«Վրաստանը չի խոսում կարմիր գծերի մասին, ինչպես Իրանը, բայց իրենց համար ևս անընդունելի են սահմանային փոփոխությունները»․ Ջոնի Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ու Հայաստանի վարչապետների հանդիպումը, որքանո՞վ էր կարևոր Ղարիբաշվիլիի այցը Հայաստան այս փուլում։

– Կարևոր այց էր, քանի որ Ղարիբաշվիլին, երբ ժամանակին առաջարկեց տարածաշրջանի խաղաղության համար իր պլատֆորմը, արդեն հասցրել էր այցելել Բաքու և ներկայացնել Ալիևին իր առաջարկը։ Ու թեև բարդ շրջան է Վրաստանում, այնուամենայնիվ, Երևան նախատեսված այցն էլ ի վերջո տեղի ունեցավ, ինչն ավելի է կարևորում այս այցն ու ցույց տալիս, որ կան կարևոր ու հստակ հարցեր, որոնք պետք է քննարկվեին:

Այս համատեքստում հստակ է դառնում այն, որ Հայաստանի լրատվական դաշտում սխալ է մեկնաբանվել Վրաստանի արտգործնախարարի մեսիջը, որ եթե Վրաստանը միակ երկիրը լինի, որը դեմ է Թուրքիայի առաջարկած 3+3 ձևաչափին, չեն խոչընդոտի դրա աշխատանքները, քանի որ չեն ցանկանում գործընթացներից դուրս մնալ։ Իսկ այսօր հստակ է, որ Վրաստանը իր գաղափարին՝ որպես շարունակություն տանելու է աշխատանքներ ու իր գաղափարը առաջ է մղելու։

– Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանի առաջարկած տարածաշրջանային խաղաղության տեսլականը։

– Այն ներկա բանակցային որևէ գործընթացին դեմ չհանդիսացող, ընդհակառակը՝ լրացնող առաջարկ է։ Վրացական կողմն ասել է, որ եթե Երևանն ու Բաքուն համարեն, որ որոշ հարցերում Վրաստանը կարող է օգտակար լինել, իրենք պատրաստ են ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս փուլում արդեն կարևոր են այն հարցերը, որոնք ընդունելի կլինեն Բաքվի ու Երևանի համար։

Պետք է ֆիքսենք, որ Թուրքիան փորձ է անում տարածաշրջանը կտրել Արևմուտքից, քանի որ 3+3-ը, ի վերջո, սահմանափակ ձևաչափ է, որի մեջ տեղավորվում էին մեր տարածաշրջանի երկրներն ու գործոն հանդիսացող հարևան երկրները, դրա համար էլ Վրաստանի համար այդ ձևաչափն ի սկզբանե ընդունելի չէր ու այսօր էլ ընդունելի չէ, քանի որ Արևմուտքը չկա, չնայած պաշտոնական տեղեկություններում կտեսնենք, որ վրացական կողմը նշում է, թե Ռուսաստանի հետ խնդիր ունենալով՝ իրենց այս ձևաչափում չեն տեսնում, բայց հիմնական պատճառը Արևմուտքի չլինելն է։

Դրա համար էլ, երբ արվեց վրացական պլատֆորմի առաջարկը, հստակ նշված էր, որ պլատֆորմը բաց է բոլորի համար, և բոլոր ցանկացողները, որոնք ուզում են իրենց ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ու խաղաղության մեջ, կարող են մասնակցել ու աջակցել Վրաստանին։

Վրաստանի այդ պլատֆորմում որևէ գաղտնի օրակարգ չկա, այն չի փոխարինում որևէ գործող ֆորմատի ու միտված չէ որևէ մեկի դեմ, ինչը շատ կարևոր է նաև Հայաստանի շահերի համար, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ամեն գնով խափանել Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքները։

Վրաստանը Մինսկի խումբը ճանաչում է որպես հիմնական ձևաչափ, որը կլուծի կոնֆլիկտը, չեն հավակնում այդ խումբը փոխել, ինչը շատ կարևոր է մեզ համար։

– Պարո՛ն Մելիքյան, տարածաշրջանում խաղաղության հաստատումը վրացական կողմն ինչպե՞ս է պատկերացնում, օրինակ՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխության, Վրաստանը և՞ս այս տեսակետին է։

– Սկսենք նրանից, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն դիվանագիտական հարաբերություններ և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, նույնն էլ ունենք Իրանի պարագայում։ Այո՛, չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ու այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ։

Կա Վրաստանի զուգահեռ մոտեցումը նաև Ադրբեջանի նկատմամբ, բայց իրենք կոնկրետ Արցախի հարցի խաղաղ կարգավորմանն են կողմ եղել։ Այդ իսկ պատճառով էլ նրանց համար սկզբունքային է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, հարցերը բանակցություններով լուծվեն։ Եվ չեմ կարծում, թե Վրաստանը շահագրգռված լինի, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն լինի։

Կոնկրետ Հայաստանի մասով, այո՛, նրանք չեն խոսում կարմիր գծերի մասին, ինչպես Իրանը, բայց նրանց համար ևս անընդունելի են սահմանային փոփոխությունները, ի վերջո, իրենք Ադրբեջանի հետ ունեն դեռևս չսահմանազատված սահման, դրա համար էլ իրենց համար ևս կարևոր է այս գործընթացներին հետևելը։

– Կարո՞ղ ենք փաստել, որ Վրաստանի ակտիվությունը տարածաշրջանային իրադարձություններին ավելի շատ օգտակար կլինի Հայաստանի, քան Ադրբեջանի համար։

– Այդ ամենն ի նպաստ Վրաստանի ազգային ու պետական շահերի է, ինչն այս պարագայում համընկնում է նաև Հայաստանի շահերի հետ։ Վրաստանը մանավանդ վերջին տարիներին աշխատել է հանդես գալ չեզոք դիրքերից, ու պատերազմի ժամանակ դա ևս դրսևորվեց, ինչը դարձյալ Հայաստանում սխալ մեկնաբանվեց, փոխանակ ճիշտ տեսանկյունից գնահատվեր։

Իսկ կոնկրետ այս պարագայում հստակ է, որ Վրաստանի ազգային շահերը թե՛ 3+3-ի պարագայում, թե՛ տարածաշրջանում խաղաղության ու ժողովրդավարության զարգացման, համընկնում են մեր շահերի հետ, ինչն ավելի է մոտեցնում այս երկու պետությանը։

– Պարո՛ն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Վրաստանի ակտիվությունն այս գործընթացներում կարող է ինչ-որ չափով զսպող դեր ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ տարածաշրջանում զավթողական նկրտումների համար։

– Դե, Թուրքիան գնաց այն քայլին, որ փորձեց Արևմուտքին դուրս հանել տարածաշրջանից կամ այդ գործընթացներից, բայց դա իրենց դեմ է աշխատելու, քանի որ Վրաստանն իր անվտանգությունը կապում է Արևմուտքի հետ, ու վերջիններիս աջակցության բացակայության պարագայում բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու Վրաստանի համար:

Սա էլ բերեց Վրաստանի կողմից առաջարկվող այդ պլատֆորմին, ինչը, կարծում եմ, տեղի է ունեցել նաև Արևմուտքի աջակցությամբ։ Այսօր Հայաստանն ունի ընտրության հնարավորություն․ Վրաստանի հետ միասին կարող է ցույց տալ, որ 3+3-ը ընդունելի չէ իրենց համար ու ձախողել Էրդողանի հերթական առաջարկը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am