Գևորգ Կոստանյան. «Շանթ Հարությունյանն իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվում»

Գևորգ Կոստանյան. «Շանթ Հարությունյանն իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվում»
Գևորգ Կոստանյան. «Շանթ Հարությունյանն իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվում»

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում իրավապաշտպանների այն պնդումները, որ կալանքի տակ գտնվող ու ներկայումս հացադուլ հայտարարած Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այսօր կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյո՞ք գլխավոր դատախազը հերքում է, որ Շանթ Հարությունյանը քաղաքական հետապնդման է ենթրակվում, նա հայտարարեց. 

«Ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվում, եթե համապատասխանաբար դատարանը ճանաչեց նրան մեղավոր այդ արարքի համար»:

Գևորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցին պատասխանեց, որ եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել:

Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին տեսակցություններն արգելելու վերաբերյալ հարցին Գևորգ Կոստանյանը հստակ չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը, ով նախորդ տարվա աշնանը «Ես սկսում եմ հեղափոխություն» բավանդակությամբ պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, ձերբակալվեց նոյեմբերի 5-ին, երբ դեպի նախագահական նստավար երթի ժամանակ ոստիկանների և Շանթի կողմնակիցների միջև բախումներ եղան, բենզինով լի շշեր պայթեցվեցին:

Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նա հացադուլ է սկսել նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն օրերս այցելել էր Շանթ Հարությունյանին: Ըստ իրավապաշտպանի, նրա վիճակը ծանր է:

«Թույլ էր, արյան ճնշումը՝ ցածր»,-նշել է Արթուր Սաքունցը:

Շանթ Հարությունյանին չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ: Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում է որակում:

«Դա իրավական բեսպրեդել է, քաղաքական հետապնդման տրամաբանության շրջանակներում է տեղավորվում միայն: Որևէ իրավական հիմնավորում, սկսած քրեական գործի հարուցումից մինչև հիմա, չկա: Քրեական գործի հարուցման փաստն ինքնին հակաիրավական է, կալանքը որպես խափանման միջոց կիրառելն է հակաիրավական, տեսակցությունների և հեռախոսազանգերի իրավունքի սահմանափակումն է հակաիրավական»,- Lragir.am-ին ասել էր Արթուր Սաքունցը:

Նշենք, որ վաղը` հունվարի 10-ին,   ժամը 13:00-ին, ՀՀ քաղաքացիներն ու իրավապաշտպաններն ի պաշտապանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների  Ազատության հրապարակից նախատեսում են երթ անցկացնել:

Մարի Ներսեսյան

© Medialab.am