Պատգամավորը պատգամավորին հայվան է անվանել. Բախշյանի մոտ ԱԺ-ն այսօր ոհմակի տպավորություն է թողել

Պատգամավորը պատգամավորին հայվան է անվանել. Բախշյանի մոտ ԱԺ-ն այսօր ոհմակի տպավորություն է թողել
Պատգամավորը պատգամավորին հայվան է անվանել. Բախշյանի մոտ ԱԺ-ն այսօր ոհմակի տպավորություն է թողել
Հեղինակ MediaLab

Այսօր խորհրդարանում տեղի ունեցած աղմկոտ միջադեպը Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի մոտ տպավորություն է ստեղծել, թե գործ ունենք ոհմակի հետ:
«Երբ դա տեղի էր ունենում, այդ պահին ես ոհմակի տպավորություն ստացա, որը հարձակվել էր «Ժառանգության» վրա»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում վարկային փոխառության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ-ի դահլիճում բացարձակ ժխոր էր տիրում, իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին էլ աղմուկն այնքան մեծ է եղել, որ վերջինս ստիպված է եղել մի պահ ընդհատել ելույթը:

Մարտիրոսյանի ելույթի ժամանակ «Շմայս» մականունով հայտնի պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»:

Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարել է, թե «հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում»: Լեզվակռվից հետո Արմեն Մարտիրոսյանը հեռացել է ամբիոնից, իսկ Առաքել Մովսիսյանը` դահլիճից:

Նշենք, որ նույն ձեւ աղմուկով պատգամավորները փորձել են խանգարել նաեւ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Անահիտ Բախշյանի ելույթը, ով իր խոսքում նշել է, թե ավելի շատ պատգամավորներ են գրանցվել, քան այդ պահին կային դահլիճում:

«Մեդիալաբի» հետ զրույցում գնահատելով կատարվածը` Անահիտ Բախշյանը նշեց, թե «որեւէ կրթված մարդ, որպեսզի գնահատի այդ միջադեպը, պիտի օգտագործի հետեւյալ բառերը. «մեր պառլամենտը, ցավոք սրտի, կիրթ մարդկանց պառլամենտ չէ»:

«Մարդիկ, ովքեր պատգամավորի տիտղոս են կրում, ունեն պատգամավորի այդ մանդատը, թուղթը, իրենք չգիտեն, չեն հասկանում ուր են եկել, ինչ պետք է անեն: Իրենց պահվածքը բան էր ասում` շուտ արեք, գնանք: Ասես ինչ-որ մեկին լավություն են անում, որ եկել են, որ ինչ-որ մեկն է ստիպել իրենց, ասես` իրենց պարտականությունից դուրս բան են անում: Հատկապես ՀՀԿ-ականներն էին այդպիսի ցուցադրական ընդզվում ցուցաբերում, առաջին հերթին մեր պատգամավորների հանդեպ, որովհետեւ մենք յուրաքանչյուր նախագծի հետ կապված ստիպում ենք, որ մի անգամ եւս կարդան, ուսումնասիրեն, լսեն. վերջապես բաներ կան, որոնց իրենք տեղյակ չեն եւ չեն էլ ուզում իմանալ»,- մշեց Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանը նաեւ հիշեցրեց, որ նույն Առաքել Մովսիսյանը պատգամավոր է ընտրվել Արմավիրից, եւ որ վերջինիս ընտրատարածքում գյուղացիները հազարավոր խնդիր են բարձրացնում ոռոգման ջրի հետ կապված, որոնց մեծ մասը ինքն է ուսումնասիրում, հետքերով գանցել է, խոսել բնակչության հետ, հետաքրքրվել, այդ ժամանակ, երբ այսօր` ինքը Առաքել Մովսիսյանը այդ խնդրի հետ կապված ելույթների ժամանակ «անշնհորք աղմուկ է բարձրացնում, թե «շուտ արեք-գնանք»:

Անահիտ Բախշյանը նաեւ հավելեց, թե այս միջադեպը առաջին հերթին պետք է անհնագստացնի Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, ովքեր պետք է ասեն վերջիններիս, թե «դուք` ձեր տգետ հալով հեղինակազրկում եք մեր պետականությունը»:

Իշխանությունները դեռեւս չեն արձագանքել միջադեպին:

Տեսանյութ http://www.youtube.com/watch?v=bUhB9mAvjn4&feature=player_embedded

Քրիստինե Խանումյան

© Medialab.am