ՀԱՊԿ-ում Հայաստանը կկարողանա իր շահերն իրացնել այնքանով, որքանով դրանք կհամատեղվեն ռուսական շահերի հետ. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Հայաստանը մեկ տարով ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը: Ի՞նչ կտա սա Հայաստանին, ու ի՞նչ սպասենք:

– Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը, անկախ ղեկավարող երկրից, մնում է Ռուսաստանի շահերով ղեկավարվող կառույց, և Հայաստանը կկարողանա իր շահերն իրացնել այնքանով, որքանով դրանք կհամատեղվեն ռուսական շահերի հետ:

Մեկ առավելություն կարող ենք ունենալ՝ դիրքերի բարելավում այդ կառույցում: Հայտնի է, որ ՀԱՊԿ անդամ առանձին երկրներ շատ ջերմ հարաբերություններ ունեն մեր թշնամիների հետ, ու չպետք է թույլ տալ, որ այդ հարաբերություններն ազդեցություն ունենան ՀԱՊԿ-ի աշխատանքների, որոշումների վրա ու, այդ ամենով հանդերձ, շարունակել աշխատել Ռուսաստանի հետ:

– Իսկ Հայաստանի շահերն այսօր որքանո՞վ են համատեղվում Ռուսաստանի շահերի հետ կամ ընդհանրապես համատեղվո՞ւմ են:

– Մեր տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր շահը եվրասիական նախագծերի առաջխաղացումն է հնարավորինի սահմաններում, և Ռուսաստանի նախագահի խոսքում էլ տեսանք, որ կոչ էր անում համախմբվել ու ավելի սերտորեն համագործակցել միմյանց հետ:

Այսինքն՝ այդ եվրասիական տանիքի ներքո Ռուսաստանը փորձ է անում համախմբել հնարավորինս շատ երկրների ու այդ միջոցով այլընտրանք դառնալ քաղաքակրթական այլ բևեռների: Խոսքն Արևմուտքի ու Չինաստանի մասին է, որովհետև ակնհայտ է, որ հիմա Ռուսաստանը հետ է ընկել այս երկուսից, ու այս գործընթացը Ռուսաստանի ղեկավարության գլխավոր շահն է: 

Հայաստանի խնդիրն է տեսնել, թե այս գործընթացում որտե՛ղ կարելի է տեղավորել Հայաստանի շահն ու իրացնել: Պարտադիր չէ, որ Հայսստանն իր շահերն իրացնելու ընթացքում Ռուսաստանի այս գլխավոր շահին համադրվի, հակադրվի, մրցակցի կամ փորձի այդ շահով գործել: Շատ ավելի կարևոր է առանձին գործողություններում, առանձին հատվածներում տեսնել՝ որտե՛ղ կարելի է մեր շահը մտցնել և փորձել այդ միջոցով ընդհանուր գործընթացների տարբեր բաղադրիչներում Հայաստանի շահերն առաջ մղել:

Թե որքանով կստացվի՝ կախված է Հայաստանի աշխատանքից ու համաշխարհային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող ողջ գործընթացից: Պետք է նկատի ունենալ նաև, որ նման գործընթացներում փորձում են տեղավորվել նաև այլ դերակատարներ՝ թե՛ ՀԱՊԿ անդամ, թե՛ ոչ անդամ երկրներ, որոնցից է Ադրբեջանը: 

– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ Հայաստանը կկարողանա ձեր նշած քայլերով առաջ շարժվել:

– Կան բազմաթիվ ու տարբեր ուղղվածություն ունեցող առանձին գործընթացներ, որոնք բոլորը տեղավորվում են իմ նշած Ռուսաստանի գլխավոր շահի տրամաբանության մեջ, բայց, այնուամենայնիվ, հարաբերականորեն անկախ են, ու Հայաստանը տարբեր դեպքերում տարբեր հնարավորություններ ունի ազդեցություն գործելու:

Իհարկե կան նաև այնպիսի բաղադրիչներ, որտեղ մեր հնարավորությունները, մեղմ ասած, թույլ են, բայց շատ այլ գործընթացներում մենք կարող ենք մասնակցություն ունենալ ու մեր շահերն առաջ տանել՝ ամբողջովին չհամաձայնելով ընդհանուր գործընթացի տրամաբանությանը և կուլ չգնալ որևէ քաղաքակրթական կենտրոնի:

– Այսպիսով՝ մեծ ակնկալիքներ ունենա՞նք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից, թե՞ ոչ:

– Բավական համեստ պետք է լինեն ակնկալիքները: Պետք է հաշվի առնենք, որ դա վճռական որևէ փոփոխություն չի մտցնելու ո՛չ ՀԱՊԿ-ի գործառույթներում, ո՛չ նրա անդամ երկրների գործողություններում ու գործառույթներում, ընդամենը Հայաստանը հնարավորություն է ունենալու մի փոքր ավելի մեծ ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ի կողմից կայացվող որոշումների վրա, որոնք անմիջականորեն առնչվում են մեր շահերին, բայց դա ևս չի նշանակում, որ եթե այդտեղ կլինի Ռուսաստանի գերակա շահը, Հայաստանը կկարողանա դրա դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել հենց ՀԱՊԿ-ում նախագահելու շնորհիվ:

Գուցե այլ հարթություններում հնարավոր լինի, բայց ՀԱՊԿ-ում նախագահությունը, այս առումով, որևէ լուրջ բան չի տալու Հայաստանին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am