«Երբ շատ ես Ազգային հերոսի կոչում տալիս, այն արժեզրկվում է». Մհեր Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, այսօր Արցախի նախագահը 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհել է «Արցախի հերոս» կոչում։ «Արցախի հերոս» կոչումը ժամանակին շնորհվել է Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին, Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս), Շահեն Մեղրյանին։ Բնավ չթերագնահատելով երիտասարդների հերոսությունը եւ անձնազոհությունը, արդյոք այստեղ խնդիր տեսնու՞մ եք։ Վերջին տարիներին կոչումներ մի տեսակ շատ են շնորհվում։

– Այստեղ միանշանակ խնդիր կա: Դա վաղուցվա խնդիր է, երբ կոչումները, մեդալները արժեզրկվում են: Ինչպես դրամը ինֆլյացիայի է ենթարկվում, այդպես էլ կոչումները: Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակում «Երկաթյա խաչ» այնքան էին բաժանել, որ այլևս հետաքրքիր չէր: 

Ինձ թվում է, որ այդ կոչումներով, ըստ երևույթին, փորձում են իրենց աջակիցների շերտ ստեղծել, բայց մեր ժողովուրդը խելացի է, ինքն իր գնահատականը տալիս է մարդկանց: 

Օրինակ՝ Կոմանդոսը հետմահու միայն Ազգային հերոսի կոչում ստացավ, բայց ժողովուրդն նրան սիրում էր, հարգում, ընկալում էր որպես ազգային հերոսի, իսկ շատ-շատերը հերոսի կոչում են ստացել, բայց այդպիսին չեն ընկալվում: 

Ընդհանրապես, այդ կոչումների ու մեդալների շնորհումները շատ կարճաժամկետ էֆեկտ ունեն: Ընդ որում, ինչքան ինտենսիվ ես օգտագործում այդ ինստիտուտը, այնքան ավելի արագ է արժեզրկվում: 

Տեսեք՝ մինչև վերջին 5 տարին ՀՀ Ազգային հերոսները շատ քիչ էին, հետո ավելացան մարդիկ, որոնք գործարար էին: Շատերը նման դեպքում ասում էին՝ նա ի՞նչ Ազգային հերոս: 

Ազգային հերոսի նկարի առջևով անցնելիս զինվորականը պետք է պատիվ տա, հիմա պատկերացրեք՝ ինչ-որ մի միջազգային գործարարի նկարի առջևից մեր զինվորականները պետք է պատիվ տան: Նրանք չեն հասկանալու, թե ինչու են պատիվ տալիս: 

Իսկ պատերազմից հետո ընդհանրապես շատ արժեզրկվեց Ազգային հերոսի կոչումը: Սա շատ ցավալի երևույթ է: Պատերազմից հետո մեր շատ սոցիալական, հասարակական, հոգեբանական ինստիտուտներ արժեզրկվեցին: Օրինակ՝ բանակի նկատմամբ վստահությունը կորսվեց: Քանի որ Արցախի տարածքը փոքր է, այնտեղ հերոսի կոչումն ավելի արագ արժեզրկվեց: Սա ցավալի, բայց օրինաչափ պրոցես է: 

– 2020-ի դրությամբ Արցախի հերոսի կոչման է արժանացել է 38 մարդ: Սա նման կոչման համար մե՞ծ թիվ է, թե՞ ոչ:

– Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետև վստահ եմ, որ ինչ էլ լինի, այդ մարդիկ կռվել են վերջին պատերազմում, և ես չեմ ուզում կոնկրետացնել: Ընդհանրապես, Ազգային հերոսի կոչումը պետք է քիչ մարդու տալ, երբ այն շատանում է, դադարում է ցանկալի լինելուց: 

Այսինքն՝ մի վիճակ, երբ մարդը կձգտի սխրագործություններ անել՝ որի համար որպես մրցանակ ունենալով այդ հերոսի կոչումը: Երբ դու շատ ես տալիս այդ կոչումը կամ ոչ բացառիկ առիթներով ես տալիս, այն դադարում է հետաքրքիր լինելուց, և դու ստիպված մի ուրիշ բան ես հորինում: Օրինակ՝ երբ ունես 1000 դրամ, հետո դրամն արժեզրկվում է, ստիպված 10 հազարանոց ես տպում, հետո դա էլ է արժեզրկվում, 100 հազարանոց ես տպում: 

Հիմա, քանի որ Ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչումն արժեզրկվում է, իսկ պետությունը միշտ էլ կարիք ունի բացառիկ բաներ անող մարդկանց ինչ-որ բացառիկ բան տալ, ինչ-որ մի այլ բան է հորինելու, ասենք՝ «Փառքի ասպետ», և այդպես շարունակվում է: 

Շատ մարդիկ մեծ երեխաներ են, այդ կոչումը շատ մարդկանց փառասիրությունն է շոյում, շատ մարդիկ չեն հասկանում: Բացի այդ, իմ պատկերացմամբ՝ Ազգային հերոսի կոչում պետք է տալ բացառապես ռազմական ակնառու գործողությունների համար: 

Ասենք՝ արվեստի, մշակույթի, սոցիալական, բժշկության և այլ ոլորտների մասնագետներին Ազգային հերոսի կոչում տալը ճիշտ չէ: Մեր դեպքում ամեն ինչ արժեզրկվում է, սա էլ արժեզրկվեց: 

– Կոնկրետ հստակ չափորոշիչներ չպե՞տք է լինեն:

– Ինչքան էլ ուզենաս, չես կարող չափորոշիչ ունենալ, որովհետև հնարավոր չէ օրենսդրական նորմերով կարգավորել կյանքի բոլոր իրավիճակները: Ընդհանրապես, պաշտոնապես նման չափորոշիչներ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր համար որոշում է: 

Օրինակ՝ Ստալինը Հայրենական պատերազմում որոշել էր, որ, ասենք՝ ռազմական օդաչուները ինքնաթիռից ավելի եթե խփել են, կարելի է հերոսի կոչում տալ, կամ 30 ինքնաթիռ խփեց՝ կրկնակի հերոսի կոչում: 

Նույնիսկ ԽՍՀՄ-ում հերոսի կոչումն արժեզրկվեց, և մտածեցին նոր կոչում՝ կրկնակի հերոս, իսկ Ժուկովն էլ եռակի հերոս է: Խորհրդային տարիներին կային նաև Աշխատանքի հերոսներ: Սա մտածված քաղաքականություն է, որը պետք է վարել, որպեսզի այդ կոչումներով, մեդալներով մոտիվացնել ինչ-որ բան անելու: Իսկ մեզ մոտ նաև մոտիկներին պարգևատրելու է վերածվում:

Մանե Հարությունյան

MediaLab.am