«Փաշինյանը չի կարող պատասխանել Պուտինին, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, ու այստեղ խոսքի ազատություն կա». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը նոտա էր ուղարկել ՀՀ արտգործնախարարություն, որում իր դժգոհությունն է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների համար: Երեկ էլ ռուսական կողմն ընդգծեց, որ սպասում են պաշտոնական Երևանի արձագանքին: Սա ինչի՞ մասին է վկայում, կողմերի միջև տարաձայնությո՞ւն կա:

 – «Սուրմալուի» դեպքի հետ կապված հայաստանյան մեդիա ու հանրային տիրույթում լուրջ կասկածներ առաջացան, որ սա եղել է ոչ թե տեխնածին բնույթի աղետ, այլ ահաբեկչություն, ու տեսանք ռուսական կողմից այդ սուր արձագանքը, որը, ըստ էության, կոչ էր Հայաստանի իշխանություններին կանխել նման քննարկումներն ու կարծիքների տարածումը, ընդ որում՝ նաև այն կարծիքների, որոնք այս կամ այն չափով վերաբերում են Ռուսաստանի Դաշնությանը:

Հիշում ենք, որ մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը՝ Նարիշկինն էր այցելել Հայաստան ու հայտարարել, որ Ռուսաստանն ունի բավարար միջոցներ իր դաշնակիցներին պաշտպանելու համար, և, իհարկե, կարծիքները, որոնք հնչեցին պայթյունից հետո, լիովին հակառակի մասին էին վկայում: Այսինքն՝ հանրությունը Ռուսաստանի մոտ չի տեսնում այն պոտենցիալը, որով վերջինս կարող է կանխել Հայաստանում ահաբեկչական գործողությունները:

Ռուսաստանի համար դա զգայուն թեմա է, ու դրանով էր պայմանավորված ՌԴ ԱԳՆ-ի նման սուր արձագանքը: Տեսանելի է, որ այսօր Ռուսաստանն ինքն է խոցելի դարձել, ու բազմաթիվ դիվերսիաներ են տեղի ունենում և՛ Ղրիմում, և՛ Ռուսաստանի տարածքում, այսինքն՝ այս փուլում այդ խնդիրը Ռուսաստանի համար շատ ցավոտ է, և, իհարկե, իրենք չէին ուզենա, որ Հայաստանում կարծիք ձևավորվեր, թե իրենք անզոր են Հայաստանը պաշտպանել արտաքին այդպիսի հարձակումներից:

Միայն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հնչած կարծիքնե՞րն էին պատճառը Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտայի համար, թե՞ այլ պատճառ ևս կա:

 – Եթե իրավիճակին ավելի լայն տեսանկյունից նայենք, «Սուրմալուի» դեպքը տեղի ունեցավ այն ֆոնին, երբ Երևանում առնվազն հունիսի կեսից տեղի են ունենում ահաբեկչության հնարավոր դեպքերի մասին ահազանգեր, երբ դեսպանատները, մասնավորապես, ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստանում հնարավոր վտանգների մասին, երբ Ռուսաստանի սահմանապահ զորքերը տարածում են հայտարարություն, որ Իրանից ահաբեկչական կամ թմրամիջոց տեղափոխող խմբերի ներթափանցման փորձ է արվում Հայաստան: Այդ ֆոնին կարելի է դիտարկել այս իրադարձությունը, որն ինքնին շատ լուրջ միջադեպ է, ինչը Ռուսաստանի համար, կրկնում եմ՝ շատ զգայուն հարց է:

Պարո՛ն Ղուկասյան, համակարծի՞ք եք այն վերլուծաբանների հետ, որ այդ նոտան բնավ բնորոշ չէ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների հռետորաբանությանը:

– Իմ կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարությունն ունի այն կանխավարկածը, որ Հայաստանի ղեկավարությունը լիովին վերահսկում է մեդիադաշտը Հայաստանում, ու եթե մեդիադաշտում ինչ-որ քննարկումներ են տեղի ունենում, որոնք, ըստ իրենց, վտանգում են Ռուսաստանի շահերը, ապա դրանց պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ու իր վարչախումբը:

Ռուսաստանն ավտորիտար պետություն է, ու ակնհայտ է, որ իր դաշնակից Հայաստանը չի կարող ժողովրդավար ձևանալ: Առհասարակ չի լինում, որ ավտորիտար, ագրեսիա իրականացնող պետության անվտանգության հովանու ներքո ինչ-որ մի ժողովրդավարական պետություն գոյություն ունենա: Ժողովրդավարական պետությունները չեն կարող ավտորիտար և հանցավոր պետությունների անվտանգության հովանավորության տակ գտնվել:

Սա բացահայտում է իրական վիճակը. Ռուսաստանի ղեկավարությունը համարում է, որ ո՛չ Ռուսաստանի տարածքում, ո՛չ իր դաշնակիցների տարածքում չի կարող լինել ազատ մամուլ, և իշխանությունները պետք է հսկեն բոլոր քաղաքացիներին՝ նրանց քաղաքական տեսակետները սահմանափակելու համար: Այսինքն՝ այս նախազգուշացումը կամ դիտողությունը, ինչպես կուզեք՝ կարող ենք անվանել, վերաբերում է հենց դրան, որ չպետք է ժողովրդավար ձևանալ կամ ժողովրդավարություն խաղալ, եթե դաշնակիցդ Վլադիմիր Պուտինն է, դու էլ պետք է «պատասխանատու ղեկավար» լինես և յուրաքանչյուր քաղաքացու ի վիճակի լինես հսկել Հայաստանում, ինչը և իրականում կա Հայաստանում:

Պաշտոնական Երևանի պատասխանը, ըստ ձեզ, հրապարակայի՞ն կլինի, թե՞ դիվանագիտական խողովակներով ու ի՞նչ բովանդակություն կունենա:

– Ի՞նչ պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է: Իմ կարծիքով՝ պատասխանելու որևէ բան չկա այստեղ, Նիկոլ Փաշինյանը չի կարող պատասխանել Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, ու այստեղ խոսքի ազատություն կա, որովհետև դա իսկապես կնշանակի հեգնանք Ռուսաստանի նկատմամբ, ինչը Փաշինյանն անձամբ իրեն թույլ տալ չի կարող, իսկ ցանկացած այլ պատասխան էական նշանակություն չունի: Ընդհանրապես այդ միջադեպը դիվանագիտական ոլորտում իրականում շատ լուրջ բան չէ: Իրերի վիճակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ Մոսկվայի կարգադրությունները պետք է կատարի:

Այսինքն՝ որ հակառուսական տրամադրություններ չլինե՞ն Հայաստանում:

– Որ չլինեն հակառուսական տրամադրություններ, և ձևավորվեն հակադարձ տրամադրություններ ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ: Որպես դաշնակից պետություն Հայաստանը պետք է հակադրվի Արևմուտքին ու Ռուսաստանի հետ միասին քարոզչություն տանի, որ «Արևմուտքը նախաձեռնել է այս պատերազմն Ուկրաինայում և ապօրինի գործողություններ է անում Ռուսաստանի օրինական շահերի դեմ»:

Պարո՛ն Ղուկասյան, արդարացվա՞ծ եք համարում կոնկրետ «Սուրմալուի» պայթյունի դեպքով Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները և դո՞ւք էլ եք բացառում ահաբեկչության վարկածը, ինչպես երեկ արեց գործադիրի ղեկավարը:

 – Ես կարծում եմ, որ հրդեհի փաստը չի կարող բացառել ահաբեկչությունը, որովհետև ինքնին ահաբեկչությունը քրեական օրենքի իմաստով ոչ միայն պայթյուն իրականացնելն է, այլ նաև՝ հրկիզում: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հրկիզումը բացառում է ահաբեկչությունը, ինչը հակասում է գործող Քրեական օրենսգրքի նորմին, այդ դեպքում թող ՔՊ-ն հանդես գա նոր նախաձեռնությամբ, որ այդ հոդվածից հանեն «հրկիզումը» ու թողնեն միայն «պայթեցումը»՝ որպես հանցավոր արարք, որը որակվում է ահաբեկչություն:

Փաշինյանի այդ հայտարարությունն անլուրջ է, իսկապես իրադրությունը շատ լուրջ է Հայաստանի համար, իմ համոզմամբ՝ Ռուսաստանի հետախուզական միջոցները բավարար չեն, որպեսզի Հայաստանում կանխեն ահաբեկչական գործողությունները, իսկ Հայաստանի ԱԱԾ-ի կարողությունները սահմանափակ են, և Հայաստանը պաշտպանված չէ նման ոտնձգություններից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am