«Ալիևի ագրեսիվությանը պասիվությամբ պատասխանելը հակառակորդի ագրեսիվության տոնայնությունը չի փոխելու»․ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարոն Օրդուխանյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը: Արդյոք այն հակակշռեց կամ հավասարակշռե՞ց Ալիևի ելույթին, թե՞ շատ ավելի զուսպ էր:

– Նախ նշեմ, որ սովորաբար Ադրբեջանի և Հայաստանի խոսույթները միշտ էլ իրարից տարբերվել են: Ադրբեջանականը եղել է միշտ շատ ագրեսիվ, հարձակողական և սպառնալիքների լեզվով, մեզ մոտ հակառակը՝ մեղմ, պասիվ, խաղաղասիրական, բայց երկու դեպքում էլ արդյունավետ չի եղել:

Նկատի ունեմ, որ տասնամյակներ շարունակ խաղաղասիրության հիմքերից խոսելը վերջին հաշվով հանգեցրեց պատերազմի: Բայց վարչապետը ՄԱԿ-ում հստակ նշեց նաև այն խնդիրների մասին, որոնք Ադրբեջանի գործողությունների հետևանքով առաջացել են Արցախում: Մյուս պարագայում հավասարակշռման կամ հակակշռման տեսանկյունից թեև դրանք Արցախի մասին էին, բայց շատ տարբեր էին և բալանսավորելու տեսանկյունից՝ ոչ այնքան հիմնավոր:

– Այսինքն՝ վարչապետը կարող էր շա՞տ ավելի հիմնավոր ելույթ ունենալ:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքը նաև Հայաստանի տարածք է ներխուժել և մայիսից մինչև հիմա չի դուրս եկել, ՄԱԿ-ի ամբիոնում, որին կարող էինք ժամանակին դիմել և այսօր էլ ուշ չէ դիմելու համար, իմ կարծիքով, շեշտադրումները շատ ավելի այդ փաստի վրա պետք է լինեին: Այդ ագրեսիվությանը պասիվությամբ պատասխանելը հակառակորդի ագրեսիվության տոնայնությունը չի փոխելու: Խոսքի մակարդակում կարող է ինչ-որ բան մեզ դուր գալ, ինչ-որ բան դուր չգալ, բայց կարևորը գործողություններն են:

– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում այս ելույթները, նաև Հայաստանի ԱԳ նախարարի տարբեր հանդիպումները ինչ-որ բան փոխո՞ւմ են այս ընդհանուր պատկերում, որն ունենք այսօր:

– Կարող են ինչ-որ բան փոխել, որովհետև այդ իմաստով մենք որոշակի աշխատանք տեսնում ենք դիվանագիտական դաշտում, և, զուգահեռաբար, Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքները նույն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից հստակ ընդգծեցին այն մարտահրավերները, որոնք ծառացած են այսօր Հայաստանի առջև:

Նաև տեսանք Էրդողանի վատ ընդունելությունը ԱՄՆ-ում, որից ինքը դժգոհ էր: Այս ամենը ցույց է տալիս, որ հայանպաստ որոշակի վիճակ է ձևավորվել, իսկ ցանկացած տիպի հանդիպում ԱԳ նախարարի մակարդակով, իհարկե, շատ կարևոր է:

– Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորման կարևորության մասին: Այդպիսի ազդակներ վերջին շրջանում շարունակ լսում ենք նաև ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից: Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծված է, և որևէ միջնորդության կարիք չկա, նաև տեսնում ենք Ռուսաստանի ինչ-որ առումով թաքնված տեսակետը այս հարցում: Այս համապատկերում որքանո՞վ է հնարավոր լինելու ճեղքել այս իրավիճակը և վերականգնել Մինսկի խմբի ձևաչափը:

– Եթե Մինսկի խմբի ձևաչափը չի վերականգնվելու, այդ հակամարտությունը երբեք չի լուծվելու: Հիմա, Ադրբեջանի պատկերացմամբ, հարցը լուծվել է, բայց աշխարհը չի ընդունում, որ այդ հակամարտությունը լուծված է: Հետևաբար, միջազգային հարաբերությունների տիրույթում այդ կոնֆլիկտը լուծված չէ: Ալիևը նաև ասում է՝ չկա Լեռնային Ղարաբաղ, այդ արտահայտությունը մի՛ ասեք, բայց աշխարհը չի ընդունում այդ մոտեցումը:

Հակառակը, աշխարհն ասում է, որ անպայման պետք է լինի կարգավիճակի հարց, հետևաբար, դա նշանակում է, որ մենք աշխատելու շատ տեղ ունենք, անպայման այդ ազդակներին պետք է արձագանքենք: Այս պարագայում Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը բխում է Հայաստանի շահերից: Ռուսաստանին դա այդքան էլ հետաքրքիր չէ, քանի որ Թուրքիայի առաջարկած հինգի կամ վեցի հարթակում ինքն ամեն դեպքում կա:

– Ռուսաստանը որքանո՞վ է միջանցքի, նաև սահմանազատման և սահմանագծման հարցում հասնելու հաջողության, թե՞ ամեն դեպքում սա մի գործընթաց է, որտեղ Ռուսաստանի հաջողելու շանսերը մեծ չեն:

– Ռուսաստանի համար, կլինի ցանկացած ապաշրջափակում թե սահմանազատում ու սահմանագծում, մի պարագայում է ձեռնտու, եթե իր վերահսկողության լծակները դրանով ավելանալու են, այսինքն՝ եթե կոմունիկացիաներ՝ ապա իր վերահսկողության տակ, եթե սահմանազատում և սահմանագծում՝ ապա իր տրամադրած քարտեզներով: Դա նշանակում է, որ ինքն իր շահերն է իրացնում և իր շահերի տեսանկյունից է նայում թե՛ ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանն ու սահմանագծմանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am