստանի շահերին չի հակասում, որովհետև Ադրբեջանում կա Թուրքիայի ազդեցության զգալի աճ, և որ դա շարունակում է ավելանալ, հատկապես ռազմական համագործակցությունն է խորանում, չնայած մինչև պատերազմն էլ՝ 15-20 տարի, ռազմանական համագործակցություն կար Թուրքիայի և Ադրբեջանի միջև, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը նույնպես կարողացավ իր դիրքերն ամրապնդել թե՛ Հայաստանում՝ մեծացնելով ռազմական ներկայությունը և թե՛ իր խաղաղապահ ուժերը տեղակայելով Արցախում։

Առաջիկա տարիներին Ռուսաստանն այստեղ կփորձի իրավիճակը կայունացնել, քանի որ մենք դեռևս հետցնցումային փուլում ենք։ Եվ հնարավոր է բացառել նոր խոշոր ցնցումները։

Այս տրամաբանության մեջ որոշակի գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև Ռուսաստանի շահերին համապատասխան է, որովհետև գործընթացն ինքը իրավիճակը կայունացնող գործոն է։ Այլ հարց է, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է, որ այդ գործընթացները հասնեն որևէ արդյունքի։

Այստեղ, իհարկե, գնահատականներ տալը բարդ է, բայց թերևս Ռուսաստանը կցանկանա, որ լինի տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթաց։ Գիտեք, որ Ռուսաստանը նախաձեռնել է տվյալ գործընթացը, փոխվարչապետների մակարդակով հանդիպումներ ունենք, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, երկաթուղու բացման հարցն է քննարկվում։ Ամեն դեպքում, Ռուսաստանը ներգրավված է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացի մեջ և այդ գործընթացը դիտարկում է որպես գործոն տարածաշրջանի կայունացման համար։

– Բայց արդյոք Ադրբեջանը որևէ քայլ անո՞ւմ է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու համար։ Արդյոք այս խաղաղության պայմանագիրը կարո՞ղ է ստորագրվել։

– Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այստեղ երկու մոտեցում կա։ Մոտեցում համար մեկ. կողմերը ցանկացած հարց լուծելու համար պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը պետք է բաղկացած լինի մի քանի բլոկներից, այդ թվում՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարածքների ամբողջականության ճանաչում, հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և այլն, և միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել իրավիճակի վերջնական կայունացման, այսինքն՝ ունենալ խաղաղության պայմանագիր, որով կկարգավորվեն բոլոր հարցերը։

Եվ կա հակառակ մոտեցումը՝ քանի որ բոլոր հարցերի շուրջ պայմանավորվել անհնար է, հետևաբար, պետք է ոչ թե մշակել խաղաղության պայմանագիր, որի ներսում ներառել բոլոր բլոկները, այլ փորձել այն բլոկները, որոնք առավելապես հնարավոր է կարգավորել, դրանց շուրջ հասնել պայմանավորվածության, և բլոկ-բլոկ հավաքելով՝ մոտենալ խաղաղության պայմանագրին՝ վստահ լինելով, որ այդ խաղաղության պայմանագիրը երբեք չի էլ ստորագրվի։

Ռուսաստանը այս երկրորդ ճանապարհն է ընդունելի և իրատեսական համարում։ Եվ չեմ կարծում, որ իրենք շահագրգռված են ստորագրել խաղաղության պայմանագիր։ Եվ եթե ընդունենք, որ խաղաղության պայմանագիրը բացարձակ դեմ է Հայաստանի շահերին, դա չի նշանակում, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանի շահերի դեմ ինչ-որ բան լինի։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողանան պայմանավորվածության հասնել, որպեսզի բացեն հաղորդակցության ուղիները՝ անգամ մնալով բավականին կոշտ կամ հակառակ պատկերացումների մեջ, կամ Արցախի խնդիր, տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատում և սահմանագծում։

Ռուսաստանի դիրքորոշումն է՝ փորձել հարցերը կարգավորել փուլ առ փուլ, և առաջին փուլում եռակողմ ձևաչափի՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստանի միջոցով, որը, իմ գնահատմամբ, 2020-ի հոկտեմբերի վերջից է ձևավորվել, երբ արդեն պատրաստվում էր նոյեմբերի 10-ի հայտարարության տեքստը, պետք է կայունացնել իրավիճակը, թույլ չտալ նոր ցնցումներ և հասնել հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, որովհետև Ռուսաստանի համար կարևոր է ստանալ հավելյալ հաղորդակցության ուղիներ Թուրքիայի և Իրանի հետ։

– Ստացվում է՝ պատահակա՞ն չեն Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատմանն ուղղված Մոսկվայի ջանքերը։

– Շատ դժվար է գնահատական տալ։ Լավրովը նշեց, որ 2008-ին այս գործընթացը նախաձեռնողը Ռուսաստանը չէ, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ ասելով, որ ցանկանում են նման գործընթաց: Ռուսներն ասել են, որ դժվար առանց նախապայմանների գործն առաջ գնա, բայց հայերը ասել են՝ ո՛չ, մենք պայմանավորվել ենք, նախապայման չի լինելու։ Բայց արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց։

Այս ամբողջ պատմությունից կարելի է մեկ բան եզրակացնել, որ 2008-2009 թթ. ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնողը Ռուսաստանը չէր։ Լավրովը նշեց, որ Արցախյան պատերազմից հետո տրամաբանական է, որ կողմերը սկսեն հարաբերություններ հաստատել, ինչը նշանակում է, որ Թուրքիան համարում է իր հիմնական նախապայմանը կատարված, այսինքն՝ Հայաստանը, ստորագրելով նոյեմբերի 10-ի հայտարարությունը, և դրանից հետո էլ կառավարության ծրագրում Արցախի մասին որևէ բան չհիշատակելով, արդեն նախապայմանը կատարել է։

Ռուսաստանն էլ ասում է, որ, այո՛, տրամաբանական է, որ Թուրքիայի տեսանկյունից Արցախի հարց այլևս չկա, հետևաբար կողմերը կարող են գործընթաց սկսել, որովհետև դա թիվ մեկ խոչընդոտն էր՝ համեմատած մյուս խոչընդոտների հետ՝ Ցեղասպանության ճանաչում և այլն։

– Առհասարակ, խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը Մոսկվան պետք է դիտորդի կարգավիճակո՞ւմ լիներ, թե, օրինակ՝ կոնկրետ քայլեր աներ՝ հայտարարության կետերը կյանքի կոչելու համար։ Եվ եթե չէին իրագործվում, չպե՞տք է միջամտեր։

– Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմը չի կատարում հայտարարության 4-րդ կամ 5-րդ կետերը, որտեղ նշված է հայկական ուժերի դուրսբերում ռուսական ուժերի տեղակայմանը զուգահեռ, ինչը տարընթերցումների տեղիք է տալիս։ Հիմա մենք կարող ենք ասել, որ դա վերաբերում է այն շրջաններին, որոնք ժամանակացույցով պետք է վերադարձվեին Ադրբեջանին՝ Քարվաճառ, Բերձոր, իսկ Ադրբեջանը պնդում է, թե ոչ, դա վերաբերում է բոլորին, և խաղաղապահների վերահսկողության գոտում դեռևս կան հայկական ուժեր, այսինքն՝ Հայաստանը խախտել է նոյեմբերի 10-ի հայտարարությունը, և Ռուսաստանը ոչինչ չի արել ապահովելու։

Եվ ինքնին հայտարարությունն այնպես է գրված, որ իրականում տարընթերցումների համար տեղ է թողնում, և նաև կողմերին հնարավորություն է տալիս միմյանց մեղադրել այդ հայտարարությունը չկատարելու և Ռուսաստանին մեղադրել որպես երաշխավոր այդ հայտարարությունը չկատարելու համար։

Մանե Հարությունյան

MediaLab.am